Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Պատանեկան հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում։
Ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահել է 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր։
Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահել է 140 և 146 կգ։ Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է։
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձել է մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։

