Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.06.2026 | 23:10«Ասեմ՝ ինչու հունից դուրս եկավ, որովհետև էն հարցերը, որ ես ներկայացրել եմ ու էդ փաստերը, դրանք անխոցելի են»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպին, նշեց քիչ առաջ Նուբարաշենի ՔԿՀ-ից ազատ արձակված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։
Վերհիշելով մայիսի 18-ի միջադեպի ժամանակ առաջ քաշած հարցերը՝ Օսիպյանը մանրամասնեց, թե ինչ խնդիրներ է ցանկացել բարձրաձայնել։
«Առաջին հարցս վարչապետին այն էր՝ որ ասում եք Արցախի հարցը նախօրոք կանխորոշված էր, որ պետք ա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծվեր, էդ բանակցային փաստաթղթերը Դուք հրապարակել եք Կառավարության էջում, խնդրում եմ ինձ ցույց տվեք էդ տողը, որտեղ որ նման բան ա գրված։ Ես, ընդհակառակը, կարող եմ ցույց տալ էն տողը, որտեղ որ գրված ա, որ հարցը պետք ա լուծվի հանրաքվեի միջոցով, որի վրա սահմանափակում չկա, ընդհուպ մինչև բարձրագույն սուվերենության աստիճան, այսինքն՝ անկախություն։ Որևիցե սահմանափակում չկա։ Ասում ա՝ դու լավ չես ընթերցել։ Դե լավ, թող իրա ասածը լինի, լավ չեմ ընթերցել։
Երկրորդը կոռուպցիայի մասին, որ ինքը համագործակցել ա կոռուպցիայի հետ, մենք ունենք փաստեր։ Դրանք զրույցներ չեն, կոնկրետ փաստաթղթեր են, ընդ որում՝ էդ փաստաթղթերը 2023 թվականի հոկտեմբերից, եթե չեմ սխալվում, ներկայացված է քննչական մարմին, հարուցված է քրեական գործ։ Ընդ որում, ես ներկայացել եմ էդ քննչական մարմին ու ասել՝ խնդրում եմ ինձ տաք տվյալներ, որը որ օրենքի սահմաններում ա, ու նախօրոք զգուշացրել եմ, որ ես սա հրապարակելու եմ, հրապարակային ներկայացնելու եմ։ Ինձ ասել են, որ կա 50 միլիարդի… Ես համոզված եմ ու բացի էդ 50 միլիարդից իմ մոտ էլ փաստաթղթեր կար, քանի միլիարդ էլի, հիմա տոչնի չեմ, բայց էլի մեծ թիվ, ասեցի՝ էս փաստաթղթերը մտնո՞ւմ ա ձեր էդ 50 միլիարդի մեջ, ասեց՝ չէ, մենք դա չունենք։ Ասի՝ շատ վատ ա, որ դուք չունեք, ես ունեմ։ Վերցրեք՝ էս էլ ձեզ, ցուցմունք եմ տվել ու ներկայացրել էդ փաստաթղթերը։ Բայց իրականում գործը գնում ա ավելի խոշոր գումարների մասին»,- նշեց Օսիպյանը։
Ի վերջո, ինչի՞ց սկսվեց վեճը հարցին ի պատասխան՝ արցախցի գործիչը մանրամասներ ներկայացրեց.
«Երրորդ հարցից. կոռուպցիան էլ ա կարևոր, բայց կար ազգային անվտանգության հարց։ Այստեղից ա իրա վեճը սկսվել։ Ասեցի՝ պարոն Փաշինյան, Դուք ներկայացնում եք, որ ամենաուժեղ երաշխավորը դա լեգիտիմությունն է։ Ես այն եմ հասկանում, որ մեր քայլերը պետք է հիմնավորված լինեն միջազգային իրավունքով։ Ասեց՝ հա։ Ասեցի՝ հիմա եթե Արցախի հարցը լրիվ օրակարգից հանում ենք, ուրեմն Ալիևը այսպիսի մի պահանջ է ներկայացնում։ Ասում է՝ հայելային սկզբունքով փախստականների վերադարձ։ Ալիևն ասում ա՝ մենք պատրաստ ենք, եթե որևիցե հայ դիմի կառավարությանը, համաձայն լինի, ընդունի Ադրբեջանի անձնագիրը և Ադրբեջանի քաղաքացիությունը, կարող է գալ ապրել Ադրբեջանի տարածքում և մենք երաշխավորում ենք իրա անվտանգությունը։ Եվ միջազգային օրենքի համաձայն մենք ակնկալում ենք, որ Հայաստանն էլ նույնը կանի։ Ադրբեջանցին, ով որ նախկինում էստեղ էր ապրում, եթե դիմի Հայաստանի Հանրապետությանն ու նման պայմաններ ընդունելով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ու անձնագիր, Հայաստանն էլ նույն ձև պետք ա ընդունի էդ մարդկանց։ Լավ իմանալով, որ ոչ մի հայ չի գնալու Ադրբեջան, բայց իրանք գալու են ստեղ։ Հիմա ինձ հարց ունեմ՝ սրա պատասխանը ո՞րն ա, մենք կարո՞ղ ա միջազգային դաշտում դուրս ենք գալու ասենք՝ գիտեք ինչ ա, մենք դեմ ենք փախստականների վերադարձին։ Սա անօրեն խնդիր ա»։
Օսիպյանի խոսքով՝ հենց այստեղ սկսվեց բուն վեճը, Փաշինյանը հայտարարեց, որ ինքն ադրբեջանական թեզեր է առաջ տանում, ինչից ինքը վիրավորվեց. «Մի մարդ, որը Սահմանադրություն ա փոխում ու Ալիևի հրահանգով հրաժարվում ա Հայաստանի Հանրապետության հռչակագրից, ինձ մեղադրում ա նրա մեջ, որ ես ադրբեջանական թեզեր եմ տարածում։ Էդտեղ ինքն արդեն համբերությունից դուրս եկավ, որովհետև խոսալու տեղ չուներ»։
24 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանքը վերացվեց քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից ներկայացված երաշխավորությունների հիման վրա.
Հիշեցնենք՝ Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ բանավեճին հաջորդել էին վիրավորական արտահայտություններ։ Փաշինյանը նախ Օսիպյանին «փախած» էր անվանել, ապա նաև հարց բարձրացրել, թե ինչու չի զոհվել արցախյան պատերազմում։ Միջադեպից հետո Օսիպյանը ձերբակալվել, ապա երկու ամսով կալանավորվել էր։ Արցախցի գործիչը ձերբակալման օրվանից հացադուլ է հայտարարել։
Երեկ նրա փաստաբանը տեղեկացրել էր, որ Օսիպյանը հրաժարվել է բժշկական զննությունից:
«Ընդհանրապես արդեն հացադուլավորների մոտ մահվան վտանգ է լինում, երբ անցնում է 14-օրյա շեմը։ Այդ ժամանակ արդեն կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»,- մեզ հետ զրույցում ասել էր փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը:
Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանն ավելի վաղ հայտարարել է, որ կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Վարչապետը մայիսի 28-ին, պատասխանելով Factor TV-ի հարցին, արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից, հայտարարեց՝ նա՛ պետք է ներողություն խնդրի։
Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում էին, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան և նա քաղբանտարկյալ է:
Մանրամասները՝ տեսանյութում։