Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
08.08.2026 | 17:55
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։
«Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։
Զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։
Քննարկվել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։

