ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
Տնտեսություն
28.07.2026 | 18:40
ՏԿԵ նախարարության և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս–հարավի Սիսիան–Քաջարան հատվածի 27.1 կմ ճանապարհի կառուցման ընթացքը, ինչպես նաև Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման և Մ-6 ճանապարհի բարելավման ծրագրերը։
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի ու հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ներկայացուցիչների հետ։
Քննարկման առանցքում էին ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի ընթացքը, առաջիկա քայլերը, ինչպես նաև դրանց իրականացմանն առնչվող իրավական, ֆինանսական և տեխնիկական հարցերը։
Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրով նախատեսվում է կառուցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի հյուսիսային 27,1կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Ծրագրի ֆինանսավորման նպատակով 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը կնքել են 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր։
Քննարկվել են ծրագրի ներկա վիճակը, մրցութային գործընթացների առկա փուլը, հողերի օտարման աշխատանքները, ինչպես նաև շինարարության մեկնարկին նախորդող կազմակերպական և տեխնիկական գործընթացները։
«Ասիական զարգացման բանկը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար։ Վստահ եմ, որ շարունակական համագործակցության և արդյունավետ համակարգման շնորհիվ կկարողանանք սահմանված ժամկետներում առաջ մղել մեր համատեղ ծրագրերը և ապահովել դրանց հաջող իրականացումը»,- նշել է նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման, ինչպես նաև Մ-6 միջպետական ճանապարհի հետաղետային վերականգնման և բարելավման նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Կողմերն անդրադարձել են ծրագրի տեխնիկական պատրաստվածությանը, ֆինանսավորման մեխանիզմներին և իրականացման հաջորդ փուլերին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը և պայմանավորվել նախկինի պես սերտ աշխատել՝ համատեղ ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացման նպատակով»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

