Հնդկաստանը խորացնում է ռազմավարական պաշտպանական գործընկերությունը ՀՀ-ի հետ․ անդրադարձ
Քաղաքականություն
25.09.2026 | 15:03
Հնդկաստանն ու Հայաստանը շարունակում են ամրապնդել արագ զարգացող պաշտպանական համագործակցությունը։ Հնդիկ զինվորականներն այժմ Հայաստանում մասնագիտացված ուսուցում են իրականացնում հայկական զինված ուժերի զինծառայողների համար՝ «հակաօդային պաշտպանության համակարգի կիրառման վերաբերյալ։ Ուսուցման այս ծրագիրը ևս մեկ կարևոր քայլ է վերջին տարիներին զգալիորեն զարգացած գործընկերության շրջանակում և ընդգծում է երկու երկրների զինված ուժերի միջև օպերատիվ համագործակցության խորացումը։ Այս մասին գրում է Indian Defence News-ը։
Նշվում է, որ հայկական անձնակազմին Akash հակաօդային պաշտպանության համակարգի կառավարման համար վերապատրաստելու նպատակով հնդիկ սպաների գործուղումը վկայում է Նյու Դելիի ու Երևանի միջև աճող վստահության մասին։
Ըստ լրատվամիջոցի՝ ռազմական տեխնիկայի վաճառքից և մատակարարումից բացի՝ ուսուցման բաղադրիչը վկայում է այն մասին, որ Հնդկաստանը կարևորում է հայկական ուժերի՝ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգն արդյունավետ շահագործելու և սպասարկելու կարողությունը։
Հնդիկ զինվորական հրահանգիչներն օգնում են հայկական օպերատորներին ծանոթանալ համակարգի հնարավորություններին, շահագործման ընթացակարգերին, տեխնիկական սպասարկման պահանջներին և մարտավարական կիրառմանը։ Նման ուսուցումն անհրաժեշտ է ժամանակակից հակաօդային պաշտպանության ցանցերի արդյունավետությունը առավելագույնի հասցնելու և դրանք Հայաստանի պաշտպանության ավելի լայն համակարգում անխափան ինտեգրելու համար։ Ուսուցման այս նախաձեռնությունն արտացոլում է հասունացող պաշտպանական գործընկերությունը, որը զգալիորեն դուրս է եկել ավանդական «գնորդ-վաճառող» հարաբերությունների շրջանակից։ Երկու երկրների համագործակցությունն ավելի ու ավելի է ներառում գիտելիքների փոխանակում, ռազմական փոխանակումներ, օպերատիվ պատրաստություն և երկարաժամկետ ռազմավարական համագործակցություն։
Վերջին տարիներին Հայաստանը դարձել է հնդկական պաշտպանական արտադրանքի արտահանման կարևոր ուղղություններից մեկը։ Տարածաշրջանային անվտանգության փոփոխվող մարտահրավերների պայմաններում, ըստ լրատվամիջոցի, Երևանը ձգտում է արդիականացնել իր ռազմական կարողությունները՝ ձեռքբերումներ կատարելով վստահելի միջազգային գործընկերներից, որոնց թվում Հնդկաստանը դարձել է առանցքային մատակարար։
Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական հարաբերությունների զարգացումը տեղի է ունենում Հարավային Կովկասում ավելի լայն աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել պաշտպանական գնումների աղբյուրները և նվազեցնել կախվածությունը ավանդական մատակարարներից՝ դրանով իսկ հնարավորություններ ստեղծելով Հնդկաստանի հետ համագործակցության խորացման համար։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի համար հնդկական պաշտպանական արտադրանքի արտահանումը զգալիորեն ընդլայնվել է։ Akash համակարգից բացի, տարբեր հաղորդագրություններում նշվել է հայկական կողմի հետաքրքրությունը հնդկական արտադրության ռազմական տեխնոլոգիաների և զինատեսակների լայն շրջանակի նկատմամբ։ Հարաբերությունների ամրապնդմանը նպաստել են նաև բարձր մակարդակի ռազմական շփումներն ու պաշտոնական այցերը։ Երկու երկրների բարձրաստիճան զինվորականները քննարկումներ են անցկացրել՝ անդրադառնալով պաշտպանական համագործակցությանը, ռազմական արդիականացմանը և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին։
Ռազմական կրթությունն ու մասնագիտական փոխանակումները դարձել են երկկողմ համագործակցության ևս մեկ կարևոր ուղղություն։ Հայաստանի զինված ուժերի սպաները նախկինում մասնակցել են Հնդկաստանում անցկացվող վերապատրաստման ծրագրերին՝ ծանոթանալով հնդկական ռազմական դոկտրինին, օպերատիվ հայեցակարգերին և տեխնիկական փորձին։Ռազմական կրթությունն ու մասնագիտական փոխանակումները դարձել են երկկողմ համագործակցության ևս մեկ կարևոր ուղղություն։ Հայաստանի զինված ուժերի սպաները նախկինում մասնակցել են Հնդկաստանում անցկացվող վերապատրաստման ծրագրերին՝ ծանոթանալով հնդկական ռազմական դոկտրինին, օպերատիվ հայեցակարգերին և տեխնիկական փորձին։
Երկկողմ հարաբերությունների ընդլայնման մեկ այլ ուշագրավ դրսևորում է Հայաստանի մասնակցությունը Tarang Shakti զորավարժությանը՝ որպես դիտորդ։ Այն դարձել է Հնդկաստանի ամենանշանակալի բազմազգ օդային զորավարժություններից մեկը, որին մասնակցում են բազմաթիվ երկրների ռազմաօդային ուժեր և զինվորական ներկայացուցիչներ։Հայաստանի՝ որպես դիտորդի ներկայությունն արտացոլում է Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև առաջադեմ օդային գործողություններ ներառող լայնածավալ բազմազգ զորավարժություններից փորձ ձեռք բերելու ձգտումը։
Հնդկաստանի համար Հայաստանի մասնակցությունը Tarang Shakti զորավարժություններին ընդգծում է Հնդկաստանի գլխավորած ռազմական ներգրավվածության միջազգային աճող գրավչությունը և ընդգծում է Նյու Դելիի ընդլայնվող դերը որպես պաշտպանության և անվտանգության գործընկեր: Հայաստանի ներգրավվածությունը նման գործունեության մեջ նույնպես խորհրդանշական նշանակություն ունի։ Այն ցույց է տալիս երկկողմ պաշտպանական հարաբերությունների ընդլայնման շրջանակը՝ տեխնիկայի ձեռքբերումից և ուսուցումից մինչև խոշոր ռազմական իրադարձություններին և ռազմավարական երկխոսությունների մասնակցությունը:
Հայկական անձնակազմին Akash հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ ուսուցում իրականացնող հնդիկ սպաների ներկայությունը, Հայաստանի՝ զորավարժությանը որպես դիտորդ մասնակցության հետ մեկտեղ, վկայում է երկկողմ ռազմական համագործակցության շարունակաբար խորացող բնույթի մասին։ Այն, ինչ սկսվել էր որպես պաշտպանական գնում, վերածվել է ավելի լայն ռազմավարական հարաբերությունների, որոնք ներառում են վարժանքներ, օպերատիվ համագործակցություն, ռազմական կրթություն և երկարաժամկետ պաշտպանական ներգրավվածություն։
Լրատվամիջոցը եզրահանգում է, որ վերջին զարգացումները նշանավորում են ևս մեկ կարևոր քայլ Հնդկաստան-Հայաստան պաշտպանական կապերի շարունակական ընդլայնման գործում և ընդգծում են գործընկերության աճող կարևորությունը երկու երկրների ռազմավարական հաշվարկներում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

