Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.08.2026 | 11:18Ազգային ժողովի հերթական նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը, արձագանքելով իր քեռու՝ տենդերներ շահելու վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի քննադատությանը, պնդել է՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։
Սարգսյանը հրապարակավ հարցրել է Աննա Գրիգորյանին իր ամուսնու ֆինանսական գործունեության մասին: Ըստ պատգամավորի՝ Գրիգորյանի ամուսինը, Range Rover մակնիշի ավտոմեքենայի միլիոնավոր դրամների գույքահարկը չվճարելու նպատակով, իրեն տարել է կեղծ սնանկության: Սարգսյանի պնդմամբ՝ ավտոմեքենան ԴԱՀԿ-ի կողմից եղել է հետախուզման մեջ, և Կապանի բնակիչները ականատես են եղել, թե ինչպես են իրավապահները փնտրել մեքենան՝ տուգանային հրապարակ տանելու համար:
Պատգամավորը բարձրաձայնել է ևս երկու դրվագի մասին: Առաջինը վերաբերում է Շրջակա միջավայրի նախարարությունում Աննա Գրիգորյանի և նրա հոր աշխատած տարիներին ստացված թույլտվությանը, որով փորձ է արվել ՀԷԿ կառուցել ոռոգման ջրագծի վրա: Ըստ Սարգսյանի՝ միայն նոր իշխանությունների միջամտությունն է թույլ չտվել շահագործել այդ ՀԷԿ-ը: Բացի այդ, նա հետաքրքրվել է, թե արդյոք ճիշտ է, որ պատգամավորը Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ից ընդամենը ամսական 25,000 դրամով տարածք է վարձակալել և այն դարձրել սրճարան-սրահ:
Անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատությանը՝ Գարիկ Սարգսյանը պարզաբանել է, որ իր քեռին հաջողակ բիզնեսմեն է 90-ականներից և նրա հաջողությունները կապված չեն իր պաշտոնի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։

