Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը
Հասարակություն
10.06.2026 | 12:54
Համացանցում տարածված՝ ընտրություններին առնչվող տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է երեք անձ մասնակցում քվեատուփից ծրարը հանելու գործընթացին․ մեկը հանում է ծրարը, երկրորդը՝ բացում այն, իսկ երրորդը հայտարարում է, թե որ համարի քվեաթերթիկն է ներսում։
Տեսանյութը TikTok հարթակում նախ հրապարակել է «Levon_55» օգտատերը, իսկ ավելի ուշ այն Facebook-ում վերահրապարակել է ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի (սահմանադրական օրենք) 68-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, թե ով և ինչ կարգով պետք է քվեատուփից հանի քվեարկության ծրարը։
«Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, և քվեարկության ծրարը մարելու հիմքերի բացակայության դեպքում քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը, այն ցուցադրում այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար: Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահին արգելվում է ձեռքում ունենալ այլ իր»,- սահմանում է օրենքը։
Այնուհետև հանձնաժողովի նախագահը հայտարարում է՝ քվեաթերթիկը սահմանված նմուշի՞ է, թե՞ ոչ։ Սահմանված նմուշի քվեաթերթիկի դեպքում նա հայտարարում է դրա վավեր կամ անվավեր լինելու մասին, իսկ վավեր լինելու դեպքում՝ նաև ընտրություններին մասնակցող այն կուսակցության համարը, որի օգտին տրվել է քվեն։ Պահանջի դեպքում քվեարկության ծրարը կամ քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին։ Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկները, ինչպես նաև անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին։
Հարկ է նշել, որ հանձնաժողովի նախագահին կարող է աջակցել հանձնաժողովի քարտուղարը կամ հանձնաժողովի այլ անդամ, սակայն քվեատուփից ծրարը հանելու և քվեաթերթիկը ցուցադրելու հիմնական գործառույթը օրենքով վերապահված է հանձնաժողովի նախագահին։
Արդյունքների ամփոփման ընթացքում տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող բոլոր անձինք՝ դիտորդները, վստահված անձինք և ԶԼՄ ներկայացուցիչները, պետք է հնարավորություն ունենան տեսնելու քվեատուփից հանվող ծրարն ու քվեաթերթիկը։
Արփի Հակոբյան