Անցնող 9 ամիսների ընթացքում բանակում մահվան 34 դեպք է գրանցվել. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.09.2026 | 12:02«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց անցնող 9 ամիսների ընթացքում Զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի վիճակագրությունը, մեթոդաբանական խնդիրներն ու լուծումները։
Սաքունցի խոսքով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մահացության 34 դեպք։ Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ դեպքերից 19-ը որակվել են որպես զինվորական ծառայության հետ չկապված, 14-ը՝ ծառայության հետ կապված, իսկ 1 դեպքի հանգամանքները դեռ պարզվում են։
Ծառայության հետ չկապված 19 դեպքերի պատճառներն են՝ առողջական խնդիրներ՝ 9 դեպք, ավտովթար՝ 6 դեպք, ինքնասպանություն՝ 2 դեպք, դժբախտ պատահար՝ 1 դեպք, սպանություն՝ 1 դեպք։
Ծառայության հետ կապված 14 դեպքերի պատճառներն են. ինքնասպանություն՝ 7 դեպք, սպանություն՝ 3 դեպք, առողջական խնդիրներ՝ 2 դեպք, ավտովթար՝ 1 դեպք, զենք-ռազմամթերքի հետ վարվելու կանոնների խախտում՝ 1 դեպք։
Արթուր Սաքունցն ընդգծեց, որ պետական մարմինների և իրավապաշտպանների միջև առկա է մեթոդաբանական էական տարբերություն։
«Պաշտպանության նախարարությունը հաշվարկում է միայն զինվորական պարտականությունների կատարման ընթացքում գրանցված մահերը։ Մինչդեռ մենք գտնում են՝ քանի դեռ անձը գտնվում է ակտիվ ծառայության մեջ, պետությունը կրում է լիարժեք պատասխանատվություն նրա կյանքի և առողջության համար։ Օրինակ՝ առողջական խնդիրներով պայմանավորված մահվան դեպքերը ուղղակիորեն նշանակում են բժշկական զննության և հսկողության անարդյունավետություն»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Համեմատության համար Սաքունցը նշեց, որ 2025 թվականի ընթացքում արձանագրվել էր մահացության 35 դեպք, որից 25-ը՝ ծառայության հետ չկապված, իսկ 10-ը՝ ծառայության հետ կապված։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

