Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
Քաղաքականություն
27.09.2026 | 14:16
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել պատերազմը դադարեցնելու շուրջ։ Նա հայտարարել է, որ ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում, և հույս հայտնել, որ բանակցությունները կսկսվեն մինչև ձմեռը․ գրում է dw.com-ը։
ԱՄՆ նախագահը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Զելենսկին և Պուտինը պայմանավորվեն պատերազմը դադարեցնելու շուրջ։ Նրա խոսքի հատվածը հրապարակել է ամերիկյան Fox News-ը։
«Ես ուզում եմ, որ նա պայմանավորվի Պուտինի հետ, և ուզում եմ, որ Պուտինը պայմանավորվի նրա հետ», – ասել է Թրամփը։
Նրա պնդմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում ամեն ամիս մի քանի տասնյակ հազար մարդ է զոհվում, որոնց մոտ 97 տոկոսը զինծառայողներ են։
«Բայց լինի դա զինվորական, թե քաղաքացիական անձ․․․ պարզապես մտածեք դրա մասին․ երկու ամիս առաջ՝ 32 հազար, անցած ամիս՝ 33 հազար, այս ամիս՝ 25 հազար մարդ», – զոհերի թվի մասին հայտարարել է Թրամփը։
Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը նաև ասել է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ ԱՄՆ-ը պատրաստակամություն են հայտնել բանակցությունների համար։ Նրա խոսքով՝ համաձայնությունը կարող է ձեռք բերվել «մի օր, հուսանք՝ ոչ հեռու ապագայում», հնարավոր է՝ մինչև խիստ ձմռան սկսվելը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նրան առաջարկել էր մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու։ Ըստ գործակալության աղբյուրների՝ Ուկրաինայի նախագահը հրաժարվել էր այդ առաջարկից։
Ուկրաինայի նախագահի գրասենյակը, իր հերթին, պաշտոնապես հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկիին Մոսկվա մեկնելու առաջարկ չի արել՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։
Կրեմլը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Պուտինի և Զելենսկիի հանդիպումը հնարավոր է միայն Մոսկվայում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Ռուսաստանի պետական հեռուստաընկերության թղթակից Վալենտին Բոգդանովը Զելենսկիին հարցրել է, թե երբ է նա մեկնելու Ռուսաստանի մայրաքաղաք։ Ուկրաինայի նախագահը սկզբում չի արձագանքել հարցին, ապա, շրջվելով դեպի կողմը, պատասխանել է․ «Հրթիռով»։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

