Քանի աշխատող ունի 300 հազար աշխատատեղ խոստացող Սամվել Կարապետյանը ՀՀ-ում․ թվեր ու փաստեր

Լուրեր

03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 20:00
Զորամասից՝ տեղամաս․ ինչպես են քվեարկելու զինծառայողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 19:55
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ-ի հանրահավաքը Գավառում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 19:42
Թրամփը հայտարարել է, որ անհանգստացած էր Նեթանյահուի՝ Բեյրութին հարվածների մասին հայտարարության կապակցությամբ
03.06.2026 | 19:30
ՌԴ-ն գիտի՝ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում. ճնշումներով կանխում է անգամ ԵՄ-ին մերձեցման ձևական հայտարարությունը․ Էդուարդ Անտինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 19:16
«Եթե ընտրես, մենք կգտնենք քեզ ու քո ընտանիքին․․․»․ ՀԿ-ները սպառնալիքներով նամակներ ու զանգեր են ստանում
03.06.2026 | 19:01
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:55
Միջադեպ Արթիկում․ «Հայաստան» դաշինքից պնդում են՝ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել Քոչարյանի աջակցին․ վարույթ է նախաձեռնվել
03.06.2026 | 18:45
Քանի աշխատող ունի 300 հազար աշխատատեղ խոստացող Սամվել Կարապետյանը ՀՀ-ում․ թվեր ու փաստեր
03.06.2026 | 18:42
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:38
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հրազդանում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:28
Շառլ Լեկլերը նոր պայմանագիր է կնքել «Ֆերարիի» հետ
03.06.2026 | 18:19
Քուվեյթի օդանավակայանին Իրանի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 63-ը՝ վիրավորվել
03.06.2026 | 18:10
Փաշինյանն ընտրություններից հետո Մոսկվա կգնա // Ջերմատնային ապրանքների արտահանումը կսուբսիդավորվի․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 18:02
Պուտինի հետ պայմանավորվել ենք՝ ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«5 տարում՝ 300 հազար նոր աշխատատեղ»․ սա «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական խոստումներից մեկն է։ Օրեր առաջ այս ուժի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը նախընտրական քարոզչության ժամանակ դաշինքի վարչապետի թեկնածու, իր հորեղբայր Սամվել Կարապետյանի մասին հայտարարեց՝ «Կարճ է խոսում, ուղիղ է խոսում, դրանից հետո՝ գործ կա»։

Իսկ քանի՞ ընկերություն կամ արտադրություն է ստեղծել միլիարդատեր Կարապետյանը Հայաստանում, քանի՞ քաղաքացու է ապահովել աշխատանքով և ի՞նչ չափով է վարձատրում նրանց։

Սամվել Կարապետյանը, որը պարտավոր է որպես կուսակցության ղեկավար գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, մինչ օրս չի ներկայացրել այն։ Այդ կապակցությամբ վարույթ է հարուցվել ԿԿՀ-ում։ 

Factor.TV-ն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ուսումնասիրությամբ գտել է Սամվել Կարապետյանին պատկանող և նրա հետ փոխկապակցված 45 ընկերություններ և Պետական եկամուտների կոմիտեից պարզել, թե դրանք քանի՞ աշխատակից ունեն, վերջին տարիներին նրանց քանակն ավելացե՞լ է, թե՞ պակասել, նաև հաշվել ենք այդ ընկերություններից առավել խոշորներում 1 աշխատողի միջին աշխատավարձի փոփոխությունները 2023-2026 թվականներին։

Այսպիսով՝ պարզել ենք, որ այս 45 ընկերություններն իրար հետ, 2026 թվականի ապրիլի դրությամբ, ունեցել են 9,275 գրանցված աշխատող։ Ընդ որում՝ վերջին 2 տարիներին նրանց թիվը կրճատվել է՝ 2024 թվականի համեմատ 229-ով։

Կարապետյանների ընկերություններից ամենամեծ գործատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է, որն ունի 6,711 աշխատակից։ Սա Կարապետյանների ամբողջ աշխատողների 72%-ն է, այն էլ՝ շատ պայմանական․ 2025-ի հուլիսից ՀԷՑ-ը գործող իշխանությունների կառավարման ներքո է, դրա կառավարիչը ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանն է։ Օրերս նա հայտարարեց ՀՀ Կառավարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց նախաձեռնելու մասին։

Ինֆոգրաֆիկայում ընտրելով ընկերությունը՝ կարելի է տեսնել դրա աշխատակիցների թվի փոփոխությունը 2021-2026 թվականներին։

Կարապետյանների ընկերություններից 10-ը կա՛մ դադարեցրել են գործունեությունը, կա՛մ պարզապես թղթի վրա գրանցված անվանումներ են (օրինակ՝ «Տաշիր մեդիա» ՍՊԸ-ն գրանցվել է 2013 թվականին, բայց կարգավիճակը «նոր գրանցված» է, սա նշանակում է՝ որևէ աշխատող չի ունեցել, հարկային հաշվետվություն չի ներկայացրել)։ 16 ընկերություններ ունեն 1-10 աշխատակից։ Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Կարապետյանների գործող 34 ընկերություններն ունեն 2,564 գրանցված աշխատող։

Նկատենք, որ Forbes-ի համաձայն՝ «Տաշիր» ընկերությունների խմբում աշխատում է 45 հազար մարդ։ Աշխատողների այս «բանակը», փաստորեն, հիմնականում Ռուսաստանում է։

Նարեկ Կարապետյանը, հիշեցնենք, 2026 թվականի մայիսի 1-ին ասուլիս էր տվել «Անիթեք» կարի ֆաբրիկայում, որը ներկայացրեց որպես «Տաշիր»-ի ակտիվ, սակայն պետական ռեգիստրում դրա հիմնադիրն այլ ընկերություն է՝ Կիպրոսում գրանցված «Նաթքոմ Լիմիթեդ», իսկ իրական շահառուներն են Վահե Հովակիմյանը (40%), Փիթըր Նազարեանը (30%) և Կէրի Նազարեանը (30%)։

ՊԵԿ-ից խնդրել էինք նաև տրամադրել նախորդ տարիներին ու 2026-ի առաջին ամիսներին այս ընկերություններում 1 աշխատակցի հաշվով միջին աշխատավարձի տվյալները՝ չհաշված տնօրենի և նրա տեղակալների վարձատրությունը։ Սակայն ՊԵԿ-ը պատասխանել է, որ հարկ վճարողները հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում աշխատավարձերի վերաբերյալ առանձնացված տեղեկատվություն չեն արտացոլում, հետևաբար, չեն կարող տրամադրել տվյալներ՝ առանց ներառելու ընկերությունների ղեկավարների վարձատրությունը։

Factor.TV-ն ՊԵԿ-ում առկա բաց տվյալների համադրությամբ հաշվարկել է Կարապետյանների համեմատաբար խոշոր ընկերություններում աշխատավարձերի միջին չափը։ Այս դեպքում, բնականաբար, ղեկավարների բարձր աշխատավարձերը հնարավոր չի եղել շրջանցել և ստացված ցուցանիշները ներառում են նաև դրանք։

Արդյունքում պարզվել է, որ այս ընկերություններում 2026-ին նախորդ տարվա համեմատ աշխատավարձի 8-60% բարձրացում է եղել։

Ինֆոգրաֆիկայում ընտրելով ընկերությունը՝ կարելի է տեսնել դրա 1 աշխատողի միջին ամսական աշխատավարձի փոփոխությունը 2021-2026 թվականներին։

Թեև մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացումն ինքնին օրենքով արգելված չէ, ընտրական գործընթացների փորձագետները նման դեպքերում հաճախ ուշադրություն են հրավիրում ընտրություններից առաջ իրականացվող նյութական խրախուսումների վրա, հատկապես, երբ գործատուն ներգրավված է քաղաքական պայքարում։ Հայաստանի Ընտրական օրենսգիրքն արգելում է ոչ միայն ընտրակաշառքը, այլև ընտրողների վրա նյութական ազդեցությունը։

Այսպիսով, «300 հազար նոր աշխատատեղ» խոստումով ընտրություններին մասնակցող Սամվել Կարապետյանի և նրա հետ փոխկապակցված ընկերություններն այսօր Հայաստանում ապահովում են 9,275 գրանցված աշխատատեղ, որի մեծ մասը՝ 6,711 աշխատող, բաժին է ընկնում ՀԷՑ-ին, ընդ որում՝ վերջին տարիներին այդ ընկերություններում աշխատողների թիվը ոչ թե աճել, այլ նվազել է։

Սամվել Կարապետյանի կողմից գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելուց հետո պատրաստ ենք վերահաշվարկել աշխատողների քանակը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան