Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
Քաղաքականություն
10.09.2026 | 15:21
Սեպտեմբերի 9-ին Սև ծովում անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել TEDY օտարերկրյա բեռնատար նավը, որի անձնակազմում եղել են նաև Ադրբեջանի քաղաքացիներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ Ասլան Ալիևը և Ասիմ Գասիմովը, իսկ Իմրան Նովրուզովը և Ռաուֆ Ալիևը վիրավորվել են։ Վիրավորները հոսպիտալացվել են Ուկրաինայի Չեռնոմորսկի քաղաքային հիվանդանոց։
«Արտաքին գործերի նախարարությունն այժմ համակարգում է այս հարցը մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների և համապատասխան պետությունների լիազոր մարմինների հետ։ Միջոցառումներ են ձեռնարկվում վիրավոր քաղաքացիներին երկիր վերադարձնելու համար՝ բժշկական զննում և բուժում անցնելուց, նրանց անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն ցուցաբերելուց և զոհվածների մարմինների հետ կապված ընթացակարգերը կատարելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել երկրի քաղաքացիներին զերծ մնալ այն շրջաններ այցելելուց, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում կամ անվտանգության իրավիճակը մնում է անկայուն, այդ տարածքներում աշխատելուց և վտանգավոր երթուղիներով երթևեկող տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ նավերի վրա աշխատելուց։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

