ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
Հասարակություն
01.07.2026 | 09:48
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերին՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն առաջարկվող կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ։ ՄԻՊ-ը կարևորում է, որ նախագծերի շուրջ անցկացվեն հանրային քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
«Այս ընթացքում քննարկման փուլում են գտնվում ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերը:
Չնայած միջազգային փաստաթղթերի համաձայն՝ պետությունն ունի ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների շրջանակը որոշելու հայեցողություն՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն նախագծերով առաջարկվող նշված կարգավորումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
Նկատի ունենալով վերը նշվածը և այն, որ իրավունքների սահմանափակմանն առնչվող ցանկացած նախաձեռնություն ազդեցություն է ունենում մարդու իրավունքների ընդհանուր համակարգի տեսանկյունից` Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ քննարկման փուլում են Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների մասին նախագծերը, որոնցով առաջարկվում է ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքի համար սահմանել Հայաստանում փաստացի բնակվելու պահանջ։ Նախագծով քաղաքացին պետք է վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 366 օր բնակված լինի Հայաստանում։

