«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
Քաղաքականություն
07.08.2026 | 21:44
Ռուսաստանի «Ռոդինա» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ Պետդումայի ընտրություններում «Յաբլոկո»-ի թեկնածուների դաշնային ցուցակը չեղարկելու պահանջով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովին, փոխանցում է Current time-ը։
Ժուրավլյովը լրագրողներին տված մեկնաբանություն «Յաբլոկո»-ն անվանել է «ազգային դավաճաններ»։
«Նրանք մարդիկ են, որոնք աշխատում են Արևմուտքի համար։ Նրանք մարդիկ են, ովքեր կիսում են արևմտյան արժեքները։ Նրանք պահանջում են մեր կապիտուլյացիան։ Բայց շատ կարևոր է, որ մենք ունենք ժողովրդավարական երկիր, և մենք չենք կարող մարդկանց հեռացնել նման բաների համար, քանի որ մենք ունենք խոսքի ազատություն։ Չնայած լավ կլիներ լռեցնել նման խոսքը»,- հայտարարել է նա։
Նրա պնդմամբ՝ «Ռոդինա» կուսակցությունը «Յաբլոկո»-ի կողմից օրենքի «զանգվածային» խախտումներ է հայտնաբերել, «հիմնականում՝ կապված ֆինանսավորման հետ»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ գրանցել էր «Յաբլոկո»-ի թեկնածուների ցուցակը։ Վիճակահանության արդյունքներով՝ կուսակցությունը քվեաթերթիկում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ «Եդինայա Ռոսիա»-ից հետո։
Դրանից հետո ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչները, մարդու իրավունքների պաշտպանները և լրագրողները «Յաբլոկո»-ի աջակցության արշավ են սկսել՝ շեշտելով, որ կուսակցությունը որևէ կապ չունի իրենց նախաձեռնության հետ։ Արշավի մասնակիցների թվում են քաղաքական գործիչներ Անդրեյ Պիվովարովը, Վլադիմիր Կարա-Մուրզան, Մաքսիմ Ռեզնիկը, մարդու իրավունքների պաշտպան Օլեգ Օռլովը, գրող Դմիտրի Բիկովը և ուրիշներ։ Յուլիա Նավալնայան նույնպես կոչ է արել աջակցել «Յաբլոկո»-ին կուսակցական ցուցակով քվեարկության ժամանակ։
Ռուսաստանի կառավարամետ կուսակցությունները, սակայն, քննադատել են «Յաբլոկո»-ի հակապատերազմական ծրագիրը։ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Սլուցկին հայտարարություն է տարածել՝ կոչ անելով «Յաբլոկո»-ն հայտարարել «անցանկալի կազմակերպություն»՝ հակապատերազմական քաղաքականության պատճառով։
Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն էլ հայտարարել է, որ «Յաբլոկո»-ն չի աջակցում «պետականության ամրապնդման քաղաքականությանը ռազմական բախման պայմաններում»։

