ՌԴ ԱԽ-ն մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին
Քաղաքականություն
29.09.2026 | 14:32
ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանը մինչ այժմ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) չի դիմել այն հարցերով, որոնք հիմք են հանդիսացել Հռոմի կանոնադրության վավերացման համար։
«Երեք տարի առաջ, երբ Հայաստանը հապշտապ վավերացրեց Հռոմի կանոնադրությունը, պաշտոնապես որպես պատճառ նշվել էր սահմանային հակամարտությունների սրման ժամանակահատվածում երկրի տարածքում հնարավոր հանցագործությունների միջազգային հետաքննության հնարավորությունը։ Չենք ստանձնում դատել, թե որքանով էր այս բացատրությունը համապատասխանում իրական շարժառիթներին։ Բայց Հայաստանի իշխանությունները մինչ օրս դատարան չեն դիմել և որևէ հետաքննություն չեն նախաձեռնել»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ Անվտանգության խորհուրդը նաև նշել է, որ Հռոմի կանոնադրության վավերացման և դրա դրույթների իրականացման պարտավորությունն ուղղակիորեն ամրագրված է Հայաստանի ու Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։
«Փաստացի, ՄՔԴ-ի կանոնադրությանը միանալը և նրա իրավազորությունը ճանաչելը Եվրամիությանն անդամակցության ձգտող երկրների համար առանցքային քաղաքական պայմաններից մեկն է»,- հավելել են ՌԴ ԱԽ-ից։
Նշվում է, որ ՄՔԴ-ի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է։
«Դատարանն արդեն բազմիցս ապացուցել է իր քաղաքականացվածությունը, կողմնակալությունը, արևմտյան հովանավորների քաղաքական պատվերները կատարելու պատրաստակամությունը և, համապատասխանաբար, միջազգային իրավունքի ու արդարադատության տեսանկյունից իր անպիտանությունն ու անօգտակարությունը»,- ասվում է հայտարարությունում։
Անդրադառնալով հայկական կողմի ներկայիս դիրքորոշմանը՝ ՌԴ Անվտանգության խորհրդում հայտարարել են, որ այս հարցն ավելի ճիշտ կլինի ուղղել անմիջապես հանրապետության իշխանություններին։
Ավելի վաղ էլ ՌԴ ԱԽ-ից հայտարարել էին, թե ցանկացած այլ երկրից գազ գնելը Հայաստանին զգալիորեն ավելի թանկ կարժենա, քան Ռուսաստանից այն ներմուծելը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

