ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
Քաղաքականություն
27.07.2026 | 15:49
Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հուլիսի 27-ի առավոտյան հայտնել է, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել տարածաշրջանի վրա։ Նա ասել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղում «վերջին ժամանակների ամենազանգվածային հարձակումը», գրում է Meduza-ն։
Նրա խոսքով՝ հարվածի տակ է հայտնվել նաև Իժևսկը, այնտեղ օդային հարձակման տագնապ է հնչել։ Իշխանությունների նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։ Բրեչալովը չի հայտնել շարունակվող հարձակման այլ հետևանքների մասին։
Wildberries-ի տեսակավորման կենտրոնի և Սարապուլում գտնվող լոգիստիկ օբյեկտի աշխատակիցները տարհանվել են «անվտանգության պահանջներին համապատասխան», հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը: Այս օբյեկտների վրա հարձակման մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։
Astra-ն, որը վերլուծել է ականատեսների լուսանկարներն ու տեսանյութերը, ենթադրում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պրիորիտետ նավթավերամշակման գործարանի՝ Ռոսռեզերվի նավթաբազայի վրա: Հարձակման հետևանքները պարզ չեն: Պաշտոնական հաղորդագրություն չի եղել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հեռահար հարվածներ են հասցրել Ուդմուրտիայի և Յարոսլավլի մարզի նավթային օբյեկտներին:
«Հեռահար պատժամիջոցների ծրագիրն իրականացվում է, մենք նվազեցնում ենք պատերազմը ֆինանսավորելու Ռուսաստանի կարողությունը»,- մեկնաբանել է նա հարձակումները։
Յարոսլավլի մարզում, ըստ տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Եվրաևի, ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, վնասվել են տներ և մեքենաներ։
«Այս գիշեր մեր հեռահար պատժամիջոցները գործել են Ռոստովի մարզում։ Վնասվել է ռազմաճակատի գծից մոտավորապես 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող արտահանման տերմինալը։ Հարվածներ են հասցվել նաև Յարոսլավլի մարզի և Ուդմուրտիայի Հանրապետության նավթային օբյեկտներին, որոնք գտնվում են Ուկրաինայի սահմանից 1300 կիլոմետր հեռավորության վրա»,- գրել է Զելենսկին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

