ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.09.2026 | 13:24Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանից Եվրոպական Միություն արտահանվող ապրանքների համար առևտրային արտոնությունների և մաքսատուրքերի ժամանակավոր ազատականացման նախագիծը։ Այս մասին հայտնում է Factor TV-ի թղթակիցը Բրյուսելից։
Օրինագծի ընդունումը շատ արագ տևեց՝ ընդամենը երեք րոպե, քանի որ այսօր նախատեսված էր միայն քվեարկությունը։ Քննարկումը տեղի էր ունեցել հուլիսի կեսերին, որից հետո սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 30-ը, փոփոխություններ ու լրացումներ չէին առաջարկվել։
«Այս ինքնավար առևտրային միջոցառումները (AТМ), որոնք Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունվել են հուլիսի 2-ին, կարևոր են Հայաստանի տնտեսական իրավիճակի համար և կազատականացնեն դեպի Եվրոպական Միություն հայկական արտահանման մոտ 80%-ը»,- քվեարկությունից առաջ հիշեցրեց Միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Բերնդ Լանգեն (Bernd Lange)։
Նրա խոսքով՝ օրենսդրական փաթեթն ընդունվում է պարզեցված ընթացակարգով (Կանոնակարգի 52-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչը հնարավորություն է տվել խուսափել երկարատև քննարկումներից և ապահովել արագ որոշման ընդունում:
Գյուղատնտեսության հանձնաժողովը (AGRI) ևս տվել է իր դրական եզրակացությունը՝ արագացնելով հնարավորությունը, որ նախագիծը հայտնվի Եվրոպական խոհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի օրակարգում։
Եվրամիության Խորհուրդը՝ անդամ երկրների դեսպանների մակարդակով, երեկ ևս հավանություն է տվել նախագծին։
Կարինե Ասատրյան
Բրյուսել

