Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
Քաղաքականություն
14.09.2026 | 12:57
Ռուսական կողմն ուղղորդվող ավիառումբով հարվածել է Ուկրաինայի Իզյում քաղաքին, որի հետևանքով երեք մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա։ Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Տուժածների թվում են 56-ամյա տղամարդ, 34-ամյա կին և երկու ամսական երեխա։ Հարվածի հետևանքով մասնավոր բնակելի տներ են ավերվել, մարդատար ավտոմեքենաներ են վնասվել։
Ընդհանուր առմամբ, անցած մեկ օրվա ընթացքում մարզում տուժել է չորս մարդ։ Հարձակման են ենթարկվել Խարկովը և Խարկովի մարզի յոթ բնակավայր։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Ռուսաստանը 108 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնցից 85-ը խոցվել է ուկրաինական ուժերի կողմից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

