CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
Քաղաքականություն
24.07.2026 | 21:53
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախկին ղեկավար Օզգյուր Օզելը ուրբաթ ստորագրել է Yeni Party կուսակցության (Նոր կուսակցություն) հիմնադիր փաստաթղթերը և հրաժարական տվել CHP-ի անդամությունից՝ իր հետ տանելով 91 պատգամավորի և հարյուրամյա կուսակցության խորհրդարանական ներկայությունը կրճատելով մինչև խորհրդարանում 44 տեղի։
Օզելը, որը CHP խմբակցության նախագահն էր, դատարանի կողմից Քեմալ Քըլըչդարօղլուին կուսակցության նախագահի պաշտոնում վերականգնելուց հետո հրաժարականի մասին հայտարարել է տեսանյութում, որտեղ ստորագրում է նոր կուսակցության հիմնադիր փաստաթղթերը։
Օզելի հետ միասին հրաժարական է տվել CHP-ի 90 պատգամավոր՝ միանալով նոր կուսակցության հիմնադիրների խորհրդին։ Հայտարարությունից հետո Օզելը փոխել է X-ի իր միկրոբլոգի լուսանկարը և իր էջից հեռացրել «CHP-ի նախագահ» պաշտոնը։
Կարճ ժամանակ անց կուսակցության հիմնադիրներից երկուսը փաստաթղթերը ներկայացրել են Ներքին գործերի նախարարություն։ Սպասվում է, որ ձևակերպումները կավարտվեն մի քանի ժամվա ընթացքում։
Այս զանգվածային հեռացումը Թուրքիայի հիմնադիր կուսակցության՝ CHP-ի մանդատների թիվը կրճատում է մինչև 44-ի, մինչդեռ «Նոր կուսակցություն» դաշինքը՝ 91 մանդատով, կդառնա խորհրդարանում երկրորդ ամենամեծ խումբը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո, որն ունի 277 մանդատ։
«Մեր ազգն է հիմնադրել Նոր կուսակցությունը։ Աշխատավորների նոր կուսակցությունը։ Թոշակառուների նոր կուսակցությունը։ Պետական ծառայողների նոր կուսակցությունը։ Արհեստավորների նոր կուսակցությունը։ Ֆերմերների նոր կուսակցությունը։ Կանանց նոր կուսակցությունը։ Երիտասարդների նոր կուսակցությունը։ Թուրքիայի նոր կուսակցությունը… Թող այն բարենպաստ լինի և հաջողություն բերի»,- X-ում գրել է Օզելը։
Մինչ այժմ CHP-ն երկրորդ ամենամեծ կուսակցությունն էր՝ 135 օրենսդիրներով։ Սակայն հրաժարականների պատճառով այդ թիվը նվազում է մինչև 44, ինչը նրան թողնում է չորրորդ տեղում՝ քրդամետ ընդդիմադիր DEM կուսակցությունից հետո, որն ունի 56 տեղ։
Նոր կուսակցության հիմնադրումը եզրափակում է մայիսին սկսված ընդդիմադիր կուսակցության պառակտումը, երբ թուրքական դատարանը չեղյալ էր հայտարարել CHP-ի 2023 թվականի համագումարը, որն Օզելին ընտրել էր նախագահ, Քըլըչդարօղլուին վերականգնելով այդ պաշտոնում։
Կանխատեսվում է, որ վճռաբեկ դատարանը սեպտեմբերին կքննարկի չեղարկման վերաբերյալ բողոքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

