Իրանի վերականգնման 300 մլրդ դոլարի ծրագիր, սառեցված միջոցների ազատում. ինչ է ենթադրում ԱՄՆ-Իրան 14 կետանոց հուշագիրը՝ Թեհրանի ներկայացմամբ
Քաղաքականություն
12.06.2026 | 16:14
Իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի 14 կետից բաղկացած նախագծի նոր մանրամասներն է հրապարակել իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրի վկայակոչելով։
Նախագծի մանրամասները, ըստ իրանական կողմի, հետևյալն են.
1․ Ռազմական գործողությունների մշտական և անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
2․ ԱՄՆ-ի հանձնառությունը Իրանի ներքին գործերին չմիջամտելու և Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը հարգելու հարցում։
3․ Ծովային շրջափակման լիակատար վերացում 30 օրվա ընթացքում։
4․ ԱՄՆ-ի հանձնառությունը՝ իր ուժերը դուրս բերել Իրանի հետ սահմանային տարածքներից։
5․ Հորմուզի նեղուցի վերաբացում 30 օրվա ընթացքում՝ իրանական պայմանավորվածություններով։
6․ Նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց ածանցյալների վաճառքի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցում և Իրանի ֆինանսական ռեսուրսներին լիակատար հասանելիություն։
7․ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի համար առնվազն 300 միլիարդ դոլարի վերակառուցման ծրագրերի ներկայացման անհրաժեշտություն։
8․ 60-օրյա բանակցություններ՝ միջուկային հարցերի հիման վրա վերջնական համաձայնության հասնելու և ԱՄՆ-ի առաջնային, երկրորդային պատժամիջոցների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կառավարիչների խորհրդի բանաձևերի լիակատար վերացման համար։
9․ Իրանի կողմից միջուկային զենք չստեղծելու մասին համաձայնագրում ստանձնած պարտավորության վերահաստատումը։
10․ Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը պարտավորվում է չավելացնել իր ուժերը տարածաշրջանում և նոր պատժամիջոցներ չկիրառել։
11․ Վերջնական բանակցությունների 60-օրյա ժամկետի ընթացքում Իրանի արգելափակված 24 միլիարդ դոլարի ազատում։ Այս գումարի կեսը պետք է հասանելի լինի Իրանին բանակցությունների մեկնարկից առաջ։
12․ Համաձայնագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում։
13․ Վերջնական համաձայնագրի հաստատում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։
14․ Վերջնական բանակցությունները չեն սկսվի՝ մինչև Իրանի սառեցված միջոցների կեսի ազատումը, Իրանի նավթային պատժամիջոցների կասեցումը և ռազմածովային շրջափակման վերացումը։
Նշվում է, թե վերջնական համաձայնագիրը կկազմվի բացառապես հարստացված նյութերի և հարստացման ճակատագրի, պատժամիջոցների վերացման և Իրանի տնտեսական վերակառուցման ծրագրի վերաբերյալ։ Իրանի հրթիռային ծրագրի և դիմադրության խմբերին աջակցության վերաբերյալ քննարկումները վերջնականապես հանվել են օրակարգից։
Իրանի ԱԳՆխոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս տեքստը դեռևս պետք է վերանայվի և վերջնականապես մշակվի Իրանի համապատասխան հաստատությունների կողմից։
Հավելենք, որ ԱՄՆ-ն դեռ չի հաստատել այս կամ մեկնաբանել այս պայմանները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի