Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

Թուրքիայի հայոց պատրիարքությունը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ որդեգրված, պատրիարքության գնահատմամբ, բացասական դիրքորոշումը խոր ցավ և վիրավորանք է առաջացրել Հայաստանի և Սփյուռքի հավատացյալների շրջանում։

Պատրիարքությունից նշել են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հավատքի լուսավոր կենտրոնը, ինչպես նաև ազգային ու հոգևոր միասնության ամուր հենարանը։ Ըստ հայտարարության՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, իր ամբողջ նվիրապետությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, շարունակում է իր քրիստոնեական, ազգանվեր և ազգաշինական առաքելությունը։

Պատրիարքությունը խորապես վիրավորական է համարել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Եկեղեցու եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացների հարուցումն ու նրանց քրեական մեղադրանքներով աշխարհիկ դատարաններ կանչելը։ Հայտարարության հեղինակները նշել են, որ ցավն ավելի է խորանում, երբ, իրենց գնահատմամբ, անտեսվում են Հայաստանի Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։

«Սփյուռքի մեջ ևս Հայ Եկեղեցին շարունակում է առանցքային դեր ունենալ մեր ժողովրդի հոգևոր, ազգային և համայնքային կյանքում։ Հետևաբար Մայր Աթոռի հեղինակությունը թուլացնելու կամ նրա անձեռնմխելիությունը վիրավորելու միտում ունեցող ցանկացած քայլ վնասում է Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի միջև դարերով ամրացած կապերին»,– ասված է հայտարարության մեջ։

Պատրիարքությունից ընդգծել են, որ պետականությունից զրկված ժամանակաշրջաններում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին եղել է հայ ժողովրդի անխորտակելի հենասյուներից մեկը։ Ըստ հայտարարության՝ Եկեղեցին իր ներքին նվիրապետությամբ կարգավորել և շարունակում է կարգավորել Սուրբ Ավետարանի քարոզությունը, հոգևոր ծառայությունը, մխիթարական, բարեգործական և ազգային առաքելությունները։

«Ուստի Եկեղեցուն վերաբերող հարցերի մասին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և եկեղեցական նվիրապետության բարձրացրած ձայնի մեջ հանցագործություն որոնելը անտեղի և վիրավորական ենք համարում»,– նշել են Թուրքիայի հայոց պատրիարքությունից։

Պատրիարքությունը նաև հայտարարել է, որ ընթացող գործընթացները, իր գնահատմամբ, վիրավորում են ոչ միայն Մայր Աթոռի միաբանությանը, այլև Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռներին, հոգևորականությանը և միջեկեղեցական հարաբերություններին։

«Այսու, որպես Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռ, հայտնում ենք մեր զորակցությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին»,– ասված է հայտարարության մեջ։

Պատրիարքությունից կոչ են արել պատասխանատու բոլոր կողմերին «անխոցելի պահել Հայ Եկեղեցին» և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների։

Հայտարարության վերջում Թուրքիայի հայոց պատրիարքությունը վստահություն է հայտնել, որ Աստված ուժ կտա Եկեղեցուն՝ հաղթահարելու առկա դժվարությունները և խաղաղության առաջնորդելու այն։ Պատրիարքությունը նաև աղոթք է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն Հոգևոր Խորհրդի, նվիրապետական Աթոռների գահակալների, հոգևոր դասի, հավատացյալ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց համար։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում՝ դատավոր Հակոբ Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստը, դատավորը ինքնաբացարկ է հայտնել:

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսին և 6 եպիսկոպոսներին՝ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդի՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով: Արգելվեց հոգևորականներին լքել ՀՀ տարածքը։ Մասնավորապես, Սարոյանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը վիճարկել էր դատարանում՝ միաժամանակ ներկայացնելով նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որով խնդրել է մինչև վերջնական դատական ակտ կայացնելը իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Հոգևորականը, սակայն, ոչ միայն չէր վերականգնվել պաշտոնում, այլև կարգալույծ էր հռչակվել, իսկ Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդ էր նշանակվել մեկ այլ հոգևորական։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է հենց այս միջադեպի շուրջ։