Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
Տնտեսություն
01.10.2026 | 14:09
Կառավարությունը վերանայել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործող կարգավորումը․ ժամանակավոր սահմանափակումը հանվել է, իսկ ներմուծման լիցենզավորման պահանջը՝ վերացվել։ Նախկին կարգավորմամբ յուրաքանչյուր տոննա ներմուծվող ցեմենտի համար գանձվում էր 8000 դրամ պետական տուրք։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ, Կառավարության հիմնավորման համաձայն՝ որոշումը պայմանավորված է ցեմենտի ներկրման լոգիստիկ բարդություններով, բեռնափոխադրման ծախսերի և ժամկետների աճով, ինչպես նաև ներքին շուկայում մրցակցային պայմանների հավասարակշռման անհրաժեշտությամբ։
«Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի
ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։
Արդյունքում՝ կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան կարգավորման ապահովումը։
Նախկինում ընդունած որոշմամբ՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում է 8000 դրամ պետական տուրք։
Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա են լոգիստիկ բարդություններ ցեմենտի ներկրման հետ, ինչը ավելացնում է բեռնափոխադրման արժեքները ու ժամկետները, և գործող կարգավորման կիրառման արդյունքում ևս ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։
Հաշվի առնելով ձևավորված իրավիճակը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը և ապահովել ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորման անհրաժեշտ նախադրյալներ»,- ասված է հաղորդագրությունում։

