Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
Քաղաքականություն
21.07.2026 | 22:09
Վրաստանում կալանավորել են երկրի քաղաքացի Գիորգի Չիգլաձեին՝ ռուսախոս կին զբոսաշրջիկի վրա հարձակման մեղադրանքով։ Նրան սպառնում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում։ Միջադեպի տեսանյութը արագ տարածվել է սոցիալական ցանցերում, այդ թվում՝ ռուսալեզու հարթակներում և Telegram-ի ու Instagram-ի էջերում։ Այս մասին ասվում է JAMNews-ի անդրադարձում։
Ռուսախոս լսարանը միջադեպը որակում է որպես ազգային պատկանելիությամբ պայմանավորված բռնություն։ Մեղադրյալի հարազատները, որոնք ականատես են եղել միջադեպին, բոլորովին այլ բան են պատմում։ Նրանց խոսքով՝ միջադեպին նախորդել են ռուսախոս զբոսաշրջիկների վիրավորանքները։
Ի՞նչ է կատարվում սկանդալային տեսանյութում
Դեպքի տեսանյութը հրապարակվել է հուլիսի 18-ին Պոլինա Կուրտայի ինստագրամյան էջում։ Հեղինակը տեսանյութը տեղադրել է հետևյալ նկարագրությամբ. «Մեր արձակուրդը @agaraniestate-ում ավարտվեց նրանով, որ մի տղամարդ, լսելով ռուսերեն խոսակցություն Թբիլիսիի մոտ գտնվող Կախեթիի հյուրանոցում, ներխուժեց մեր սենյակ (ընդունարանի աշխատակիցը նրան տվեց մեր համարը) և ծեծեց իմ ընկերուհուն @julimurr-ին, քանի որ նա խոսում էր ռուսերեն։ Ես նստած եմ Թբիլիսիում շտապօգնության մեքենայում՝ սարսափած իմ և իմ ընկերուհու կյանքի համար»։
Իր ինստագրամի պատմություններում հեղինակը նաև օգնություն և ուշադրություն է խնդրում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեից ստեղծված իրավիճակի հետ կապված։
Տեսանյութը տևում է 30 վայրկյան։ Դրանում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մտնում հյուրանոցի սենյակ և անգլերենով կոպիտ խոսում մի երիտասարդ կնոջ հետ։ Կինը փորձում է նրան դուրս հրել սենյակից և բռնում է նրա ձեռքը։ Ի պատասխան՝ տղամարդը հայհոյում է և հարվածում նրա դեմքին։ Կինն ընկնում է գետնին։ Այնուհետև երևում են շտապօգնության աշխատակիցներ, որոնք մտնում են սենյակ։ Երիտասարդ կինը պառկած է մահճակալին, դեմքին՝ արյան հետքեր։
Պոլինա Կուրտան Ինստագրամում ներկայանում է որպես հոնքերի ձևավորման մասնագետ։ Դատելով նրա Ինստագրամի էջից՝ ապրում է Մոսկվայում։ Դեպքից հետո նա գրել է, որ ուկրաինական ծագում ունի և ապրում է Ռուսաստանում, ընկերներն ուկրաինացիներ են։ Նրանք ծննդյան տարեդարձ են նշել Վրաստանում։
Միջադեպի համատեքստը
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին «Agrani Estate» հյուրանոցում։ Այդ պահին հյուրանոցում վրացի զույգի հարսանեկան խնջույք էր անցկացվում։ Հյուրանոցում էին նաև ռուսախոս կանայք։ Կնոջը հարվածած երիտասարդը փեսայի եղբայրն է, ասվում է հրապարակման մեջ։
Տեսանյութի հրապարակումից հետո հարսանիքին ներկա շատ մարդիկ գրել են միջադեպի մասին սոցիալական ցանցերում: Նրանց թվում է նաև ձերբակալվածի ազգական Թամունա Ցկիտիշվիլին։ Նա գրում է, որ հյուրանոցի հյուրերը նյարդայնացած էին հարսանիքից: Այդ պատճառով, իբր, նրանք հյուրերի վրա ջուր և գինի են լցրել պատշգամբից, թքել են նրանց վրա, իսկ վերջում մեզ լցրել։
«Ամբոխը ցրվել էր, բայց նրանք շարունակում էին սադրել: Տեսնելով, որ այնտեղ շատ հարբած երիտասարդներ կան, սկսել են նրանց վրա կատակել. «պապուասներ», «վրացիները խոզեր են»: Երբ հարսը պարել է, նրանք թքել են նրա վրա: Մենք հազար անգամ խնդրել ենք աշխատակազմին լուծել այս խնդիրը: Դժբախտաբար, նրանք չեն կարողացել դա անել։ Մենք չգիտենք, թե երբ կամ ինչպես, բայց փեսայի եղբայրը մոտեցել է [զբոսաշրջիկին] խոսելու, և նա բռնել է նրա կոկորդից: Նա հարբած էր, և ես նրան չեմ արդարացնում: Բայց ամեն ինչ տեղի է ունեցել դրանից հետո»,- գրել է նա։
Ավելի ուշ սոցիալական ցանցերում տարածվել են նաև մի քանի կարճ տեսանյութեր, որոնք ցույց են տալիս պատշգամբում կանգնած երիտասարդ կանանց և հարսանիքի հյուրերի միջև վիճաբանություն:
«Դուք ձեր տանը չեք»,- մեկ այլ տեսանյութում լսվում է, թե ինչպես է հարսանիքի հյուրն ասում պատշգամբում գտնվող զբոսաշրջիկներին։
Տեսանյութի հեղինակ Պոլինա Կուրտան Ինստագրամում կրկնել է, որ իր ընկերուհուն ծեծի են ենթարկել ռուսերեն խոսելու համար։ Նրա պնդմամբ՝ զբոսաշրջիկների կողմից հարսանիքի հյուրերին վիրավորելու մասին տեղեկությունները կեղծ են։
Ի՞նչ է ասում մեղադրյալի փաստաբանը
Պատմության լայնորեն տարածվելուց հետո համացանցում հայտնվել ենն լուսանկարներ, որոնցում երևում է մեղադրյալ Գիորգի Չիգլաձեն՝ պարանոցին վնասվածքներով։ Ձերբակալվածի փաստաբան Լաշա Կապանաձեն պնդում է, որ Չիգլաձեն վնասվածքներ է ստացել հյուրանոցի համարում, նախքան կնոջը հարվածելը։
Նա պնդում է, որ Չիգլաձեն «սադրանքի զոհ է դարձել»։ Փաստաբանը նույնպես ներկա է եղել հարսանիքին։ Նա ասում է, որ հարսանիքը տեղի է ունեցել առաջին հարկի պատշգամբում, մինչդեռ հյուրերը երրորդ հարկում էին. «Երրորդ հարկից երիտասարդ կանայք սկսեցին հարսին և փեսային գոռալ՝ «Համբույր»։ Մարդիկ վրդովված էին։ Ի պատասխան՝ [զբոսաշրջիկները] զայրացան և սկսեցին հեղուկ նետել [հյուրերի] վրա և թքել։ Հեղուկը թափվեց երաժշտական սարքավորումների վրա, և երաժշտությունը դադարեց»։
Ըստ նրա՝ այս միջադեպը հանգեցրել է բանավեճի։ Իրավիճակը սրվել է։ Ի վերջո, հարսանիքին հրավիրված երաժիշտ Ալեքսանդրե Մրելաշվիլին լքել է տոնակատարությունը։ Այնուհետև Գիորգի Չիգլաձեն բարձրացել է երրորդ հարկ։
Փաստաբանի խոսքով՝ երիտասարդը փորձել է կանանց բացատրել, որ նրանք խափանել են իր եղբոր հարսանիքը։ Կինը պահանջել է ռուսերեն խոսել, մինչդեռ Չիգլաձեն խնդրել է իր հետ խոսել վրացերեն կամ անգլերեն, «քանի որ նա գտնվում է իր երկրում»։
«Դրանից հետո կինը դարձել է ավելի ագրեսիվ, բռնել է Չիգլաձեի կոկորդից և վնասվածք պատճառել։ Չիգլաձեն բռնել է նրա ձեռքը և գոռացել՝ «Դո՛ւ, անիծյալ անբարոյական»»,- պատմել է նա։
Դրանից հետո բանավեճը վերաճել է ֆիզիկական բռնության, կինը մի քանի անգամ հարվածել է մեղադրյալին։ Սենյակում գտնվող մյուս կանայք սկսել են նկարահանել. «Կինը երկու ձեռքով հարվածել է Չիգլաձեի կրծքին։ Չիգլաձեն ցավ է զգացել։ Նա ինքնապաշտպանության նպատակով թափահարել է աջ ձեռքը և արմունկով հարվածել կնոջ դեմքին, ինչի հետևանքով նա ընկել է»։
Հյուրանոցի արձագանքը
Միջադեպից հետո Agrani Estate հյուրանոցային համալիրը սոցիալական ցանցերում տարածել է երկար հայտարարություն։ Հյուրանոցի աշխատակազմի պնդմամբ՝ ոստիկանություն է կանչվել իրավիճակի սրումից անմիջապես հետո, հյուրանոցը համագործակցում է քննության հետ։
«Բռնությունը տեղ չունի Agrani Estate-ում։ Մենք խորապես ցավում ենք, որ նման միջադեպ է տեղի ունեցել մեր տարածքում և անկեղծորեն մաղթում ենք լիակատար ապաքինում և բարեկեցություն բոլոր տուժածներին»,- ասվում է հյուրանոցի հայտարարության մեջ, որը բազմաթիվ դժգոհ մեկնաբանությունների է արժանացել։
Վրաստանի ՆԳՆ տարբերակը
ՆԳՆ-ի տվյալներով՝ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն։ Այս հոդվածը վերաբերում է դիտավորյալ թեթև մարմնական վնասվածք հասցնելուն։ Հանցագործությունը պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ։
«Ըստ ականատեսների՝ Թելավիի հյուրանոցում հարսանեկան արարողության ժամանակ հյուրանոցում գտնվող օտարերկրյա քաղաքացիները պատշգամբից վիրավորել են հյուրերին և ջուր լցրել սարքավորումների վրա, որից հետո մեղադրյալը մարմնական վնասվածք է պատճառել օտարերկրյա քաղաքացիներից մեկին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործը ձերբակալվել է»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

