ԱՊՀ դիտորդական առաքելությանը հավատարմագրումից զրկելու դիմում ենք ներկայացրել ԿԸՀ․ «Անկախ դիտորդ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.06.2026 | 15:10Մենք տեղեկատվական դաշտում ենք տեսնում մի շարք խնդիրներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«Մասնավորապես, տեսնում ենք, որ դիտորդական առաքելության համար չհավատարմագրված և կուսակցություններից մեկի հետ հստակ փոխկապակցվածություն (աֆիլյացիա) ունեցող մի նախաձեռնություն՝ խոսքը «Հայաքվե» նախաձեռնության մասին է, հաղորդում է բազմաթիվ խախտումների մասին։ Հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների վերաբերյալ իրենց տեղեկատվության աղբյուրը, և եթե կա դիտորդական առաքելություն, որն իրականում ծպտյալ «Հայաքվեն» է, պետք է հասկանալ դրա անաչառության մասը։
Ընդ որում, ահազանգերի մի մասը կոնտեքստից կտրված են և ներկայացվում են ոչ թե վիճակագրական առումով, այլ որպես տեղեկատվական հոսք, որը տպավորություն է ստեղծում, թե ամեն ինչ սարսափելի է ու վատ
Մենք նաև տեսել ենք մի դեպք, որը երևի թե նախադեպը չունի. ԱՊՀ դիտորդ, այսինքն՝ միջազգային դիտորդ, որն ուղիղ քարոզչությամբ է զբաղված և ֆեյսբուքյան իր էջում ուղղակիորեն արտահայտվում է քաղաքական ուժերից մեկի օգտին։ ԱՊՀ դիտորդի այդ պահվածքի վերաբերյալ մենք արդեն դիմում ենք ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով նրան զրկել դիտորդական հավատարմագրումից։ Դիմումն ուղարկել ենք մոտ 20-30 րոպե առաջ, դեռ տեղեկություն չկա. հուսով ենք, որ հնարավոր կլինի գործել այս առումով»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։