Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
Քաղաքականություն
31.07.2026 | 19:48
Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները ելույթ են ունեցել նիստում, որի ավարտին ստորագրվել է Չոլպոն-Աթայի հռչակագիրը։
Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերություններն Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ 2023 թվականի սկզբից ի վեր ինքը Կենտրոնական Ասիայի եղբայրական երկրներ է այցելել, ընդհանուր առմամբ, 16 անգամ, իսկ Կենտրոնական Ասիայի իր գործընկերները՝ Ադրբեջան՝ 26 անգամ։
«Այս վիճակագրությունը լավագույնս ցույց է տալիս մեր հարաբերությունների դինամիկան, և որ այսօր Կենտրոնական Ասիան ու Ադրբեջանը դարձել են միասնական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածաշրջան»,- նշել է նա։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կընդլայնի համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ. «Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Ադրբեջանը կլինի խորհրդակցական ձևաչափի ակտիվ անդամ և իր կողմից կգործադրի բոլոր ջանքերը՝ համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու և մեր երկրներն ու ժողովուրդներին մերձեցնելու համար»։
Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի պետությունների ղեկավարների հաջորդ խորհրդակցական հանդիպումը տեղի կունենա Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում՝ 2026 թվականի հոկտեմբերի 8-ին, հայտնել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի միացումը Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպումների ձևաչափին համագործակցությունը բարձրացնում է որակապես նոր մակրոտարածաշրջանային մակարդակի։
«Մեր առջև բացվում է պատմական հնարավորություն՝ ստեղծելու միասնական զարգացման տարածք, որը կմիավորի Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և մեր մերձավոր հարևան Աֆղանստանը։ Մենք պետք է լիարժեք օգտագործենք այս հնարավորությունը և համատեղ ջանքերով ամուր հիմք դնենք Եվրասիայի հենց սրտում կապի և բարիդրացիության կայուն զարգացման համար»,- ասել է Ուզբեկստանի նախագահը։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, իր հերթին, ընդգծել է, որ խորհրդատվական հանդիպումներին Ադրբեջանի լիիրավ մասնակցության փաստը նշանավորում է ձևաչափի դրական զարգացման նոր փուլ։
«Մեր համատեղ ջանքերի շնորհիվ ստեղծվում են պայմաններ քաղաքական երկխոսության ավելի խորացման, ներդրումների, էներգետիկայի, արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման և միասնական տրանսպորտային և լոգիստիկ համակարգի ձևավորման համար»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը։
Տոկաևի խոսքով՝ վերջին տարիներին ներտարածաշրջանային առևտուրը կայուն աճել է, ընդլայնվում են գործարար կապերը, ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ, իրականացվում են համատեղ ներդրումային նախագծեր, ամրապնդվում են մարդասիրական կապերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

