Եթե նույնիսկ ՌԴ-ն վերացնի ՀՀ-ի դեմ սահմանափակումները, ԵՄ-ն կպահպանի ազատ առևտրի ռեժիմը․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.07.2026 | 19:30Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների լարվածությունն իր անդրադարձն է գտել նաև տնտեսական հարաբերությունների վրա՝ ստեղծելով վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Աքսես» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ մեկնաբանելով ռուսական կողմի սահմանափակումները հայկական ապրանքների նկատմամբ և գազի գնի հնարավոր վերանայման շուրջ զարգացումները։
«Ըստ էության՝մենք տեսնում ենք վերջին տարիների համար աննախադեպ լարված տնտեսական իրավիճակ Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը տարբեր ձևերով է արտահայտվում, այդ թվում՝ նաև արտահանման հետ կապված խնդիրներով։ Կա բուսասանիտարական որոշակի սահմանափակում հայկական ապրանքների նկատմամբ և նաև ձկնամթերքի նկատմամբ՝ չհաշված կոնյակի և հանքային ջրի նկատմամբ էպիզոդային բնույթ կրող սահմանափակումները»,- նշեց տնտեսագետը։
Չնայած առկա լարվածությանը՝ Ֆանյանը կանխատեսում է, որ առաջիկայում որոշակի դեէսկալացիա տեղի կունենա, քանի որ տնտեսական կապերը մնացել են Ռուսաստանի ազդեցության վերջին գործիքը Հայաստանի վրա։
«Առաջիկա շաբաթների ընթացքում մենք, ըստ էության, դեէսկալացիայի առանձին տարրեր կտեսնենք, որովհետև ինքը՝ Ռուսաստանը, ևս հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանմամբ, որովհետև դա մնացել է միակ տնտեսական լծակը, միակ լծակը, որով Ռուսաստանը կարող է իր ազդեցությունը տարածել Հայաստանի վրա։ Հետևաբար, հարաբերությունները պետք է գնան դեպի դեէսկալացիայի ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ հավանականությունը բավականին բարձր է, որ առաջիկա ամիսներին այդ ապրանքների մի զգալի մասը կթույլատրվի արտահանել Ռուսաստան»։
Ըստ Ֆանյանի՝ այս պահին հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում ամենաիրական ռիսկը գազի գնի հնարավոր վերանայումն է։ Նա հիշեցրեց 2013 թվականի համաձայնագրի մասին, որով գազային ոլորտը փաստացի ամբողջությամբ անցավ ռուսական կողմին՝ պարտավորեցնելով Հայաստանին օգտագործել ռուսական գազ։
«Եթե Հայաստանը շարունակում է եվրաինտեգրման ուղղությամբ քայլեր իրականացնել, Ռուսաստանը կարող է վերանայել գազի գինը Հայաստանի համար։ Եթե գինը դառնում է 350 դոլար մեկ հազար խորանարդ մետրի համար, մեզնից պահանջվելու է լրացուցիչ մոտավորապես 400 միլիոն դոլար տարեկան, որը բավականին շոշափելի գումար է մեր տնտեսության համար։ Սա արդեն մեր ՀՆԱ-ի մոտավորապես 1,3 տոկոսին համարժեք գումար է իրենից ներկայացնում»։
Տնտեսագետի համոզմամբ՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը զուտ տնտեսական չէ, այլ աշխարհաքաղաքական և քաղաքակրթական։ Նա զուգահեռներ անցկացրեց 90-ականների անկախության հետ, երբ երկիրը գնաց կարճաժամկետ զրկանքների՝ հանուն երկարաժամկետ ինքնիշխանության։
«Հարցն աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին է, և այստեղ տնտեսությունն ուղղակի այն հետևանքներն են, որ իր վրա կրելու է։ Ակնհայտ է, որ եվրոպական ուղու ընտրությունը մեր տնտեսության համար որոշակի բարդություններ է ստեղծելու։ Սակայն սա դեռևս չի նշանակում, որ եթե, օրինակ, մենք ունենալու ենք կորուստներ, ուրեմն եվրոպական ինտեգրման ճանապարհը չպետք է ընտրենք։ Ես ինքս պատկերացնում եմ դեպի արևմտյան քաղաքակրթության ընտանիքում լինելով, այսինքն՝ Հայաստանը որ լինի արևմտյան աշխարհի մի մասը, և այս առումով նույնիսկ այն վնասները, որ մենք կրելու ենք, մեր բնակչությունը, մեր հասարակությունը պետք է որոշակի զրկանքներ ունենա։ Դա նույնն է, ինչպես 90-ականների սկզբին անկախությունն ուներ իր գինը»։
Անդրադառնալով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման հնարավոր փոփոխությանը՝ Ֆանյանը նշեց, որ ակնկալում է շոշափելի քայլեր մինչև տարեվերջ, և որ ռուսական կողմի համար առավել ընդունելի այլընտրանք կարող է լինել ղազախական ընկերությունը։
«Ես սպասում եմ առաջիկա ամիսներին, որ մեր իշխանություններն ավելի ակտիվ կգտնվեն։ Կարծում եմ՝ մինչև տարվա վերջ մենք կարող ենք ունենալ որոշակի շոշափելի քայլեր։ Կարծում եմ՝ ամենառեալ տարբերակը Ղազախստանն է։ Դա «չարյաց փոքրագույնն» է իրենց համար, որովհետև մեր կառավարությունը, ըստ էության, ուզում է առավել քիչ դիմադրության ճանապարհով գնալ, որովհետև կարող էին լինել այլընտրանքներ՝ պայմանական գերմանական կամ իտալական երկաթուղիները, բայց Ռուսաստանին քիչ ցավեցնելու ձգտումը հանգեցնում է նրան, որ պոտենցիալ օպերատորը լինի ղազախականը»,– եզրափակեց Հայկազ Ֆանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

