Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
Հասարակություն
07.06.2026 | 10:16
Գործարար Ռուբեն Ասլանյանը բարձրաձայնում է, որ Չինաստան գործուղումից Հայաստան վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ։
Factor TV-ին դիմած քաղաքացու խոսքով՝ 2019 թվականից զբաղվում է բիզնես գործունեությամբ Հայաստանում և պարբերաբար մեկնում է արտասահմանյան գործուղումների։
Վերջին գործուղումը եղել է Չինաստան, իսկ վերադարձի տոմսը ձեռք է բերել Մոսկվայով։ Ասլանյանի պնդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարելուց ժամեր անց իրեն զանգահարել են Ռազմական ոստիկանությունից և հետաքրքրվել, թե ինչու չի ներկայանում վարժական հավաքների։
Նրա խոսքով՝ 2023 թվականին երկու ամիս մասնակցել է վարժական հավաքների։ 2025 թվականին ևս ծանուցագիր է ստացել, սակայն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցել։
Ասլանյանը նշում է, որ վաղը պետք է ներկայանա Ռազմական ոստիկանություն։
Հիշեցնենք, որ վերջին օրերին տեղեկություններ էին տարածվել, թե Ռուսաստանի Դաշնությունից տղամարդիկ ժամանում են Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստան ժամանող զորահավաքային ռեսուրսում հաշվառված տղամարդիկ պետք է մասնակցեն օրենքով նախատեսված վարժական հավաքներին։
Արաքս Մամուլյան