ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.10.2026 | 13:58Օրեր առաջ ուժի մեջ է մտել Եվրոպական միության որոշումը՝ Հայաստանի նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս հայկական արտահանման գերակշիռ մասը Եվրամիության շուկա հասցնել արտոնյալ պայմաններով և առանց մաքսատուրքերի։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվրոպական միության կողմից ընդունված ինքնավար առևտրային միջոցի մասին որոշումը, որը Հայաստանի Հանրապետության համար է ընդունվել, հնարավորություն է ստեղծել, որպեսզի մի շարք ապրանքատեսակներ՝ ըստ էության մեր արտահանման մոտավորապես 85-90 տոկոսը, Եվրոպական միություն արտահանվեն արտոնյալ ռեժիմով և առանց մաքսատուրքերի»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը հատուկ ընդգծեց այս որոշման կարևորությունը՝ նշելով, որ նման արտոնյալ ռեժիմներ ԵՄ-ն սովորաբար տրամադրում է բացառիկ դեպքերում։
«Նման որոշումներ կայացվում են սովորաբար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ունեցող, կամ Ասոցացման համաձայնագիր ունեցող երկրների համար: Այնպես որ, սա շատ կոնկրետ ուղղություն է»,- ասաց նա։
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Էկոնոմիկայի և Արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարությունների գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի հայ գործարարներին անհրաժեշտ տեղեկատվության, գիտելիքների և խորհրդատվության տրամադրումը, որպեսզի նրանք կարողանան լիարժեք օգտվել եվրոպական շուկայի ընձեռած նոր հնարավորություններից և ակտիվորեն մտնել այդ գործընթացի մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում։

