90 միլիոն դրամ ծախս, խափանված համակարգ․ ինչու ընտրություններից առաջ անհասանելի դարձավ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրը
Հասարակություն
29.07.2026 | 17:00
Պաշտոնատար անձինք յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 31-ը պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց տարեկան հայտարարագրերը։ Այդ հայտարարագրերի միջոցով նրանք հանրությանը հաշվետու են դառնում նախորդ տարվա ընթացքում ձեռք բերած գույքի, եկամուտների, ծախսերի, դրամական միջոցների և դրանց աղբյուրների վերաբերյալ։ Սակայն այս տարի հենց վերջնաժամկետի ավարտին՝ մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրը անհասանելի դարձավ, ըստ այդմ՝ հնարավոր չէր պարզել, թե պաշտոնատար անձինք ինչ են հայտարարագրել, երբ են ներկայացրել իրենց հայտարարագրերը կամ, առհասարակ, պահպանե՞լ են արդյոք հայտարարագիր ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը։
Այստեղ ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի օր անց՝ հունիսի 7-ին, կայանալու էին Ազգային ժողովի ընտրությունները, և համակարգը խափանված էր շուրջ 10 օր։
Ստացվում է՝ նման կարևոր քաղաքական իրադարձությունից առաջ հանրությունը հնարավորություն չուներ տեղեկանալու գործող իշխանության ներկայացուցիչների գույքային դրության և ունեցվածքի մասին։
Ո՞վ է սպասարկում հայտարարագրերի ռեեստրը, որքա՞ն գումար է ծախսվել ռեեստրի ստեղծման և անխափան աշխատանքի ապահովման համար, ինչո՞ւ այն անհասանելի դարձավ Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին․ Factor․ am-ը գնացել է այս հարցերի պատասխանների հետքերով։
Ինչու ընտրություններից առաջ սահմանափակվեց հայտարարագրերի ռեեստրի հանրային հասանելիությունը
Հայտարարագրերի ռեեստրի անհասանելի դառնալուց միայն մի քանի օր անց՝ հունիսի 3-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ՝ քաղաքացիներից հայցելով ներողամտություն։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդիրների կարգավորման և համակարգի վերազինման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ժամանակավորապես սահմանափակվել է ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը։ Աշխատանքների ավարտից անմիջապես հետո համակարգի բնականոն գործունեությունը և հայտարարագրերի ամբողջական հասանելիությունը կվերականգնվեն։ Հայցում ենք հանրության ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարության համար»,- հայտնել էին ԿԿՀ-ից։
Հանձնաժողովի հաղորդագրությունից, սակայն, պարզ չի դառնում, թե, ի վերջո, ինչն էր դարձել ռեեստրի անհասանելիության պատճառը։ Արդյոք այս պատասխանատու ժամանակահատվածում էր հանձնաժողովը որոշել վերազինել հայտարարագրերի ռեեստրի համակարգը, թե տեխնիկական խնդիրներ էին առաջացել, որոնց հետևանքով ռեեստրը դադարել էր գործել։ Այս հարցը պարզաբանելու նպատակով գրավոր հարցում էինք ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնել են.
«Հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի վերազինման տեխնիկական խնդիրների կարգավորման, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններին թվային հարձակումների փորձերի չեզոքացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մոտ 10 օր սահմանափակված է եղել հայտարարագրերի հրապարակային ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը։ Այս մասին Հանձնաժողովը նախապես հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ» (ընդգծումը՝ Factor.am-ի)։
Չնայած այս պնդմանը՝ ԿԿՀ-ն նախապես որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։ Ինչպես արդեն նշել ենք, կառույցի առաջին պաշտոնական հաղորդագրությունը հրապարակվել է միայն այն ժամանակ, երբ հայտարարագրերի ռեեստրն արդեն անհասանելի էր հանրության համար։
ԿԿՀ-ի պատասխանում, ինչպես տեսնում ենք, նշվում է, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ պետական մարմինների տեղեկատվական շտեմարանների նկատմամբ իրականացվել են թվային հարձակումների փորձեր։
Մեր հստակեցնող հարցին՝ արդյոք ԱԺ ընտրություններից առաջ հարձակման փորձ է իրականացվել հենց ԿԿՀ-ի հայտարարագրերի ռեեստրի էլեկտրոնային համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով սահմանափակվել է դրա հասանելիությունը, թե սահմանափակումը կրել է բացառապես կանխարգելիչ բնույթ՝ հնարավոր հարձակումներից խուսափելու նպատակով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը պատասխանեց, որ նման հարձակումների փորձեր իսկապես եղել են։
«Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել նաև վերազինել համակարգը։ Ռեեստրի հասանելիության սահմանափակման ընթացքում իրականացվել են նաև այդ աշխատանքները, որպեսզի հետագայում համակարգի հասանելիությունը կրկին սահմանափակելու անհրաժեշտություն չառաջանա»,- ասաց Տիգրան Ծատուրյանը։
Մոտ 90 մլն դրամ՝ հայտարարագրման համակարգի ստեղծման և անխափան աշխատանքի համար
ԿԿՀ ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե հայտարարագրերի ռեեստրի ստեղծման, ինչպես նաև սպասարկման համար մինչև օրս որքան գումար է ծախսվել և ինչ միջոցներից։ Ի պատասխան հայտնել են, որ համակարգի մշակման շրջանակում կոնկրետ հայտարարագրերի ռեեստրի համար ծախսված գումարն առանձնացնել և առանձին դիտարկել հնարավոր չէ, քանի որ այն մշակվել և ներդրվել է որպես ընդհանուր համակարգի անբաժանելի մաս։ Հնարավոր չէ առանձնացնել նաև ռեեստրի սպասարկման համար հատկացված գումարի չափը։ Բայց, ընդհանուր առմամբ, հայտարարագրման գործող էլեկտրոնային համակարգի ստեղծման և հետագա սպասարկման համար շուրջ 90 մլն դրամ գումար է հատկացվել։
Այսպես՝ հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ներդրվել է 2021 թվականի նոյեմբերի 29-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացվող «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակներում կնքված պայմանագրի հիման վրա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնում են, որ ի թիվս այլ փուլերի, պայմանագիրը ներառում էր նաև Համակարգի մշակման և հարմարեցման աշխատանքների (Development and Customization of the System) փուլ, որի համար նախատեսված է եղել ընդհանուր՝ 52,934,969 ՀՀ դրամ (առանց տեղական հարկերի)։
Այս ֆինանսավորումն, ըստ ԿԿՀ-ի, ուղղվել է ամբողջությամբ նոր էլեկտրոնային համակարգի ներդրմանը, քանի որ նախկին համակարգից անցում է կատարվել որակապես նոր լուծման, որն ապահովված է ամբողջական ֆունկցիոնալությամբ, պետական տեղեկատվական շտեմարանների հետ փոխգործելիությամբ, Հանձնաժողովի համապատասխան հաշվետվությունների գործառույթներից ինքնաշխատ դուրսբերման, վիճակագրական տվյալների արտացոլման, համակարգում կատարված ցանկացած գործողության լոգավորման, արհեստական բանականության (ԱԲ) գործիքների և մեքենայական ուսուցման (Machine Learning) համակարգերի հետագա ներդրման տեխնիկական և մի շարք այլ հնարավորություններով:
Պայմանագրով համակարգի կառուցման աշխատանքները վերջնականացնելուց հետո մատակարար կազմակերպությունը 3 տարի ժամկետով սպասարկել է համակարգը։ Նշված սպասարկման ժամկետը լրացել է 2025 թվականի նոյեմբերին: Համակարգի սպասարկման համար պետական բյուջեից 2025 թվականի համար (դեկտեմբեր ամիս) տրամադրվել է 2,322,000 ՀՀ դրամ, իսկ 2026 թվականի համար՝ 33,428,700 ՀՀ դրամ։
Այսինքն՝ ԿԿՀ-ի պատասխանից պարզ է դառնում, որ որ ԿԿՀ հայտարարագրման գործող էլեկտրոնային համակարգի ստեղծման և դրա հետագա սպասարկման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 88,685,669 դրամ գումար, որից 35,750,700 դրամը՝ 2025-ի դեկտեմբերի և 2026-ի համար՝ պետական ֆինանսավորմամբ, սակայն, չնայած համակարգի ստեղծման և սպասարկման համար հատկացված գրեթե 90 մլն դրամին, Ազգային ժողովի ընտրություններից առաջ, հենց այն ժամանակ, երբ հանրային վերահսկողությունն առավել կարևոր էր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրը հանրության համար անհասանելի էր։
Պաշտոնատար անձինք հնարավորություն ունեցել են հայտարարագրեր ներկայացնելու
Իսկ արդյոք այն շրջանում, երբ ռեեստրի հասանելիությունը սահմանափակված էր, պաշտոնատար անձինք հնարավորություն ունեցել են հայտարարագիր ներկայացնելու: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից վստահեցնում են, որ ունեցել են։
«Չնայած հայտարարագրերի հրապարակային ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիության սահմանափակմանը՝ հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգը գործել է առանց խափանումների և հայտարարատուները հնարավորություն են ունեցել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել համապատասխան հայտարարագրերը»,- հայտնել են ԿԿՀ-ից:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններից առաջ հայտարարագրերի ռեեստրի հանրային հասանելիության սահմանափակմանը, ԿԿՀ-ում, ինչպես պարզվում է, մտահոգված չեն էլ եղել, որ դա կարող է ազդել իրենց կառույցի հեղինակության վրա և կասկածի տակ դնել դրա գործունեության թափանցիկությունը։
«Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները հայտարարագրեր են ներկայացրել իրենց գույքի, եկամուտների, ու դրանք մշտապես հասանելի են եղել, իսկ ինչ վերաբերում է հայտարարագրերի ռեեստրին, հայտարարագրերը ոչ թե ներկայացնելու օրը միանգամից հրապարակվում ու հանրությանը հասանելի են դառնում, այլ, ըստ օրենքի, հրապարակվում են ներկայացնելուն հաջորդող հինգերորդ օրը։ Այսինքն՝ այդ ժամանակահատվածում նույնիսկ եթե միանգամայն հասանելի լիներ ռեեստրը, հանրությունը հայտարարագրերը չէր տեսնելու»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց հայտարարագրերի վարչության պետ Տիգրան Ծատուրյանը։
Սակայն հարկ է դիտարկել, որ ԱԺ ընտրությունները հունիսի 7-ին էին, այսինքն՝ անգամ ամենավերջին օրով ներկայացված հայտարարգրերը հնգօրյա ժամկետում հասանելի դառնալու էին հանրությանը, բացի այդ՝ հանրությանը զրկվել է նաև այլ՝ ավելի վաղ ներկայացված հայտարարագրերին ծանոթանալու հնարավորությունից։ Ծատուրյանը մեզ հետ զրույցում ասում է, որ այն շրջանում, երբ ռեեստրի հանրային հասանելիությունը սահմանափակված էր, ԶԼՄ-ները կարող էին գրավոր հարցմամբ ԿԿՀ-ից ստանալ իրեն հետաքրքրող հայտարարագրի վերաբերյալ տեղեկություններ, ինչը չեն արել։
«Դա օրենքով սահմանված է, ցանկացած լրագրող գիտի, որ տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակում կարող է դիմել և տեղեկություն ստանալ»,- նշեց Ծատուրյանը։ Մինչդեռ ԿԿՀ-ն հայտարարագրերի ռեեստրի հասանելիության սահմանափակման վերաբերյալ հայտարարության մեջ որևէ նշում չի կատարել այն մասին, որ չնայած ռեեստրի հասանելության սահմանափակմանը՝ քաղաքացիները կարող են հարցմամբ ստանալ իրենց հետաքրքրող տեղեկությունները։ Ստացվում է՝ լրագրողները պետք է կանխատեսեին, որ չնայած ռեեստրի հանրային հասանելիության սահմանափակմանը և տեխնիկական խնդիրներին՝ պաշտոնատար անձինք կարողանում են հայտարարագիր ներկայացնել, ինչպես նաև հայտարարագրերի բազան հասանելի է ԿԿՀ-ին։

Կոռուպցիայի կանխարգելման էլեկտրոնային համակարգի սպասարկումն իրականացնում է «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» բաժնետիրական ընկերությունը։ Պետական գնումների կայքում առկա են ԿԿՀ-ի և այս ընկերության միջև կնքված մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ շուրջ 33 մլն դրամի պայմանագիրը, որի մասին հիշատակել էր ԿԿՀ-ն։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննիսյանն անցնում է Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների գործով, որով նախկին նախարար Վահան Քերոբյանը ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Գործի քննությունը Հակակաոռուպցիոն դատարանում դեռևս շարունակվում է։ Այս ընկերությունում աշխատում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, որը գործի շրջանակներում կալանավորվել, ապա՝ ազատ էր արձակվել։
Բացի ԿԿՀ-ի կողմից հիշատակված 33 մլն դրամ արժեքով պայմանագրից պետական գնումների armeps. am հարթակում առկա պայմանագրերի ուսումնասիրությամբ մենք գտանք ընկերության հետ ևս մեկ խոշոր՝ 46 011 080 դրամի պայմանագիր։ Ըստ այս պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվել է նվերների էլեկտրոնային ռեեստրի էլեկտրոնային մոդուլ մշակել։
Ինչի համար է նախատեսված սպասարկման գումարը
ԿԿՀ-ից մեզ գրավոր պատասխանել են, թե ինչ ծառայություններ են ընդգրկված համակարգի սպասարկման մեջ։ Ըստ այդմ՝ պետական միջոցներից հատկացված սպասարկման գումարը նախատեսված և ուղղված է համակարգում առաջացող տեխնիկական խոտանների (bag) վերացմանը, որոնք իրականացվում են անսահմանափակ հիմունքներով, դրանց հետագա կանխարգելմանն ու սպասարկմանը, անվտանգության նախազգուշացումների և կրիտիկական անվտանգության թարմացումների, արտակարգ սպասարկման, շահագործման հարցերի վերաբերյալ հեռախոսով և էլեկտրոնային փոստով խորհրդատվությանը, ծրագրային ապահովման սպասարկմանը, վերջին տարբերակների ծրագրային ապահովման և օպերացիոն համակարգի թարմացումներին, տվյալների բազայի ողջամիտ կարգավորմանը, տվյալների որակի վերանայմանը, սպասարկման հաշվետվությունների, լիցենզիայի թարմացումների և ցանկացած այլ սպասարկման միջոցառումների և հաշվետվությունների համակարգի պատշաճ գործունեությունն ու աշխատանքը ապահովելուն: Բացի այդ, ԿԿՀ-ից ստացված պատասխանի համաձայն՝ սպասարկման պայմանագրի շրջանակում ռեսուրսներ են ուղղվել «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների կիրարկումն ապահովելու աշխատանքների կատարմանը, ինչպես օրինակ՝ հայտարարագրի ձևանմուշների փոփոխություններին, կրիպտոակտիվների վերաբերյալ առանձին բաժինների նախատեսմանը, հայտարարատուների շրջանակի փոփոխություններից բխող այլ ընթացիկ աշխատանքներին, հայտարարատուների գրավոր հարցումներին արագ արձագանքելու նպատակով Համակարգի chatwhoot հարթակի ներդրմանը, ինչպես նաև պետական շտեմարանների տվյալների փոխգործելիության ապահովմանը (մասնավորապես ներկայում ապահովված է Բնակչության պետական ռեգիստրի, ՀՀ ԱՆ Պետական ռեգիստրի գործակալության, ճանապարհային ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, Կադաստրի կոմիտեի շտեմարանների հետ փոխգործելիությունը, ինչպես նաև տարբեր հայտարարագրերի միջև վերաբերելի տվյալների ինքնաշխատ ներբեռնման հնարավորությունը։ Միաժամանակ, Համակարգն ապահովված է այլ տեղեկատվական շտեմարաններից տվյալների ինքնաշխատ ներբեռնման տեխնիկական հնարավորությամբ։ Ներկայում Հանձնաժողովը բանակցություններ է վարում իրավասու մարմինների հետ՝ օրենքով պաշտպանվող գաղտնիք (օրինակ՝ վարկային, արժեթղթերի և այլն) համարվող տվյալների հասանելիության հետ կապված իրավական խոչընդոտների կարգավորման և համապատասխան իրավական հիմքերի ապահովման նպատակով։
Այսպիսով՝ միլիոնավոր դրամներ են ծախսվել՝ պաշտոնատար անձանց հանրային հաշվետվողականությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց քաղաքական ամենապատասխանատու փուլում, երբ պետք էր ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորել, հանրությունը զրկվել է պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերիին ծանոթանալու հնարավորությունից, ինչը, տեսականորեն, կարող էր ազդել ընտրությունների օրը այս կամ այն ուժի օգտին քվեարկելու որոշման վրա։
Արաքս Մամուլյան

