«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Խրախուսել գիտության, տեխնոլոգիաների և ապագայի մասին ստեղծագործական մտածողությունը․ այս նպատակով էր կազմակերպվել «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, որն օրերս ամփոփվեց «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ի շրջանակում։ Մրցույթի համակազմակերպիչներն են «Գիտուժ» նախաձեռնությունն ու  Արմկոն հայկական գրական մրցույթը։ Այսպիսով՝ մրցույթի հաղթողներն են՝ Արման Գասպարյանը («Աճի խնդիրը», 1-ին տեղ), Աննա Մուրադյանը («Մտքի սպին», 2-րդ տեղ), Սիմա Սեդրակյանը («Տեմպորալ հարբուխ», 3-րդ տեղ): 

Factor.am-ը Հայաստանում գիտաֆանտաստիկ գրականության զարգացման, մրցույթի, դրանում երիտասարդների ներգրավվածության և այլ թեմաների շուրջ զրուցել է արձակագիր, «Հորիզոնից անդին» մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ։

-Պարո՛ն Տեր-Գաբրիելյան, Հայաստանում վերջին տարիներին գիտաֆանտաստիկ գրականության նկատմամբ հետաքրքրության աճ նկատվո՞ւմ է։

–Ֆենթեզի և գիտական ֆանտաստիկայի ժանրում անցկացվող Արմկոն հայկական գրական մրցույթի շնորհիվ արդեն իսկ ձևավորվել է մի միտում․ երիտասարդները, որոնք այսօր պարզապես կլանում են այլ լեզուներով ֆենթեզի ժանրի կինո և գրականություն, արդեն ձգտում են իրենք այդ ժանրում ստեղծագործել, ընդ որում՝ ոչ միայն հայերենով։ Այդ է պատճառը, որ հաճախ նշում եմ՝ գաղափարների առումով բավական հետաքրքիր տեքստեր ենք ստանում, լեզվի առումով՝շատ թերի․ հայերեն լեզվամտածողությունը փոխարինված է լինում այլ լեզուների, հիմնականում՝ ռուսերենի շտամպներով։

–Իսկ մասնակցությունը «Հորիզոնից անդին» մրցույթին ինչպե՞ս կգնահատեք։

-Բավական ակտիվ մասնակցություն գրանցվեց։ Ինքս կարդացել եմ ավելի քան 30 գործ, որոնք անցել էին նախնական զտումը։ Ընդհանուր առմամբ, եղել է մոտ 60 գործ։ Իհարկե, այս բարձր մասնակցությունը նաև «Գիտուժի» շնորհիվ է, խթան էր նաև այն, որ հաղթողների համար նախատեսված էին մրցանակներ՝ սմարթֆոններից մինչև մաքբուքեր։

-Հաղթողների ներկայացրած գործերի մասին ի՞նչ կասեք։

-Արման Գասպարյանը, որը զբաղեցրել է առաջին տեղը,  ֆենթեզի ժանրի ջատագովներից է, ի դեպ, նաև այդ թեմայով պոդքասթ է վարում, և պարզապես պետք է ուրախանալ, որ նա մասնակցել է մրցույթին։ Աննան վաղուց է, ինչ  ստեղծագործում է, ու թեպետ երկար տարիներ է՝ Հայաստանում չի բնակվում, նրա լեզուն լավագույններից էր մրցույթի մասնակիցների շրջանում։ Իսկ, օրինակ, Սիման այս ժանրում փորձված գրող է,  տպագրվում է «Կայարան» հանդեսում, որը Հայաստանի մարզեր հասնող արձակ գործերի միակ տպագիր հանդեսն է։

-Իսկ երիտասարդների ներգրավվածությունը մրցույթին ինչպե՞ս կգնահատեք։

-Ես, առհասարակ, ուրախալի եմ համարում տարիքային բազմազանությունը։ Իհարկե, մրցույթի մասնակիցների զգալի մասը երիտասարդներ էին։ Մասնակցում էին նաև քիչ թե շատ փորձված արձակագիրներ, որոնք մշտապես ստեղծագործել են այլ ժանրերում  և հիմա իրենց ուժերը փորձեցին նոր ժանրում։ Ինձ հետաքրքիր էր, օրինակ, գիտական ինչ գաղափարներ են ներկայացվել, այդ գաղափարներն ինչ զարգացում են ապրել։ Պատմվածքներից մեկն, օրինակ, այն մասին էր, որ մարդու գենետիկան փոխելով՝ ուղարկում են նրան տիեզերք, այլ մոլորակներ, և նա դիմանում է այդ մոլորակների մթնոլորտին։ Այսպիսի անսպասելի գաղափարներ շատ կային։

-Եվ վերջում,  պարզ մի հարց՝ ինչի՞ համար է գիտաֆանտաստիկ գրականությունը, այն ի՞նչ է տալիս գրողին և ի՞նչ՝ ընթերցողին։

-Ինձ համար այս ժանրի հանդեպ հետաքրքրությունը նախևառաջ միջոց է՝ զարգացնելու արձակը Հայաստանում։ Ժանրի շուրջ նմանատիպ ակտիվություն չկա ո՛չ Գրողների միության, ոչ գրողական այլ խմբերի շրջանում։ Այսինքն՝ ձևավորված շարժում կա, նմանատիպ մրցույթներն էլ առիթ են գրողների մասնակցությամբ սեմինարների անցկացման, տեքստերի որակը բարձրացնելու, դրանց շուրջ քննարկումներ ծավալելու համար։ Կոնկրետ ինձ համար դա է գլխավորը։ Մյուս կողմից՝ «Գիտուժն» ասում է՝ գիտական գաղափարները կնպաստեն, որ Հայաստանում գիտությունը զարգանա։ Այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Իլոն Մասկը, Սթիվ Ջոբսը, ասում են, որ իրենք կարդացել են գիտաֆանտաստիկ գրականություն և դարձել են այն, ինչ դարձել են։ Ու չնայած ոչ բոլորը կարող են դառնալ Մասկ կամ Ջոբս, թող դա լինի թրիգեր։ Առհասարակ, արձակը պետք է ունենա ինտելեկտուալիզմ։ Հաճախ ասում են, թե հայկական արձակը քնարական է, պոետիկ, որ հայերենով ինտելեկտուալ արձակ գրեթե չկա․ սա հենց լավ առիթ է, որ այն  զարգանա։

Աննա Բաբաջանյան