Թվեր, որ կարող են փոխել պատմությունը․ ընտրության թաքնված ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.06.2026 | 21:1129 օր քարոզարշավ, 1 օր լռություն, 1 օր ընտրություն, առայժմ՝ 7 օր քննարկումներ․ այս նախադասությունը կստանանք, եթե փորձենք Հայաստանի վերջին ամենամասշտաբային իրադարձությունը ներկայացնել ոչ թե պատմություններով, այլ թվերով։
Այսօր այդպես ենք վարվելու․ մենք չենք լսել փորձագետների, չենք փնտրել «հետո ի՞նչ կլինի» հարցի պատասխանը․ սա անդրադարձ է 2026-ի խորհրդարանական ընտրությունների՝ բացառապես թվային, երբեմն՝ անտեսվող շերտերին։
- Մեկ ձայնի կարևորությունը․ 0,004%
Նախորդ շաբաթ մեր հաղորդումն ընտրությունների գնալու անհրաժեշտության մասին էր. մենք ձեզ ասում էինք, որ ձեր ձայնը կարևոր է։ Մի ամբողջ ամիս այս միտքը տարբեր ձևակերպումներով ասում էին պաշտոնյաներ, քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հետընտրական առաջին օրերին ամենաքննարկված թիվը, թերևս, 0,004%-ն էր։ Հենց այդքան է, նախնական արդյունքներով, պակասում կուսակցությանը խորհրդարան մտնելու համար։ Ստացվում է՝ եթե ԲՀԿ-ի մի քանի տասնյակ պոտենցիալ համակիր լսեր հորդորները և գնար քվեարկության, ապագա խորհրդարանի պատկերը կարող էր տրամագծորեն փոխվել։
Կուսակցությունում վստահ են՝ իրենց ոչ թե քվեարկող էր պակասում, այլ թվերի ճշգրտություն, ուստի մեկնարկեց վերահաշվարկը։
Իրադարձությունները կարող են 2 ուղղությամբ զարգանալ․
Սցենար 1՝ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի ընդհանուր ձայները չեն հատում 4 տոկոսի շեմը․ այդ դեպքում խորհրդարանում կլինի 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով։ Այս համամասնությունը ՔՊ-ին թույլ կտա միայնակ ընդունել կամ փոփոխել սահմանադրական օրենքներ, այսինքն միաձայն որոշել՝ ինչպիսինը կլինեն, օրինակ, Ընտրական, Դատական օրենսգրքերը, ով կլինի ՄԻՊ, Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանի դատավոր և այլն։
Սցենար 2՝ պակասող ձայները լրացնում են պակասող 0,004 տոկոսը և ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան։
Այս դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 61, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 28, «Հայաստան» դաշինքը՝ 11, «ԲՀԿ»-ն՝ 5 մանդատ։
Մինչ վերջնական արդյունքը կլինի՝ ի հայտ եկան նոր թվեր․ ԿԸՀ-ն որոշեց անվավեր ճանաչել Երևանի ու Սյունիքի մեկական ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ Այս իրավիճակում կարող է նախատեսվել վերաքվեարկություն, բայց սա պարտադիր չէ․ եթե դա տեղի չունենա, ԲՀԿ-ն կկորցնի 213 քվե։
2․ Ավելի քան 1 մլրդ դրամ՝ քարոզարշավի 25 օրում
8 քաղաքական ուժերը մարդկանց իրենց գոյության ու հավակնությունների մասին պատշաճ ծանուցելու համար պատկառելի գումար են ծախսել․ մայիսի 3-ից մայիսի 27-ը՝ ավելի քան 1 միլիարդ դրամ։ Այս թվի մեջ ներառված չեն այն ծառայությունները, որոնք քաղաքական ուժերը ստացել են որպես նվիրատվություն։
Ամենաշատ փողը ՔՊ-ն է ծախսել․ ընդհանուր 1 միլիարդից ավելի քան կես միլիարդն այս քաղաքական ուժին է բաժին ընկնում։ Հաջորդիվ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներն են և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Որքան աշխատեցին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կազմակերպող ու հարթակ ապահովող ընկերությունները։ Օրինակ՝ նախորդ 90 օրվա ընթացքում միայն «Ուժեղ Հայաստան» անունով ֆեյսբուքյան էջը Meta-ում քաղաքական գովազդ միացնելու համար ավելի քան 300,000 դոլար է ծախսել, «Քաղաքացիական պայմանագիր» ու «Ռոբերտ Քոչարյան» էջերը՝ մոտ 80,000-ական դոլար։ Մենք չենք թվարկի քաղաքական ուժերին փոխկապակցված բոլոր այն էջերը, որոնցում վերջին 3 ամսում տասնյակ հազարավոր դոլարների գովազդ է միացվել։
Բայց այս գործընթացում փող ծախսողը միայն քաղաքական ուժը չէ․ պետությունը փող պիտի տա այն կուսակցություններին, որոնք հավաքել են ավելի քան 2 տոկոս ձայն, բայց չեն կարողացել հաղթահարել 4 տոկոսի շեմը։
Այսպես՝ պետական բյուջեից 33 միլիոն 618 հազար դրամ կուղղվի 2,3% ձայն հավաքած «Միասնության թևեր»-ին և 30 միլիոն 797 հազար դրամ՝ 2,11% ձայն հավաքած Հայաստանի շնորհապետական կուսակցությանը։
Եթե «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարան չանցնի, ապա պետությունից կստանա 58 միլիոն 368 հազար դրամ։
3․ Փողեր, որոնք չեն հասցնի ծախսել
Քարոզարշավի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրություններն ուշադիր լսած քաղաքացիները գաղտնալսված անձանց կենցաղային խնդիրներին ծանոթացան։ Եթե մեղքը ապացուցվի նրանք ավելի լուրջ խնդիրր կունենան․ տարիներ՝ ճաղերի ետևում։
Փետրվարի 7-ից մինչև ընտրությունների օրը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ։ Դրանցից 77-ը կամ 67%-ը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ին, 24-ը կամ 20,8%-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, 11-ը կամ 9,6%-ը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքին։
Այս թվերն արդյոք նշանակում են, որ բոլոր ենթադրյալ ընտրակաշառք տվողներն ու վերցնողները բացահայտված են։ Փաշինյանն ակնարկում է՝ ոչ։
«Ընտրակաշառքների նկատմամբ ամենաթոփ մակարդակից մինչև ամենաներքևի մակարդակ կա հանդուրժողականություն և չեմ զարմանա, եթե պարզվի, որ նախորդ ընտրությունների ընտրակաշառքի վրա բռնված ոչ մեկ էսօր բանտում չի»,- հայտարարում է նա։
4․ 1 ձայնը՝ 3000 դրամ․ ի՞նչ արժեցավ ընտրությունը պետության համար
Քարոզարշավի, գովազդի, ընտրակաշառքի և այլնի վրա ծախսված գումարը յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրն է. Բայց ընտրությունները կազմակերպել է ՀՀ հարկատուն․ մեր վճարած հարկերից այս ընտրությունների կազմակերպման համար ԿԸՀ-ին 4 միլիարդ 451 միլիոն 688 հազար դրամ է հատկացվել։
Ընտրությունը քաղաքացու ձայնը լսելու գործիք է. Այս օրը կարող էր լսվել 2 մլն 506 հազար 396 քաղաքացիների ձայն, բայց քվեարկեց 1 միլիոն 477 հազար 736-ը։ Ստացվում է, որ մեկ քվեն արժեցավ մոտ 3000 դրամ։
5․ Եվ այս ամենը՝ հանուն այս թվերի
Ջանքերն արդյունք տվեցին. գրանցվեց վերջին 3 ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը։ Քվեարկեց բնակչության 58,97 տոկոսը։ 2021-ին մասնակցությունը 49,4, 2018-ին՝ 48,63 տոկոս էր։
Իսկ ինչպե՞ս է փոխվել քաղաքացիների վերաբերմունքը քաղաքական ուժերի նկատմամբ։
Առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը հավաքել է 49,81 տոկոս ձայն՝ 2021-ի 53,91 և 2018-ի՝ 70,42%-ի համեմատ։
Եվ թեև տոկոսային ցուցանիշը անկում է գրանցել, այս կուսակցության օգտին քվեարկածների թիվը նախորդ ընտրության համեմատ ավելացել է շուրջ 38 հազարով։
Խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքը 2021-ին 21.9% ձայն էր հավաքել, այս տարի՝ 9,94%։
Նախորդ ընտրությունների համեմատ քվեարկածների թիվը պակասել է մոտ 124 000-ով։
6․ Երևանից՝ Նյու Յորք․ քվեաթերթիկների հետագիծը
Խորհրդարան ձևավորելու համար ավելի քան 47 միլիոն 300 հազար թղթի վրա այս կամ այն քաղաքական ուժի անունը գրվեց։ Ըստ էության՝ ամեն թերթիկ ձայն էր. ընտրում էինք մեկը, տալիս քաղաքական ուժին։ Մեր տված ու չտված թուղթ-ձայները հիմա՝ ընտրություններից հետո, պարկերում են․ տարվում են ոչնչացման։ Այդ պարկերից որոշները գտանք Արաբկիր վարչական շրջանում․
«Իմ հետևում կտեսնեք 54 տեղամասերից ստացած բոլոր չօգտագործած քվեաթերթիկները, ծրարները, հուշումները քայլերի, որոնք հանձնաժողովի համար տպագրվել են, քվեախցերը։ Սպասում ենք այն բեռնափոխադրող կազմակերպությանը, որը պետք է սա տեղափոխի ու վերամշակի։ Հաշվի առնելով, որ պետական բյուջեից բավականին մեծ գումարներ են ծախսվում քվեաթերթիկների տպագրման համար, քվեախցերի և այլ պարագաների համար, մենք պարտադրում ենք հետ ստանալ և հանձնում ենք մակուլատուրա, որ վերամշակվի, վերամշակման արժեքի գումարը մուտք լինի ԿԸՀ»,- ասում է թիվ 4 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արամ Խաչատրյանը։
Այսպես պետության ապագան որոշելու ծանրությունն իրենց վրա կրող քվեաթերթիկները իրենց սուպերունակությունը կորցրած՝ դարձել են գետնին ընկած սովորական թղթեր։
Տպագրված 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկից յուրաքանչյուրը 10 սմ լայնություն ու 20 սմ երկարություն ունի։ Եթե այդ բոլոր թղթերը շարենք իրար հետևից, ստացված շղթան Երևանից Նյու Յորք կձգվի։
Այս թերթիկների ճամփան, սակայն, ավելի կարճ է. Դրանք կհասնեն Մասիս՝ գործարաններից մեկում ոչնչանալու։
7․ Ընտրությունը՝ աշխատատեղ․ մարդկային ու տեխնիկական ռեսուրս
Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվեցին 2005 տեղամասեր, որոնցից 612-ն էին հասանելի հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվեց 4000 սարքավորում, 1758 տեղամասում տեղադրվեց համաժամանակյա հեռարձակումն ապահովող տեսախցիկ։
Գործընթացը դիտարկելու թույլտվություն ուներ 13 տեղական և 8 միջազգային դիտորդական առաքելություն։
8․ Պատմելով թիվը
29 օր քարոզարշավ, 1 օր լռություն, 1 օր ընտրություն, առայժմ 7 օր քննարկումներ․ այն խորհրդարանի շուրջ, որը կձևավորվի միլիոնավոր մարդկանց՝ ընդամենը մեկ ձայնի արդյունքում կամ հետևանքով՝ դեռ շատ պատմություններ են լինելու։
Մի վերջին թիվ՝ մինչև խորհրդարանի ձևավորումը եղած թվերի մասին այս հաղորդման մեջ. Ընտրական գործընթացը լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել էր 71 տեղական զանգվածային լրատվության միջոց, շուրջ 180 օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչ։
Ընտրության բոլոր շերտերը տեսանելի և լսելի դարձան նաև այս՝ հաճախ չնկատվող թվի շնորհիվ և հենց այս թիվը ձևավորող մարդիկ, այսինքն մենք՝ շարունակելու ենք ձեզ պատմել արդեն հետընտրական Հայաստանի պատմությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արուսյակ Կապուկչյան