«Գործ կարելու» ակցիա՝ Դատախազության դիմաց. պահանջում են ազատ արձակել Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.06.2026 | 16:40«Բոլորին դեմ եմ» շարժման անդամները Գլխավոր դատախազության դիմաց ակցիա են իրականացրել՝ պահանջելով ազատ արձակել կալանավորված Արթուր Օսիպյանին։
Ակցիայի ընթացքում շարժման անդամ Սպարտակ Կյուրեղյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ վերջին հայտարարություններին՝ նշելով, որ խնդիրը պետք չէ դիտարկել Օսիպյանի կենսագրության կամ անցյալի գործունեության համատեքստում։
«Ես Արթուր Օսիպյանին անձնապես չեմ ճանաչում, բայց ուսումնասիրել եմ իր գործունեությունը որոշակի չափով։ Գիտեմ, որ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը իրեն մեղադրում է՝ «թռած» անվանելով, այդպես չէ։ Այդ մարդը մասնակցել է պատերազմին, դրա վկայություններն էլ կան։ Նաև այն, որ իբր «կազա» է եղել Նիկոլ Փաշինյանի նշած մարդկանց, դա էլ այդպես չի եղել, ինքը հակառակը՝ միշտ պայքարել է»,– ասել է Կյուրեղյանը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Օսիպյանի նկատմամբ վերաբերմունքը չպետք է պայմանավորված լինի նրա անցյալով։ «Չեմ ուզում համարել, որ եթե ինքը չպայքարեր կամ պատերազմին մասնակից չլիներ, այն, ինչ իր հետ տեղի է ունենում, արդարացի կլիներ։ Կապ չունի՝ մարդը պատերազմին մասնակցել է, թե ոչ։ Պետք չէ այդ չափանիշով որոշել՝ նա քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ»,– նշել է նա։
Կյուրեղյանի խոսքով՝ Արթուր Օսիպյանը պարզապես իր դիրքորոշումն է հայտնել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։
«Մարդը հստակ եկել է Նիկոլ Փաշինյանի դիմաց արտահայտվել է, կոպիտ ասած, բանավիճել է հետը, հաղթել է ինչ-որ առումով այդ բանավեճում, ու հիմա բանտարկված է»,– ասել է նա։
Անդրադառնալով իրավապահների գործողություններին՝ Կյուրեղյանը նշել է, որ մտահոգիչ է համարում նրանց արագ արձագանքը։
«Իրավապահ մարմինները շատ արագ արձագանքել են դրան։ Ես այդտեղ խնդիր եմ տեսել, ու մենք էլ խնդիր ենք տեսել, դրա համար էլ այս ակցիան կազմակերպել ենք»,– եզրափակել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։