«Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացված է․ Հայաստանը վերջապես շրջվել է Մոսկվայից»․ Ուկրաինայի արտաքին հետախուզության հայտարարությունը
Քաղաքականություն
01.09.2026 | 10:42
Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունն իր հայտարարության մեջ անդրադարձել է Մոսկվա-Երևան հարաբերություններին։ Ըստ Կիևի հատուկ ծառայության՝ Կրեմլի գործելաոճը՝ «ապստամբ հարևանին պատժել կոնյակի արգելքով», այլևս չի գործում։ «Տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանն ընկալում էր որպես Հարավային Կովկասում իր անվիճելի հենակետն ու գրպանային գործընկերը, սակայն Հայաստանի ընտրություններին միջամտության հերթական ձախողված հատուկ գործողությունից հետո Ռուսաստանը վերջապես կորցնում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ Խորհրդարանական ընտրություններում ռուսամետ ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին, և սպասվող հնազանդ ներողության փոխարեն՝ Կրեմլը Նիկոլ Փաշինյանից ստացավ հստակ հեռավորություն և շրջադարձ դեպի Արևմուտք»,- ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունն արձանագրում է, որ ի պատասխան «Ռոսպոտրեբնադզոր»-ը «հանկարծ» վտանգներ հայտնաբերեց ծիրանի, բալի, ձկան, «Ջերմուկ» հանքային ջրի և հայկական կոնյակի մեջ։
«Բերքի սեզոնից առաջ Հայաստանին տնտեսական հարված հասցնելու նպատակով սահմանված այս լայնածավալ առևտրային սահմանափակումները պետք է Երևանին փակուղու մեջ դնեին։ Սակայն Կրեմլը մոռացել էր, որ մենք այլևս 1990-ականներում չենք ապրում։ Փաշինյանը հեգնանքով «շնորհակալություն հայտնեց» Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իր գործընկերներին՝ առևտրի այլընտրանքային ուղիներ փնտրելու իրավունքը ճանաչելու համար, և ուղղակի հայտարարեց, որ եթե Ռուսաստանի գործողությունների պատճառով միությունը կաթվածահար լինի, ապա դա կնշանակի «ԵՏՄ-ի վերջի սկիզբը»»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, թե տարածաշրջանում Մոսկվայի գլխավոր հաղթաթուղթը խաղարկվել է դեռևս 2023 թվականի աշնանը։ «Տարիներ շարունակ Կրեմլը Երևանին և Բաքվին «կապված» էր պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջոցով։ Սակայն երբ Ադրբեջանը երկու օրվա ընթացքում վերականգնեց վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ, ռուսական «խաղաղապահները» պարզապես երկրորդական դերակատարի կարգավիճակում մնացին և խայտառակ կերպով ժամանակից շուտ լքեցին տարածաշրջանը»,- գրում է հատուկ ծառայությունը։
Նշվում է, որ այս ֆիասկոն լրացվել է նաև ռազմական պարտավորությունները չկատարելով․ երբ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին առաջխաղացում իրականացրեց հենց Հայաստանի տարածքում, ՀԱՊԿ-ը օգնություն ցուցաբերելու փոխարեն առաջարկեց «լուծել սահմանային խնդիրը»։ Նման «պաշտպանությունից» հետո Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վստահության մակարդակը հասավ հատակին՝ գրանցելով աննախադեպ ցածր ցուցանիշներ։
«Գիտակցելով, որ իր անվանական «դաշնակիցը» միայն մանիպուլյացիաների է ընդունակ, Երևանը 180 աստիճանով շրջադարձ կատարեց։ Մինչ Ռուսաստանը խոչընդոտում էր ծիրանի ներմուծումը, Բրյուսելը բացել է իր շուկաները և տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացրել «Հայաստանի զարգացման ծրագրի» շրջանակներում։ Հարավային Կովկասի վերահսկողության Մոսկվայի մենաշնորհը պաշտոնապես զրոյի է հավասարեցվել»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Ըստ Ուկրաինայի արտաքին հետախուզության ՝ Կրեմլի վերջին շանտաժային մեթոդները՝ օրինակ՝ գազի գները բարձրացնելու սպառնալիքները կամ Երևանում ենթակառուցվածքների միջոցով ճնշում գործադրելը, նույնպես կարող են չեզոքացվել։
Նշվում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման և Թուրքիայի հետ սահմանների բացման ֆոնին, Երևանը վերջապես գորգը հանում է Մոսկվայի ոտքերի տակից՝ զրկելով նրան ցանկացած լծակից: Իսկ Կրեմլի աշխարհաքաղաքական պարտության վերջին ակորդը Հայաստանի կողմից Եվրոպական Միությանը անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը սկսելու հայտարարված որոշումն է:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

