Սա էն դեպքն ա, որ ՀՀ դատական համակարգը կոնկրետ ընտրակաշառքի հովանավոր ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
24.08.2026 | 17:12«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Կառավարության 2026-2031 թթ․-ի ծրագրի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց ընտրակաշառքի դեպքերի, դրանց անպատժելիության և դատական համակարգի վերաբերմունքի մասին՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են նախատեսվում ընտրակեղծարարության «հին ցանցի ողնաշարը ջարդելու» համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց դատական համակարգը՝ հայտարարելով, որ այն դարձել է ընտրակաշառքի հովանավոր։
«Ինչո՞ւ են մարդիկ համարձակվում մտնել նման պրոցեսների մեջ։ Որովհետև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չի եղել գոնե մի մարդ, որը ընտրակաշառք տալու համար նստած լինի բանտում։ Մարդիկ իմացել են՝ «Հա, լավ դե, ինչ կլինի՝ կլինի, մի երկու շաբաթ կնստենք, հետո բաց կթողնեն»։ Եվ սա կոնկրետ էն դեպքն ա, որ Հայաստանի դատական համակարգը կոնկրետ պատասխանատու է սրա համար»,- նշեց Փաշինյանը։
Պատգամավորի արձագանքին, թե ինչու են քաղաքացիները դեռևս ընտրակաշառք վերցնում, Փաշինյանը պատասխանեց, որ ինքն ավելի արմատական մոտեցում ունի։
«Ես ասում եմ՝ ինչո՞ւ էդ մարդիկ փող ունեն, որ դեռ մի հատ էլ բաժանում են։ Իմ խնդիրը հետևյալն ա, որ իրանք պիտի չունենա՛ն էդ փողը։ Ժողովուրդն էլ իմ առաջ ա էդ խնդիրը դրել։ Մեր համբերության բաժակը լցված ա։ Դրա համար էլ ասում են՝ «Վա՜յ, էս Սահմանադրությունը ադրբեջանական է», որովհետև իրանց փողերն ա և իրանց հանցագործությունների չբացահայտումն ա դրանով դրվում կասկածի տակ։ Էդ մարդիկ փող պիտի չունենան, որ մի հատ էլ բաժանեն»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

