Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Քաղաքականություն
02.06.2026 | 22:44
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, չնայած այն բանին, որ Լիբանանում Իսրայելի զինված ուժերի սրվող արշավը սպառնում է խաթարել փխրուն դիվանագիտությունը, որը գագաթնաժողովի հյուրընկալող կողմը փորձում էր պահպանել։
«Ինչքան մենք գիտենք՝ այո՛, նա ծրագրում է մասնակցել»,- Bloomberg TV-ին տված հարցազրույցում ասել է Ֆիդանը՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջին ամսվա ընթացքում ունեցած մի քանի հեռախոսազրույցներում ամեն անգամ նշել է, որ կմասնակցի»։
Հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք հանդիպումը տեղի է ունենում Վաշինգտոնի եվրոպական անվտանգության նկատմամբ երկարաժամկետ հանձնառության վերաբերյալ առանձնահատուկ անորոշության պահին, քանի որ Թրամփի վարչակազմը շարունակում է պահանջել, որ դաշնակիցները ստանձնեն կոլեկտիվ պաշտպանության ավելի մեծ բաժին և քննադատել է եվրոպական կառավարություններին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գլխավորած արշավին չաջակցելու կամ Հորմուզի նեղուցի վերաբացման ջանքերին չաջակցելու համար։
«ԱՄՆ-ը մշտապես ճնշում է գործադրել դաշնակիցների վրա՝ ավելացնելու պաշտպանական ծախսերը և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իրենց սեփական անվտանգության համար։ Եվրոպացիները լսել են այդ ուղերձը և արդեն քայլեր են ձեռնարկել ՆԱՏՕ-ի շրջանակում՝ պաշտպանական բյուջեները մեծացնելու համար։ Մենք կքննարկենք առաջընթացը, երբ առաջնորդները հանդիպեն»,- նշել է Ֆիդանը։
Նա ասել է, որ Վաշինգտոնը որևէ իրական նշան չի ցուցաբերել ՆԱՏՕ-ից հեռանալու պլանավորման վերաբերյալ՝ առանձնացնելով շարունակական հռետորական ճնշումը անջատման ուղղությամբ ցանկացած կոնկրետ քայլից։
Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել դաշինքի արժեքը իր երկու նախագահական ժամկետների ընթացքում, իսկ վերջերս մեղադրել է եվրոպական կառավարություններին փետրվարին Իրանի վրա սկսված ԱՄՆ-Իսրայել հարվածներին չաջակցելու համար։ Եվրոպական երկրները, որոնց հետ խորհրդակցություններ չեն անցկացվել ռազմական գործողությունից առաջ, լայնորեն հրաժարվել են հանրային աջակցությունից։
Սակայն, ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, ավելի անմիջական դիվանագիտական մտահոգությունը Լիբանանն է։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է ԱՄՆ-Իրան բանակցություններին, և որ երկու կողմերն էլ ձեռնարկում են այն, ինչ նա անվանել է «անկեղծ» ջանքեր՝ հրադադարի ռեժիմը երկարաձգելու և, ի վերջո, Հորմուզի նեղուցը վերաբացելու համար։ Միաժամանակ, նա հստակեցրել է, որ Իսրայելի խորացող ցամաքային հարձակումը Լիբանանում այդ առաջընթացի համար ամենամեծ սպառնալիքն է։
«Ես վստահ եմ, որ ամերիկացիներն ու իրանցիները, նրանք անկեղծ են։ Նրանք ցանկանում են հրադադար և ցանկանում են տեսնել Հորմուզի նեղուցի բացումը։ Բայց ես վստահ չեմ Իսրայելի մտադրությունների հարցում»,- նշել է նա։
Երկուշաբթի Իրանը հայտարարել էր, որ դադարեցնում է Վաշինգտոնի հետ բանակցությունները Լիբանանում Իսրայելի գործողությունների վերաբերյալ և սպառնում է ավելի սահմանափակել ծովային երթևեկությունը Հորմուզի նեղուցով, փակել Կարմիր ծովի հարավային ծայրում գտնվող Բաբ էլ-Մանդեբ նեղուցը և ուղղակիորեն հարվածել Իսրայելին։
Թրամփը փորձեց զսպել լարվածությունը՝ հեռախոսազրույց ունենալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ, որից հետո հայտարարեց, որ երկու կողմերն էլ համաձայնել են դադարեցնել միմյանց վրա կրակելը։
Իսրայելի հարվածները Լիբանանին շարունակվել են՝ անկախ դրանից։
Թեհրանը հայտարարել է, որ Լիբանանում իրական հրադադարը նախապայման է Վաշինգտոնի հետ ցանկացած երկարատև համաձայնագրի համար։ ԱՄՆ-Իրան հրադադարը գործում է գրեթե երկու ամիս, բայց բազմիցս փորձարկվել է երկու կողմերի կողմից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի