Զախարովայի պնդումը անհիմն է. ինչ է «Արծիվ գործընկեր-2026»-ը և ինչ պատրաստություն են անցնում հայ զինվորականները

Լուրեր

22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 18-ի իր ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությանը՝ նշելով, որ Երևանի կողմից ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցման ֆոնին «ՆԱՏՕ-ի երկրների հետ նման մանևրները ոչինչ չեն առաջացնում, բացի ափսոսանքից»։ 

«ՆԱՏՕ-ի նպատակը ակնհայտ է։ Ամենազարմանալին այն է, որ հենց ՆԱՏՕ-ն էլ դա չի թաքցնում։ Այդ նպատակը Հայաստանի Հանրապետությունը նրա ավանդական դաշնակցից՝ Ռուսաստանից, շարունակաբար հեռացնելն է։   Գաղտնիք չէ, որ նմանատիպ վարժանքների ընթացքում հենց մեր երկիրն է ներկայացվում որպես հավանական հակառակորդ: Այսինքն՝ հայ զինվորականներին սովորեցնելու են պատերազմել Ռուսաստանի դեմ»,- ասել է Զախարովան։

Ինչ է «Արծիվ գործընկեր» զորավարժությունը

«Արծիվ գործընկեր-2026»-ը (Eagle Partner 2026) միջազգային խաղաղապահական զորավարժություն է, որն անցկացվում է Հայաստանում 9 օր տևողությամբ՝ 2026 թվականի հունիսի 17-ից մինչև հունիսի 25-ը։ 

Այն կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ։  ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից բացի՝ այս տարի առաջին անգամ մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։

Հայաստանից ներգրավված է 250 զինծառայող՝ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից, ԱՄՆ-ից՝ 58 զինծառայող Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերից ու Կանզասի ազգային գվարդիայից։ Ֆրանսիան և Հունաստանը զորավարժությանը մասնակցում են առաջին անգամ․ Ֆրանսիայից մասնակցում է 24, իսկ Հունաստանից՝ 11 զինծառայող։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ զորավարժության ընթացքում անցկացվելու են խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ: 

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝  զորավարժության հիմնական նպատակներն են՝ ️

  • խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացումը, 
  • կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացումը,
  • ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդումը:

Նշվում է, որ խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Ի տարբերություն Մարիա Զախարովայի հայտարարության՝ պետք է ընդգծել, որ «Արծիվ գործընկեր-2026»-ը ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված կամ ղեկավարվող զորավարժություն չէ։ 

ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում ու փաստաթղթերում «Արծիվ գործընկեր» (Eagle Partner) զորավարժությունը չի հիշատակվում որպես ՆԱՏՕ-ի սեփական միջոցառում։ Դաշինքի պաշտոնական կայքում հրապարակվող ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժությունների ցանկերում այս վարժանքը ներառված չէ, քանի որ այն կազմակերպվում է անդամ պետությունների կողմից անհատապես։

Ռուսաստանի արձագանքը

Այս զորավարժությունը առաջին անգամ չէ, որ արժանանում է ռուսական կողմի քննադատությանը։ ՌԴ-ն պաշտոնական մակարդակով՝ հիմնականում ԱԳՆ-ի և Կրեմլի խոսնակների միջոցով, «Արծիվ գործընկեր» զորավարժությանը անդրադարձել է անցկացման բոլոր տարիներին (2023, 2024 և 2025 թվականներին)։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը 2023թ. սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը և ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքները «խորը վերլուծության կարիք ունեն» և դիտարկվում են որպես «անբարյացակամ քայլեր»։ Պեսկովն այդ ժամանակ ընդգծել էր, որ Մոսկվան այդ նպատակները կպարզի Երևանի հետ երկխոսության ընթացքում։ 

2024-ին Զախարովան կրկին անդրադարձել էր Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժությանը և նշել, որ նման «արծվային գործընկերությունները» միշտ վատ են ավարտվում. 

«Արևմուտքը օգտագործում է երկրներին և դուրս նետում՝ որպես անպիտան իր»,- ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 

Զորավարժությունների ինչպիսի տեսակներ կան

Զորավարժությունները դասակարգվում են ըստ մի քանի հիմնական հատկանիշների՝ նպատակի, մասնակիցների կազմի, անցկացման միջավայրի և ձևաչափի։

«Արծիվ գործընկերը» պաշտոնապես դասվում է միջազգային խաղաղապահ զորավարժությունների շարքին, քանի որ դրա հայտարարված նպատակները վերաբերում են խաղաղապահ առաքելություններին և փորձի փոխանակմանը, ոչ թե հարձակողական կամ Ռուսաստանի դեմ գործողությունների մշակմանը։

Գոյություն ունեն նաև մարտավարական, ռազմավարական, հրամանատարաշտաբային, դաշտային, հատուկ նշանակության, ծովային, օդային զորավարժություններ, որոնք տարբեր են ըստ իրենց նպատակի։

«Արծիվ գործընկեր» զորավարժությունն առաջինն անցկացվել է 2023-ի սեպտեմբերի 11-20-ը, 2024-ինը՝ հուլիսի 15-24-ը, 2025-ինը՝ օգոստոսի 12-20-ը։

Թեև Ռուսաստանը «Արծիվ գործընկեր» զորավարժությունները քննադատել է դրանց անցկացման բոլոր տարիներին, Մարիա Զախարովայի այս տարվա պնդումը, թե «հայ զինվորականներին սովորեցնելու են պատերազմել Ռուսաստանի դեմ», չի տեղավորվում զորավարժության նպատակների մեջ: 

Այդ զորավարժությունները կրում են խաղաղապահ բնույթ, սակայն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին ստացել են քաղաքական հնչեղություն։ Հետևաբար, Զախարովայի այս պնդումը հիմնված չէ հրապարակային փաստերի վրա և ունի գնահատողական բնույթ: 

Անի Թամրազյան