ԱՄՆ-ն մինչև պատերազմի ավարտը չի թուլացնի պատժամիջոցները․ Բեսենթը՝ ՌԴ ֆինանսների նախարարին
Քաղաքականություն
01.09.2026 | 10:20
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Հյուսիսային Կարոլինայի Աշվիլ քաղաքում կայացած G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկիրների հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Անտոն Սիլուանովին ասել է, որ Մոսկվան չպետք է ակնկալի տնտեսական ճնշման մեղմացում կամ որևէ այլ համաձայնագիր, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Այս մասին հայտնել է Reuters-ը հղում անելով Ռուսաստանի և ԱՄՆ նախարարների միջև միջոցառման շրջանակներում կայացած երկկողմ զրույցին ծանոթ աղբյուրին։ Նշվում է, որ Սիլուանովի մասնակցությունը այս հանդիպմանը թյուրըմբռնում է առաջացրել եվրոպական երկրների շրջանում, որոնք ներկայումս աշխատում են պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ուղղությամբ։
Մասնավորապես, Գերմանիայի ֆինանսների նախարար և փոխկանցլեր Լարս Քլինգբեյլը Սիլուանովին նման միջոցառմանը հյուրընկալելու փաստը համարել է «տագնապալի ազդանշան»։ Եվրոպական այլ երկրների գործընկերների հետ զրույցում նա նաև սպառնացել է բոյկոտել հանդիպման մասնակիցների ավանդական խմբային լուսանկարը, եթե Սիլուանովը ներառվի։
«Խմբային լուսանկարն այս փուլում ինձ համար չափազանց շատ կլինի», – լրագրողների հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքական գործիչը։ Քլինգբեյլի խոսքով՝ եվրոպական այլ երկրների ներկայացուցիչներ ևս աջակցել են նրա դիրքորոշմանը, և լուսանկարը, ի վերջո, արվել է առանց ռուս նախարարի։
Նա նաև լրագրողներին ասել է, որ միջոցառման մասնակիցների առավոտյան ընդհանուր հանդիպման ժամանակ ինքը Սիլուանովին ասել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին և հաստատել Բեռլինի աջակցությունը Կիևին։
Նախորդ երեկոյան՝ օգոստոսի 31-ին, Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում էր, որ նախարար Սիլուանովը և նրա ամերիկացի գործընկեր Սքոթ Բեսենթը հանդիպել են G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների հանդիպման շրջանակներում:
«Նրանք քննարկել են ռուս-ամերիկյան համագործակցությունը ֆինանսական ուղղությամբ և G20-ի շրջանակներում համագործակցության հարցեր», – ասվում է հայտարարության մեջ։
Նույն օրը՝ օգոստոսի 31-ին, ամերիկյան CNBC հեռուստաալիքը իր կայքում, հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, գրել էր, որ Բեսենթը Սիլուանովի հետ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի «խաղաղության ծրագիրը»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

