Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկը խորհրդանշող ևս մեկ խորհրդանիշ՝ համաժողովի մեկնարկի հետհաշվարկի թիթեռը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Նախարարության փոխանցմամբ՝ թիթեռը օր օրի կհիշեցնի, թե որքան ժամանակ է մնացել մինչև այն պահը, երբ Երևանը կհյուրընկալի կենսաբազմազանության պահպանությանը նվիրված համաշխարհային կարևորագույն համաժողովներից մեկը։
ՇՄՆ-ից ընդգծում են, որ յուրաքանչյուր անցնող օր Հայաստանին մոտեցնում է COP17-ին՝ միջոցառմանը, որի ընթացքում Հայաստանը կդառնա բնության պահպանության վերաբերյալ համաշխարհային երկխոսության և որոշումների ընդունման կարևոր հարթակ։
«Հետհաշվարկը սկսված է։ Երևանը պատրաստվում է COP17-ին։ Գործելով հանուն բնության»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

