Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել
Քաղաքականություն
24.08.2026 | 18:30
Վերջին մի քանի ամիսներին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ միաժամանակ մի քանի իրավական գործընթացներ են ընթանում՝ տարբեր հիմքերով և տարբեր գույքերի ու ընկերությունների շուրջ։ Դրանց մի մասը կապված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի հետ, մյուսները՝ առանձին վարչական ու դատական վեճերի։ Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց այս ամենը, ի՞նչ իրադարձություններ էին նախորդել իրավական գործընթացներին, և ինչո՞ւ իրավապահները Ծառուկյանի դեմ բոլոր գործընթացները սկսեցին գրեթե միաժամանակ։ Factor TV–ն փորձել է պարզել այս հարցերի պատասխանները։
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը «սպառնաց» առյուծներով
Մայիսի 20-ին Վանաձորում քարոզարշավի ժամանակ ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ համարի՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ սպասվող իրավական գործընթացի մասին՝ նշելով, որ ԱԱԾ-ն պատրաստվում է նրա վերաբերյալ Քննչական կոմիտե հաղորդում ներկայացնել պետական դավաճանության և լրտեսության հոդվածով։
«ԱԱԾ-ն վաղը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Եվ այս լրտեսական ցանցը, ի վերջո, վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու ՀՀ-ից»,- հայտարարեց Փաշինյանը։
ՔԿ-ն մայիսի 21-ին հայտնեց, որ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա Թևանյանի կողմից պետական դավաճանություն և լրտեսություն կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Մայիսի 21-ին, Ախուրյանում քարոզարշավի ժամանակ, լրագրողները Ծառուկյանին հարցեր ուղղեցին այս մեղադրանքների վերաբերյալ։ Ծառուկյանն ասաց, որ Թևանյանը «հայրենասեր, դուխով ու գրագետ մարդ է»։
«Եթե ապացուցեն, Թեևանյան Անդոն չի թողնի հերթը հասնի ինձ, ինքն իրեն կխփի։ Ինձ էլ ասում ա՝ Ծառուկյանն էլ ա շպիոն։ Ես պատիվ եմ պահանջում։ Ապացուցե՛ք, Ծառուկյանը կանգնի հրապարակ, ասի՝ գնդակահարեք։ Իմ ուզածը, որ դուք դիմեք, ասեք՝ ասել եք Ծառուկյանը դավաճան ա, ապացուցի, Ծառուկյանն էլ ասում ա՝ կանգնեմ հրապարակ, գնդակահարեք։ Բայց եթե չես ապացուցում, ուրեմն, չեմ ասում իրեն գնդակահարեն․ թող գա, մտնի իմ առյուծի մոտ, իմ որձ առյուծի մոտ, իրա պատիժը դա պետք է լինի»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Գագիկ Ծառուկյանի առյուծներն այլևս նրա առանձնատան տարածքում գտնվող վանդակում չէին, իսկ Ծառուկյանը ճաղերի ետևում էր՝ ԱԱԾ մեկուսարանում։

Քննչական կոմիտեն խուզարկություն իրականացրեց Ծառուկյանի առանձնատանը, նրան պատկանող միանգամից մի քանի ընկերություներում։ Ծառուկյանը բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալվեց, առյուծները դեռ տարիներ առաջ նախաձեռնված ապօրինի որսի առթիվ քննվող վարույթի շրջանակներում դուրս բերվեցին վանդակներից ու տեղափոխվեցին կենդանաբանական այգի։ Այստեղ արձանագրվեց առյուծներից մեկի անկումը։
Ինչ հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ «Արարատցեմենտ»-ը վերադարձվելու է պետությանը
Մայիսի 20-ին Շնողում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ը շուտով վերադարձվելու է պետությանը։ Նրա ձևակերպմամբ՝ Կառավարությունն արդեն իսկ գրություն էր ստացել Գլխավոր դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման։
«Շատ շուտով ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ «Արարատցեմենտ» գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև էդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է և Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման և առաջիկայում շատ արագ, մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ «Արարատցեմենտ»-ում ենք նշանակելու կառավարիչ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև «Արարատցեմենտ»-ի բոլոր աշխատակիցներին շնորհավորեց «ազատագրման» առիթով և հայտնեց, որ նրանց գործատուն այսուհետ Հայաստանի Հանրապետությունն է։
1927 թվականին հիմնադրված և մինչև 2002-ը որպես պետական ձեռնարկություն գործած «Արարատցեմենտ» գործարանը սեփականաշնորհվել էր 2002-ին՝ 200 հազար դոլարով անցնելով Բելգիայում գրանցված «Ռոբերտո» ընկերությանը։ Գործարքից մի քանի ամիս անց՝ 2003-ին, գործարանի սեփականատեր է դարձել Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, իսկ 2006-ին ձեռնարկության բաժնետոմսերի 75 տոկոսը պաշտոնապես ձևակերպվել է Ծառուկյանի անունով։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ 2000-ականների սկզբին գործարանը խախտումներով է մասնավորեցվել:
Քարոզարշավի ժամանակ, անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, Ծառուկյանը նշեց, որ իր համար այս ամենն անակնկալ չէր։
«Ինձ տեղյակ պահել էին, բայց քանի որ նայելով իրավիճակը, և սա պահանջն ա Ալիևի, որ նույն վագոնները գալիս են բենզինով, հիմա ուզում են նույնը, ասենք թե, Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի», – հայտարարեց Ծառուկյանը։
Փաշինյանի կողմից Ծառուկյանի բիզնես ողնաշար հռչակված «Արարատցեմենտ»-ն անցնում է Ծառուկյանի և ընտանիքի վերաբերյալ ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այս գործը 2023-ից դատարանում է։
Ըստ գործի՝ Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի, Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանի, Նվեր Գագիկի Ծառուկյանի, Արփի Բյուզանդի Ավետիսյանի, Հովհաննես Գագիկի Ծառուկյանի, Կոլիկ Վանուշի Ծառուկյանի, Ռոզա Լևոնի Ծառուկյանի, Ռոբերտ Արամի Մկրտչյանի, Տիգրան Սերյոժայի Մանուկյանի, Արմինե Մանվելի Մանուկյանի, Սեդրակ Գարիկի Առուստամյանի, Վարդիթեր Զավենի Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ, «Մուտի Ավտոտրանս» ՍՊԸ, «Գլոբալ Մոթորս» ՍՊԸ, «Արմբետոն» ՍՊԸ, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ, «Մեգա Մոթորս» ՍՊԸ, «Մուլտի Սիս» ՍՊԸ, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊԸ, «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» ԲԲԸ, «Շուստով առևտրի տուն» ՓԲԸ, «Մուլտի Ագրովեյ» ՍՊԸ, «Արտբեն» ՍՊԸ, Ա/Ձ Աննա Մնացականի Բարսեղյանի։
2023-ից մինչև 2026-ը, սակայն, Դատախազությունը չի միջնորդել «Արարատցեմենտ»-ի կառավարումը հանձնել Հայաստանի Հանրապետությանը։
Այս միջնորդությունը ներկայացվել է միայն 2026-ի հունիսին՝ Փաշինյանի՝ «Արարատցեմենտ»-ը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հայտարարությունից հետո։
Ինչպես պարզ է դառնում «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, Դատախազության կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու պահին գործը քննող դատավոր Լիլի Դրմեյանն արձակուրդում է գտնվել, որոշումը կայացրել է դատավոր Նարինե Ավագյանը։
Տեղեկատվական համակարգում, մասնավորապես, նշում է կատարված այն մասին․ որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր Ն․ Ավագյան) 15․07․2026 թվականին որոշել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից թիվ ՀԿԴ/0241/02/25 քաղաքացիական գործով ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարել՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանին պատկանող «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ի 237.753 հատ բաժնետոմսերի և «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ-ին պատկանող «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ի 79.250 հատ բաժնետոմսերի կառավարումը և պահպանումը հանձնել Հայաստանի Հանրապետության տիրապետությանը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության։
Ինչպես պարզվում է տեղեկատվական համակարգից, այս շրջանում գործի վարույթը նաև կասեցված է եղել։
Այսպես՝ Ծառուկյանի և ընտանիքի դեմ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել 2023-ին, որը մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին, վերջինս այն ընդունել է վարույթ։
19.06.2025 թվականին կայացած նախնական դատական նիստում պատասխանող Գագիկ Ծառուկյանի անունից ներկայացվել է արագացված դատաքննություն կիրառելու և հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժելու վերաբերյալ բանավոր միջնորդություն, որը Դատարանի 18.09.2025 թվականի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն. Դատարանի 08․10․2025 թվականին կայացված վճռով հայցը մասամբ մերժվել է՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Նույն օրը Դատարանը կայացրել է որոշում՝ թիվ ՀԿԴ/0210/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործից առանձին վարույթում ՀՀ գլխավոր դատախազության մյուս պահանջներն առանձնացնելու վերաբերյալ: Առանձնացված գործը ՀԿԴ/0241/02/25 համարի ներքո 22․09․2025 թվականին մակագրվել է դատավոր Լ․ Դրմեյանին և 23․09․2025 թվականին հանձնվել է դատավորի աշխատակազմին։ Դատարանի 18․09․2025 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ, և նշանակվել է նախնական դատական նիստ։
01․12․2025 թվականին կայացած նախնական դատական նիստում Դատարանին ներկայացվել է մահվան պետական գրանցման մասին թիվ 20867 ակտի պատճենը, որի համաձայն Կոլիկ Վանուշի Ծառուկյանը մահացել է 19․10.2025 թվականին:
Դատարանի 01․12․2025 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև պատասխանող Կոլիկ Վանուշի Ծառուկյանի իրավահաջորդության հարցի լուծումը։
08․07․2026 թվականին Դատարան է ներկայացվել հայցվորի միջնորդությունը (մուտքագրվել է առձեռն)՝ գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ (այսուհետ նաև՝ միջնորդություն)։
Նախագահող դատավորը 29․06․2026 թվականից 22․07․2026 թվականը ներառյալ գտնվել է հերթական ամենամյա արձակուրդում: 23.07.2026 թվականին միջնորդությունը փոխանցվել է դատավորին: Միջնորդությամբ հայցվորը նշել է հետևյալը.
Կոլիկ Վանուշի Ծառուկյանը մահացել է 19․10․2025 թվականին, իսկ ժառանգությունն ընդունելու օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը լրացել է 19․04․2026 թվականին։ Կոլիկ Ծառուկյանի իրավահաջորդության և հայցապահանջում ներառված գույքերի վերագրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2026 թվականի հունիսի 1-ին հարցումներ են ուղարկվել ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ արդարադատության նախարարություն, ինչին ի պատասխան նշված պետական մարմիններից ստացված պատասխաններում նշվել է, որ Ռոզա Ծառուկյանի անվամբ հաշվառումից հետո այլ գրանցումներ չեն իրականացվել։ Բացի դրանից, ՀՀ նոտարական պալատի ժառանգական գործերի էլեկտրոնային շտեմարանում 07․07․2026 թվականի դրությամբ առկա չէ Կոլիկ Վանուշի Ծառուկյանի ժառանգական գործի վերաբերյալ որևէ տեղեկություն։ Ժառանգության ընդունման համար նախատեսված վեցամսյա ժամկետի լրանալուց հետո անցել է շուրջ երեք ամիս, որպիսի պայմաններում կրկին ժառանգության ընդունման փաստի վերաբերյալ որևէ տեղեկատվություն առկա չէ։
Հայցվորը, նկատի ունենալով, որ ժառանգության ընդունման և գույքերի վերագրանցման ուղղությամբ գործողություններ չեն իրականացվել, ինչպես նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ սույն գործը գույքի դեմ ուղղված «in rem» վարույթ է, գտնում է, որ պատասխանող Կոլիկ Վանուշի Ծառուկյանի ժառանգների կողմից ժառանգությունը վեցամսյա ժամկետում ընդունած լինելու մասին տեղեկությունների բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ թիվ ՀԿԴ/0241/02/25 քաղաքացիական գործը վերսկսելու համար։
Ուսումնասիրելով միջնորդությունը և կից ներկայացված ապացույցները՝ Դատարանը հանգում է հետևյալին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի վարույթը կասեցված է եղել մինչև Պատասխանողի իրավահաջորդության հարցի լուծումը՝ այդ թվում ժառանգների հայտնաբերման միջոցով, և գործի վարույթը կասեցնելուց հետո ժառանգության ընդունման օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում, և այդ ժամկետի ավարտից հետո ժառանգությունն ընդունված լինելու փաստի և ժառանգ(ներ)ի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնաբերվել, միաժամանակ Հայցվորը ներկայացրել է ապացույցներ՝ Կոլիկ Վանուշի Ծառուկյանից հայցով պահանջվող գույքերի սեփականատերերի վերաբերյալ՝ Դատարանը գտնում է, որ գործի վարույթը կասեցնելու հիմքն այլևս վերացել է, ուստի անհրաժեշտ է այն վերսկսել և հրավիրել նախնական դատական նիստ՝ գործի քննությունը շարունակելու նպատակով։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը որոշել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարել․ թիվ ՀԿԴ/0241/02/25 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ։
Վերսկսված գործի շրջանակներում պետության կառավարմանն ու պահպանմանն է հանձնվել նաև «Երևանի «Արարատ» Կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերը։
Վերսկսելով գործի քննությունը՝ հուլիսի 30-ին դատավոր Լիլի Դրմեյանը քննել և բավարարել է նաև Դատախազության միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարել «ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲ ընկերության, Գագիկ Կոլյայի Ծառուկյանին պատկանող «ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲ ընկերության 144 հատ բաժնետոմսերի և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությանը պատկանող «ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲ ընկերության 2 հատ բաժնետոմսերի կառավարումը և պահպանումը հանձնել Հայաստանի Հանրապետության տիրապետությանը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության։
Քաղաքապետարանն ապօրինի է օգտագործում «Մուլտի Վելնեսի»՝ Ծառուկյանին պատկանող գույքը
Հուլիսի 16-ին Երևանի համայնքապետ Տիգրան Ավինյանը Factor TV -ին տված հարցազրույցում հայտնեց, որ «Մուլտի Վելնես» ընկերությունն անցնելու է Երևանի քաղաքապետարանի տնօրինմանը։ «Մուլտի Վելնես»-ը ևս անցնում է Ծառուկյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, սակայն այս դեպքում սպորտային համալիրը քաղաքապետարանի տնօրինմանը հանձնելու որոշումը Հակակոռուպցիոն դատարանի հետ կապ չունի։
Երևանի քաղաքապետը պարզաբանել է, որ «Մուլտի Վելնես»-ի շենքը կառուցված է եղել համայնքային տարածքի անօտարելի հողի վրա՝ խախտումներով։
Ըստ պաշտոնական պարզաբանումների, փաստացի, սպորտային համալիրի հողատարածքն ու շենքը պատկանում են համայնքին, շենքը Գագիկ Ծառուկյանին հանձնվել է որոշակի ժամկետով, և պայմանագիրը խզվել է։
2016 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի համայնքի և «Մուլտի Վելնես» կենտրոն ՍՊԸ-ի միջև կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր։ Խոսքը ներկայիս Խանջյան 22 հասցեի մոտ 1.262154 հա հողամասի մասին է։
Պայմանագրով՝
- հողը սեփականությամբ համայնքինն էր,
- «Մուլտի Վելնեսին» տրվել էր այդ հողի կառուցապատման իրավունք,
- կառուցված շինության նկատմամբ ընկերությունն ուներ տիրապետման և օգտագործման իրավունք։
Պայմանագրի ժամկետը մինչև 2065 թվականն էր, այսինքն՝ 49 տարով։ Այժմ, սակայն, ստացվում է, որ շենքը կառուցելուց հետո, երբ ընկերությունն արդեն շահույթ է ստանում, քաղաքապետարանը խզել է պայմանագիրը։
Այս գործընթացներից հետո «Մուլտի Վելնես»-ը երկու դատական հայց է ներկայացրել դատարան․ մեկը՝ Երևանի քաղաքապետարանի, իսկ մյուսը՝ Կադաստրի կոմիտեի դեմ։
2026 թվականի օգոստոսի 5-ին «Մուլտի Վելնես» կենտրոն ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։
Պահանջը՝ անվավեր ճանաչել քաղաքապետարանի՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու/այն կասեցնելու որոշումը։
Սա այն գործընթացն է, որով քաղաքապետարանը հունիսին ծանուցել էր ընկերությանը, որ հրաժարվում է 2016-ին կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից։
Այսինքն՝ ընկերությունը դատարանում վիճարկում է հենց քաղաքապետարանի գործողության իրավաչափությունը։
Օգոստոսի 18-ին, «Մուլտի Վելնեսը» ևս մեկ հայց է ներկայացրել՝ այս անգամ Կադաստրի կոմիտեի դեմ։
Այստեղ պահանջը վերաբերում է արդեն կատարված կադաստրային գործողությանը, այն է՝ անվավեր ճանաչել «Մուլտի Վելնեսի» իրավունքները դադարեցնելու և այդ անշարժ գույքի նկատմամբ Երևանի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու գործողությունը։
Այսինքն՝ առաջին հայցով ընկերությունը վիճարկում է պայմանագիրը դադարեցնելու քաղաքապետարանի որոշումը, իսկ երկրորդով՝ դրա հետևանքով կատարված կադաստրային գրանցումը։
Իսկ ի՞նչ է սահմանվում օրենքով
ՀՀ հողային օրենսգրքի 48¹-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուրիշին պատկանող հողամասում կառուցապատման իրավունք ստացած անձը կառուցապատման ժամկետի ընթացքում իրավունք ունի տիրապետել և օգտագործել կառուցված գույքը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ուրիշի հողի վրա կառուցապատման իրավունքով կառուցված շենքը, որպես ընդհանուր կանոն, հողամասի սեփականատիրոջ սեփականությունն է, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
Այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը գործող էր, այդ իրավունքի շրջանակում ընկերությունն ուներ կառուցված գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունք։ Հետևաբար՝ համայնքը չէր կարող պարզապես մտնել ու օգտագործել այն՝ միայն այն պատճառով, որ հողը համայնքային էր։
Բայց պայմանագիրը խզելը փոխում է իրավիճակը․ եթե կառուցապատման իրավունքը օրինական կարգով դադարեցվել է, գործում է Հողային օրենսգրքի 48¹-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունը՝ շենքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, պատկանում է հողի սեփականատիրոջը։
Քանի որ «Մուլտի Վելնեսը» քաղաքապետարանի՝ պայմանագիրը միակողմանի լուծելու հարցը դատարանում վիճարկում է, այս պահին վերջնական պնդում անել չենք կարող, որ քաղաքապետարանը լիարժեք իրավունք ունի օգտագործելու շենքը։ Սակայն միանշանակ է, որ «Մուլտի Վելնեսի» ներսի գույքը քաղաքապետարանին երբևէ չի պատկանել և չի պատկանում նաև հիմա։ Չնայած այդ հանգամանքին՝ այն այժմ շահագործվում է քաղաքապետարանի կողմից։
Օգոստոսի 20-ի Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձություններին։
«Իսկ ո՞վ է ասել, ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ դատաիրավական համակարգին մեղադրելով տարիներ շարունակ վերնախավերի շահերը սպասարկելու մեջ։
Այդ դեպքում հարց է առաջանում․ արդյոք այդ նույն դատաիրավական համակարգն այժմ չի սպասարկում գործող իշխանության վերնախավի ցանկությունները․ հակառակ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետի հրապարակային հայտարարություններին ժամանակագրորեն հաջորդում են Ծառուկյանի նկատմամբ իրավական գործընթացներ այնպիսի դեպքերի վերաբերյալ, որոնք ամենևին էլ նոր չեն հայտնի դարձել իրավապահներին։
Արաքս Մամուլյան

