Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.09.2026 | 17:34
Կիևի կենտրոնում ռուսական անօդաչու սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում, փոխանցում է Meduza-ն:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից երևում է, որ հարձակման պահին շենքում մարդիկ են եղել։ Նրանք փորձել են դուրս գալ այրվող շենքի պատուհաններից։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով վիրավորներ կան։ Հայտնի է նաև առնվազն մեկ զոհված կնոջ մասին։
Գիտությունների ազգային ակադեմիայի շենքից շուրջ 300 մետր հեռավորությամբ են գտնվում Գերմանիայի դեսպանատան շենքը և «Ուկրտելեկոմ» ընկերության գրասենյակը։
Գիտությունների ակադեմիայի շենքը հարձակման հետևանքով լրջորեն վնասվել է։ Այդ մասին վկայում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրապարակած տեսանյութը։
«Ռուսական հարվածն Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի շենքին։ Այժմ իրականացվում է փրկարարական գործողություն, մարում են հրդեհը, փնտրում են մարդկանց, որոնք կարող էին գտնվել շենքում»,- գրել է Զելենսկին սոցցանցերում։
Տեսանյութում երևում է, որ շենքի կողային պատի մի հատվածն ավելի քան կիսով չափ փլուզվել է։ Հրդեհ է բռնկվել երկրորդ և երրորդ հարկերում, իսկ շենքի շրջակայքում փլատակներ են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

