Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Մայիսի 28-ին X սոցիալական ցանցում մի տեսանյութ էր տարածվում, որում անգլերեն խոսող ոստիկանը հայտարարում է՝ իբր իր երազանքն է գալ Հայաստան ու գլխից կրակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տեսանյութը սկսել է տարածվել խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ։
«Մեզ հետաքրքրեց այս տեսանյութը, որովհետև այն փաստացի բռնության կոչեր է պարունակում։ Նշում է, որ ինքը երազում է Հայաստան գալ և չի կարողանում, և կոչ է անում տեղացիներին այդ քայլն անել ու վերացնել նրան»,- ասում է CivilNet Check-ի խմբագիր Անի Գրիգորյանը։
CivilNet Check-ն էր պարզել, որ Փաշինյանին սպանելու կոչեր պարունակող տեսանյութը դիփֆեյք է և ստացվել է արհեստական բանականության գործիքների միջոցով։ CivilNet-ի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը ներկայացրել է, թե նման դեպքերում ինչպես մի քանի պարզ քայլով հասկանալ, որ կեղծ տեսանյութ ենք դիտում։
«Իրականում շատ գործիքներ կան, բայց ամենահեշտը, որ յուրաքանչյուր մեկն էլ կարող է անել: Տեսանյութից մեկ էկրանապատկեր անել և գնալ Goggle, որոնում տալ և միանգամից բերում է, որ այդ տեսանյութը TikTok-ից է»,- նշում է Անին։
Կեղծված տեսանյութում երևում է Հարավային Ավստրալիայի ոստիկանության տարբերանշանը։ CivilNetCheck-ը գտել է տեսանյութի բնօրինակը, որը հրապարակվել է ոստիկանության պաշտոնական էջում 2025 թվականի օգոստոսին։
«Նա չի խոսում ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի մասին, այլ պատմում է ոստիկանական ակադեմիայում իր աշխատանքի մասին։ Այս տեսանյութում չկան այն կադրերը, որոնք կային X-ում տարածված տեսանյութում, Փաշինյանի մասին ընդհանրապես խոսք չկա»,- ընդգծում է CivilNetCheck-ի փաստերի ստուգման թիմի ղեկավարը։
Անին ասում է՝ սա ռուսական «Մատրյոշկա» ապատեղեկատվական ցանցի հերթական կեղծիքն էր։ Կեղծ տեսանյութը տարածած էջն այս պահին այլևս գոյություն չունի։ Դա, ըստ Անիի, խոսում է այս ցանցի մեխանիզմի մասին։
Հրապարակմանը կից տարածվել էին նաև երկու այլ դիփֆեյք տեսանյութեր, որոնք, Անիի խոսքով, առաջ էին մղում «Մատրյոշկայի» կողմից նախկինում օգտագործված կոռուպցիոն և հակաիշխանական նարատիվները։
«Մատրյոշկա» ապատեղեկատվական ցանցն ակտիվ է 2023 թվականից և տարբեր երկրներում, օրինակ՝ Մոլդովայում, հիմնականում ակտիվացել է ընտրություններից առաջ՝ օգտագործելով նմանատիպ նարատիվներ ու գործելաոճ։ Ցանցը Հայաստանում սկսել է ակտիվանալ 2025 թվականի օգոստոսից։ Բայց այստեղ հարց է առաջանում․ եթե «Մատրյոշկա»-ն թիրախավորում է հայ հանրությանը, ինչո՞ւ է իր բովանդակությունը տարածում Հայաստանում ոչ այնքան լայն տարածում ունեցող X հարթակում և օտար լեզուներով։
«X-ը լավ տարածք է միջազգային հանրությանը թիրախավորելու համար, ու նաև մեր դեպքում նույնիսկ սփյուռքին թիրախավորելու համար, որովհետև, ի տարբերություն հենց հայաստանցիների, սփյուռքը բավականին ակտիվ է X-ում, և մենք նկատում ենք, որ այս թեզերը, այս նարատիվները, որոնցով իրենք հասնում էին, օրինակ՝ սփյուռքի ներկայացուցիչներին։ Ինչու չէ, նաև լավ թիրախ է հենց անգլերեն լեզուն կամ ֆրանսերեն լեզուն՝ արդեն միջազգային հանրությանը թիրախավորելու, նաև Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվության տարբեր թեզեր տարածելու համար»,- ասում է փաստերի ստուգման թիմի ղեկավարը։
Անին ասում է՝ վերջին մի քանի ամիսները լուրջ մարտահրավեր էին հայաստանյան փաստեր ստուգողների և լրագրողների համար, քանի որ Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավների տարածման աղբյուրներն ու տարածման ձևերը դժվար էր պարզել։
Ասում է՝ ապատեղեկատվական արշավների թիրախը հաճախ հենց փաստեր ստուգողներին ներգրավելն է, որպեսզի իրենց կեղծ օրակարգն ավելի մեծ տարածում գտնի։ Հենց դա է պատճառը, որ CivilNet Check-ը նախընտրել է ոչ թե ապատեղեկատվություն տարածող յուրաքանչյուր նյութի առանձին անդրադառնալ, այլ տարածվող կեղծիքներին անդրադառնալ համապարփակ՝ մատնանշելով կրկնվող թեմաներն ու նարատիվները, ցույց տալով, թե դրանք ինչպես են կապվում միմյանց և ինչպես է համակարգված արշավ է տարվում Հայաստանի դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

