13,500-ից ավելի մասնակից, 40 եզրափակիչ անցած աշակերտ և հազարավոր կարդացված գրքեր․ ավարտվեց Koreez «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթի հիմնական փուլը
Վճարովի բովանդակություն
Հայաստանում վերջին ամիսներին հազարավոր երեխաների առօրյայի մի մասը դարձել էին գրքերը։ Նրանք կարդում էին տանը, դպրոցում, արձակուրդների ընթացքում, քննարկում էին հերոսներին, կիսվում իրենց տպավորություններով և քայլ առ քայլ առաջ շարժվում Koreez «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթի փուլերով։
Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթը, որն իրականացնում են Koreez կրթական ծրագիրը և «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, այս տարի գրանցեց աննախադեպ մասնակցություն։ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից մրցույթին միացավ ավելի քան 13,500 աշակերտ։
Այս տարի նախաձեռնությունն ընդլայնվեց․ առաջին անգամ մրցույթին մասնակցեցին նաև 2-րդ դասարանի աշակերտները։ Յուրաքանչյուր մասնակից պետք է ընթերցեր իր տարիքային խմբին համապատասխան 6 գիրք և հաղթահարեր մրցույթի երեք փուլերը, սակայն, կազմակերպիչների համոզմամբ՝ ամենակարևոր արդյունքը ոչ թե մասնակիցների կամ հաղթողների քանակն է, այլ այն, որ հազարավոր երեխաներ ընթերցել են գրքեր ու այն դարձել է իրենց առօրյայի կարևոր ու անբաժան մասը։
Գիրքը՝ որպես ընտանեկան տոն
Այս տարվա մրցույթի ընթացքում առավել քան երբևէ նկատելի էր ընտանիքների ներգրավվածությունը։ Շատ երեխաներ գրքերը կարդում էին ծնողների, քույրերի և եղբայրների հետ միասին, քննարկում հերոսներին, կիսվում տպավորություններով և միասին պատրաստվում հաջորդ փուլերին։
«Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Նազելի Տերտերյանի խոսքով՝ նախաձեռնության իրական հաջողությունը հենց այս միասնության մեջ է։
«Այս նախաձեռնությունը ստեղծվել է այն համոզմամբ, որ գիրքը կարող է փոխել երեխաների մտածողությունը, աշխարհայացքն ու ապագան։ Այսօր, երբ տեսնում ենք հազարավոր երեխաների, որոնք կարդացել են տասնյակ հազարավոր էջեր, հասկանում ենք, որ մեր նպատակը հաջողվել է։ Առավել ուրախալի է, որ ընթերցանության այս ճանապարհին ներգրավվել են նաև ընտանիքները »։
Ընթերցանությունը խթանում է նաև գրքի ոլորտի զարգացումը
Մրցույթի կարևոր ազդեցություններից մեկն արձանագրվեց նաև գրքի շուկայում։ Մասնակիցների մեծ քանակի շնորհիվ զգալիորեն աճեց մանկապատանեկան և գեղարվեստական գրականության պահանջարկը։
Մրցույթը դարձավ կարևոր հարթակ երիտասարդ հեղինակների, հրատարակիչների և գրախանութների համար՝ նպաստելով հայալեզու գրքի տարածմանն ու ընթերցանության մշակույթի զարգացմանը։
40 լավագույն ընթերցողները՝ եզրափակիչ փուլում
Մի քանի ամիս տևած մրցակցային ճանապարհի արդյունքում ընտրվեցին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները, որոնցից միայն 40 աշակերտներ հնարավորություն ստացան անցնել եզրափակիչ փուլ։
Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի խոսքով՝ մրցույթի ամենամեծ հաղթանակը ոչ թե եզրափակիչ անցած աշակերտների թիվն է, այլ ընթերցանության նկատմամբ ձևավորված հետաքրքրությունը։
«Անկեղծ ասած՝ մեզ համար ամենակարևոր թիվը 40-ը չէ, այլ 13,500-ը։ Դրանք այն երեխաներն են, որոնք այս ամիսների ընթացքում ժամանակ են հատկացրել գրքին, կարդացել են, մտածել են, քննարկել են և բացահայտել նոր աշխարհներ։ Եթե կարողացել ենք հազարավոր երեխաների մոտ ամրապնդել գրքի հանդեպ սերը, ապա արդեն իսկ մեծ հաղթանակ ենք տարել։ Սա մրցույթ չէ միայն, սա ներդրում է Հայաստանի ապագայի մեջ»։
Հաղթողների անունները կհայտարարվեն Koreez-ի մեծ բեմում
Թե ովքեր կդառնան Koreez «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթի հաղթողները, մասնակիցները կիմանան ավելի ուշ՝ Հայաստանի Հանրապետության ամենամեծ կրթական շոու-մրցանակաբաշխության ժամանակ։
Հենց այդ բեմում էլ կամփոփվեն մրցույթի արդյունքները, կհայտարարվեն հաղթողները և կպարգևատրվեն լավագույն ընթերցողները։
Կազմակերպիչների համոզմամբ՝ «Իմ ընկեր Ալենը» մրցույթն արդեն վաղուց դուրս է եկել սովորական մրցույթի շրջանակներից և դարձել է ընթերցանության համազգային շարժում։