Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
Քաղաքականություն
17.07.2026 | 16:42
44-օրյա պատերազմը տարածաշրջանում ստեղծել է նոր իրողություններ և անվտանգության նոր ձևաչափ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ անվտանգության այս ձևաչափը հիմնված է միջազգային իրավունքի գերակայության վրա։
«Վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, ստեղծում են եզակի հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար»,- ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ քննարկումների ընթացքում ռուս գործընկերոջը ներկայացրել է Արցախի տարածքներում իրականացվող վերականգնման և վերակառուցման աշխատանքները, նախկին ներքին տեղահանված անձանց վերադարձի գործընթացը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը։
«Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի»,-հայտարարել է Բայրամովը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

