ԱՄՆ-ը Պուտինին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
Քաղաքականություն
23.09.2026 | 20:09
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել են մասնակցել G20-ի գագաթնաժողովին, որը դեկտեմբերի 14-15-ին կանցկացվի Մայամիում (ԱՄՆ)։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է Meduza-ն։
«Մենք կարծում ենք, որ դա հնարավորություն կլինի նրա համար՝ շփվելու ոչ միայն [ԱՄՆ] նախագահի, այլև աշխարհի առաջնորդների հետ։ Հույս ունենք, որ հրավերը կընդունվի»,- ասել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ «եթե հանդիպես միայն այն մարդկանց հետ, որոնց հետ համաձայն ես, ապա, իհարկե, այդ հանդիպումները շատ հաճելի են, սակայն խնդիրների լուծման տեսանկյունից ոչինչ չի փոխվում»։
«Խնդիրները լուծելու համար պետք է հանդիպել այն մարդկանց հետ, որոնց հետ համաձայն չես»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հարցին՝ արդյո՞ք Մոսկվան հետաքրքրված է էներգետիկ ոլորտում հրադադարի հաստատմամբ, Ռուբիոն պատասխանել է․ «Կարծում եմ՝ երկու կողմերն էլ հետաքրքրվածություն են հայտնել որոշակի սահմանափակ հրադադարի հարցում, որը կտարածվեր հացահատիկի և էներգետիկայի վրա։ Դա չի լուծի պատերազմի խնդիրը, սակայն, կարծում եմ, որոշակիորեն կարող է թուլացնել գլոբալ լարվածությունը, որն այժմ զգացվում է»։
Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ Պուտինը պատրաստվում է մեկնել Չինաստան՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն բաց կթողնի G20-ի գագաթնաժողովը։ Գործակալության աղբյուրները Ֆլորիդայում կայանալիք գագաթնաժողովին Թրամփին միանալու՝ Պուտինի հավանականությունը «ծայրահեղ ցածր» էին գնահատել։
Վերջին անգամ (իսկ պատերազմի սկսվելուց ի վեր՝ միակ անգամ) Պուտինը Դոնալդ Թրամփի հետ անձամբ հանդիպել է 2025 թվականի օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում, սակայն այդ հանդիպումը որևէ տեսանելի արդյունքի չի հանգեցրել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ՝ պատերազմն ավարտելու համար։ Ի պատասխան՝ Կրեմլում ասում են, որ նման հանդիպումը կարող է կայանալ միայն Մոսկվայում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

