«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով
Տնտեսություն
01.10.2026 | 14:19
Ռենիում, ինդիում, տելուր, սելեն, լիթիում, գալիում․ քիմիական այս տարրերի անունները շատերին գուցե ոչինչ չասեն, բայց ժամանակակից տեխնոլոգիաներն առանց դրանց պարզապես գոյություն չէին ունենա։
Հազվագյուտ այս մետաղներն ու հումքային նյութերն օգտագործվում են կիսահաղորդիչների, սմարթֆոնների, համակարգչային չիպերի, էլեկտրամեքենաների, արևային վահանակների, սենսորային էկրանների, ավիացիոն համաձուլվածքների և ռազմական տեխնոլոգիաների արտադրության մեջ։
Այս տարրերի նկատմամբ աշխարհում հետաքրքրությունն աճում է, իսկ դրանցից մի քանիսն արդեն անվանում են «21-րդ դարի նավթ»։
Իսկ ի՞նչ ունենք մենք։ Factor.am-ն ուսումնասիրել է՝ ինչ հազվագյուտ մետաղներ և հանքանյութեր են հայտնաբերվել Հայաստանում, ինչ է արվում դրանք կորզելու ու վերամշակելու համար, և արդյոք պետությունը վերահսկում է այս գործընթացը։
ԱՄՆ–Հայաստան համագործակցություն՝ հազվագյուտ հանածոների ոլորտում
2026-ի մայիսի 26-ին Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր։
Հուշագիրը ստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կարճատև այցի ընթացքում՝ հենց «Զվարթնոց» օդանավակայանում։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն մի քանի ուղղություններով՝ հանքային ռեսուրսների հետախուզում և քարտեզագրում, արդյունահանում ու վերամշակում, ներդրումների խթանում և միջազգային մատակարարման շղթաներին Հայաստանի ինտեգրում։
Այսինքն՝ խոսքը միայն հանքավայրերից արդյունահանման մասին չէ։ Կողմերը նախատեսում են համագործակցել նաև այն հարցում, թե ինչպես բացահայտել առկա ռեսուրսները, զարգացնել դրանց վերամշակումը և դրանք ներառել միջազգային շղթաներում։
Սակայն հենց այստեղ առաջանում է հիմնական հարցը՝ իսկ այս տարրերի հետ կապված ի՞նչ ռեսուրսներ ունի Հայաստանը։
Ի՞նչ ունենք՝ ինքներս էլ դեռ ամբողջությամբ չգիտենք
Հայաստանում հազվագյուտ հանածոների զգալի մասը հանդիպում է ոչ առանձին հանքավայրերի տեսքով։ Դրանք հաճախ հիմնական՝ պղնձի, մոլիբդենի, ոսկու, ոսկի-բազմամետաղային և այլ հանքանյութերի ուղեկից բաղադրիչներն են։
3 տարի առաջ ընդունված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ հազվագյուտ մետաղների մասին հիշատակվում է միայն 1 անգամ՝ նշելով, թե հաշվառված հանքավայրերի հանքաքարերում, բացի հիմնական մետաղներից առկա են նաև ուղեկցող հազվագյուտ և ցրված տարրեր` ռենիում, սելեն, տելուր, կադմիում, ինդիում, գալիում, թալիում, բիսմութ և այլն:

Factor.am-ը փորձել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պարզել՝ ներկայում Հայաստանում հազվագյուտ հանածոների ի՞նչ պաշարներ են հաշվառված, ՀՀ-ում իրականացվո՞ւմ է այդ մետաղների կորզում, վերջին 5 տարիներին Հայաստանից ի՞նչ ծավալի հանքաքար կամ խտանյութ է արտահանվել, որի մեջ եղել են հազվագյուտ մետաղներ։ Բայց նախարարությունը հստակ տեղեկատվության չի տրամադրել։ Պետական կառույցի պատասխանում նշված է, որ ՀՀ-ում հազվագյուտ մետաղները հիմնականում հանդիպում և հաշվառվում են ոսկու, ոսկի-բազմամետաղային, պղնձի և պղինձ-մոլիբդենային հանքավայրերում՝ որպես ուղեկից բաղադրիչներ, և այդ մետաղների համար առանձին հանքավայրեր ու հաշվեկշռային պաշարներ ձևավորված չեն։ Միաժամանակ, ՏԿԵՆ-ից հայտնել են, որ հանքանյութի վերամշակման կամ արտահանման ծավալների տեղեկատվությունը հասանելի է ՀՀ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) էջում: Սակայն այդտեղ մեր որոնումներն արդյունք չտվեցին․ որևէ ընկերության արտադրած կամ արտահանած արտադրանքում, բացի հիմնական հանքանյութից (օրինակ՝ պղինձ, մոլիբդեն), այլ ռազմավարական նշանակության հանածոներ նշված չեն։
Մինչդեռ, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության Հանքային պաշարների տեղեկատվության ազգային կենտրոնի (National Minerals Information Center) զեկույցում Հայաստանում առկա հազվագյուտ մետաղների հստակ թվեր են նշված։ Կենտրոնի տվյալներով՝ Հայաստանի ռենիումի պաշարները գնահատվում են 95 հազար կգ, իսկ 2024-ին մեր երկիրն արտադրել է մոտ 230 կգ ռենիում և այդ ցուցանիշով աշխարհում 8-րդն է եղել։
Հայաստանում ռենիումը պղնձի արտադրության կողմնակի արտադրանք է, մասնավորապես՝ Ագարակի, Զանգեզուրի, Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատներում։ Նկատենք, որ Ագարակի ու Զանգեզուրի հանքավայրերի սեփականատերերը հիմնականում նույն անձինք են, և նրանք ՌԴ քաղաքացիներ են (ներկայում ընկերության 21.8750 %-ը պատկանում է ՀՀ կառավարությանը), իսկ Թեղուտի հանքը 2026-ի հուլիսին անցել է ամերիկյան «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությանը պատկանող «Կուպրար ՌԱ» ՓԲԸ-ին։
Շահումյանի ոսկու հանքավայրում, ըստ 2019-ի ՇՄԱԳ հաշվետվության, միանգամից մի քանի «տեխնոլոգիական» մետաղ կա՝ կադմիում, ինդիում, տելուր, սելեն, գալիում։
Գալիումի դեպքում կա նույնիսկ առանձին հանքավայրի գրանցում։ Հանրապետական երկրաբանական ֆոնդի բազայում Թեժ սարի ալյումինի հանքավայրը («Թեժագետի և Թաքառլուի» տեղամասեր) դասակարգված է որպես գալիումի հանքավայր/օբյեկտ։
Factor.am-ը փորձել է ԶՊՄԿ-ից պարզել՝ հանքանյութում հազվագյուտ մետաղների միջին պարունակությունն ինչքա՞ն է, դա ինչպե՞ս է ազդում գնի վրա, սակայն 1 ամիս անց ԶՊՄԿ-ից մեր հարցմանը չեն պատասխանել։
Ո՞վ է վերահսկում կորզումը
Հայաստանում ընդերքօգտագործման խախտումները 2025-ին ավելացել են՝ կազմելով 207 դեպք՝ 2024-ի 134-ի ու 2023-ի 175-ի համեմատ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2025-ին հայտնաբերել է ապօրինի արդյունահանման 32 դեպք, որից 30-ը ոչ մետաղական, իսկ 2-ը՝ մետաղական հանքավայրերում։
Արդյո՞ք պետությունը վերահսկում է, թե արդյունահանվող հանքաքարում առկա հազվագյուտ մետաղներն ինչ ծավալով են կորզվում, և դրանց որ մասն է մնում թափոններում կամ պոչանքներում։ Factor.am-ի այս հարցերը տեսչական մարմինն անպատասխան է թողել՝ նշելով, թե ստուգումների արդյունքները ներկայացված են կառույցի հաշվետվություններում։ Սակայն տեսչական մարմնի տարեկան հաշվետվություններում հազվագյուտ մետաղների մասին որևէ խոսք չկա։
Գիտությունը չի սպասում
Հայաստանում կրիտիկական միներալների վերաբերյալ գիտական ուսումնասիրություններ իրականացվել են խորհրդային տարիներին։ Տվյալները «թարմացնելու» նպատակով 2022 թվականից ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի թիմը ուսումնասիրություններ է սկսել։ Հնգամյա ծրագրից հետո նախատեսվում է Հայաստանում կրիտիկական միներալների արդյունահանման, մշակման ռազմավարություն մշակել։
Երկրաբանության ինստիտուտի օգտակար հանածոների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ նոր տեխնոլոգիաների զարգացումն է մեծացրել հազվագյուտ մետաղների նկատմամբ հետաքրքրությունը և միջազգային շուկայում գները սկսել են բարձրանալ:
«Ժամանակն է, որպեսզի վերանայենք մեր մոտեցումը, մեր վերաբերմունքը հազվագյուտ էլեմենտներին, հազվագյուտ հողերին։ Պետք է ռազմավարական նշանակություն ունեցող տարրերի ֆունդամենտալ ուսումնասիրություններ իրականացվեն։ Նավթի ու գազի դերակատարումը հետզհետե նվազում է, դրա փոխարեն ավելանում է պղնձի, հազվագյուտ էլեմենտների, հազվագյուտ հողերի նշանակությունը, առանց որոնց ժամանակակից տեխնոլոգիաներն ուղղակի գոյություն չունեն: Սա շանս է մեր երկրի համար»,- ասել է Հովհաննիսյանը։
Ստացվում է՝ մինչ երկրաբաններն ուսումնասիրում են Հայաստանի ընդերքը, աշխարհում հազվագյուտ հանքանյութերի նկատմամբ պահանջարկն աճում է, իսկ ԱՄՆ-ի հետ արդեն ստորագրվել է այս ոլորտում համագործակցության շրջանակային հուշագիր։
Հայաստանում, սակայն, դեռ ամբողջական պատասխան չկա 3 հիմնական հարցի՝ ի՞նչ ունենք, որքան ունենք և որքանն ենք այսօր կարողանում կորզել։ Այսինքն՝ խնդիրն այն է, թե որքանով ենք մենք ճանաչում մեր ռեսուրսը, վերահսկում դրա օգտագործումը և կարողանում հանքաքարի մեջ եղած արժեքը վերածել տնտեսական արդյունքի։
Գայանե Խաչատրյան

