ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Տրդատ Սարգսյանն է
Քաղաքականություն
19.08.2026 | 16:02«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։
Սարգսյանը ԵՊՀ-ում սովորել է թյուրքագիտություն՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, ապա ավարտել է նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2018-ի հոկտեմբերի 10-ին նշանակվել է Վայոց ձորի մարզպետ և աշխատել մինչև 2019 թ. հոկտեմբերի 31-ը։
2020-2021 թթ. ղեկավարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմը, իսկ 2021-ի ընտրությունների արդյունքում դարձել է ԱԺ պատգամավոր։
Նրա քաղաքական կենսագրության ամենաշատ քննարկված դրվագներից մեկը 2019-ի Եղեգնաձորի միջադեպն է։ Այդ ժամանակ ծանր ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը, իսկ գործով ներգրավված էր նաև Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը։ Մի շարք վկաներ պնդել էին, որ Սարգսյանը գտնվել է դեպքի վայրում, մինչդեռ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տեսագրությունների և հեռախոսային տվյալների ուսումնասիրությամբ նրա՝ դեպքի վայրում գտնվելը չի հաստատվել։ Ինքը՝ Սարգսյանը ևս հերքել էր իր ներկայությունը։
Դրանից հետո Սարգսյանը հայտարարեց մարզպետի պաշտոնից հեռանալու մասին՝ կրկին հերքելով իր առնչությունը միջադեպին, բայց որոշումը բացատրելով նաև քաղաքական էթիկայի և քաղաքական պատասխանատվության նկատառումներով։
Եվգենյա Համբարձումյան

