ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը

Լուրեր

06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել հարցերի։

Ստորև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը․

 

«Ձերդ գերազանցություն տիկին նախագահ, ուրախ եմ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեր վերջին հանդիպումն ուղիղ երկու ամիս առաջ էր՝ Եվրոպական քաղաքական համայնքի՝ Երևանում կայացած 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, որի արդյունքում ձեռք բերվեցին մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար կարևոր պայմանավորվածություններ։

Մեր գործընկերության հիմքում ունենալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և «ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը՝ մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում, հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր Կառավարության՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության ամրապնդման և խաղաղության օրակարգերին։

Տիկին նախագահ,

Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ ԵՄ–ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ «ՀՀ-ն և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ» այս արտահայտությունն օրեցօր ավելի է նյութականանում՝ ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական տնտեսական կիրառում։

Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք ՀՀ առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ ԵՄ աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ կողմից տրամադրված 52 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար՝ լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանումների խթանման ուղղությամբ ԵՄ աջակցությունը կլինի շարունակական:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար: Արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահն այդ մասին հայտնեց: Համոզված եմ՝ նաև իր խոսքում այդ մասին կխոսի: Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ–ի հետ Ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում ԵՄ-ն կկիրառի այս գործիքը։ Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը: Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավոր սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է:

Հարգելի գործընկերներ,

Վերջին ամիսների ընթացքում մեզ հաջողվել է առաջընթաց արձանագրել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մեկ այլ կարևորագույն ուղղություններից մեկում՝ կապակցվածության ոլորտում: Դրա վառ ապացույցը ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարության և նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև hամապատասխանաբար՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհի իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության և հաստատման նամակի ստորագրումն է:

Էներգետիկայի ոլորտում ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը նաև հնարավորություն կընձեռի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։ Գործընկերոջս հետ քննարկել ենք այս հարցում ԵՄ աջակցության հաստատման և հատկացման հարցը։

«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի կյանքի կոչման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջափակման համատեքստում տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։

Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ առավել սերտ համագործակցել նաև թվային, մասնավորապես՝ արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ միաժամանակ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կնպաստի ԵՄ մասնավոր ներդրումների աճին։ Այս առնչությամբ կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ և թվային մալուխի ծրագրերին:

Մեծարգո տիկին նախագահ, սիրելի Ուրսուլա,

Թույլ տվեք ևս մեկ անգամ Ձեզ հայտնել երախտագիտությունս՝ սերտ գործընկերության և Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի նպաստ ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման:

Շնորհակալություն: