Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
Քաղաքականություն
08.06.2026 | 13:15
Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Մոսկվա-Սիմֆերոպոլ ուղևորատար գնացքի վրա։ Հարձակման հետևանքով մեքենավարը վիրավորվել է, նրա օգնականը՝ զոհվել։ Ուղևորները չեն տուժել, գրում է Meduza-ն։
Ղրիմում ուղևորատար գնացքների երթևեկությունը դադարեցվել է, հայտարարել է Grand Service Express փոխադրողը։ Անօդաչուի հարձակումից հետո Ղրիմում գտնվող բոլոր գնացքների ուղևորները տարհանվել են։ Մոսկվա-Սիմֆերոպոլ և Սանկտ Պետերբուրգ-Սիմֆերոպոլ երկու գնացքների ուղևորներն ավտոբուսով տարհանվել են Սիմֆերոպոլ։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է գիշերը Ռուսաստանի 12 շրջաններում և բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերում ուկրաինական 310 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբն էլ հայտնել է, որ գիշերը Նովոռոսիյսկի նավթային տերմինալում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ Astra, Exilenova+ և Supernova+ տելեգրամ ալիքները հայտնել էին, որ Նովոռոսիյսկի Գրուշովայա արդյունաբերական օբյեկտի վրա գիշերը հարձակում է տեղի ունեցել, ականատեսները քաղաքում լսել են ավելի քան 50 պայթյունի ձայն։
Կառույցը Շեշխարիսի վերբեռնման համալիրի մաս է կազմում, որտեղ նավթն ու նավթամթերքը պահվում և բեռնվում են լցանավերի վրա՝ արտահանման համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի