չԾխելու ՇԵՐՏԵՐԸ. ինչպես է շրջանցվում արդեն 6 տարի գործող օրենքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Հասարակություն
31.05.2026 | 20:00Հարյուր հազարավոր հայաստանցիներ ամեն օր վճարում են, որ գնեն բռաչափ մի տուփ, վրան գրված՝ սա քեզ կսպանի։ Նրանք այդ խանութում թողնում են գումար, օդի մեջ՝ ծուխ, իրենցից հետո՝ վիճակագրություն․ աշխարհում տարեկան 7 միլիոն մարդ է մահանում ծխելու հետևանքով։
Հայաստանում հակածխախոտային պայքարի ամենաքննարկված նախաձեռնությունն արդեն 6 տարվա պատմություն ունի․ 2020-ին ընդունվեց ծխելն ավելի անհարմար դարձնող օրենք ու ասվեց՝ աստիճանաբար կաճի ծխախոտի գինը, կնվազի այն տարածքների ցանկը, որտեղ կարելի է ծխել։
Ի՞նչ արդյունք էր ակնկալվում ու ի՞նչ եղավ օրենքի ընդունմամբ․ փորձելու ենք բացել անծուխ քաղաքականության շերտերը։
***
«Բացօթյա սրճարաններում արգելք չկա՞»․ 2019 թվականին լրագրողի այս հարցին այդ ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց․ «Չկա, մենք ընդհանարապես մարդու իրավունքների սահմանափակում չենք անում, օգտագործման սահմանափակում չկա, այլ կա որոշակի վայրերում օգտագործման սահմանափակում»։
Հակածխախոտային օրենքի ընդունումը Հայաստանում հարթ չանցավ։ Արսեն Թորոսյանը փորձում էր համոզել ծխելու սահմանափակումների դեմ հանդես եկողներին․ «Մենք անում ենք լավ բան, որ մարդիկ քիչ հիվանդանան, քիչ բուժվեն ու քիչ մահանան, ու բոլորը պետք է դա հասկանան՝ փոքրից մինչև մեծ»։
Օրենքով նախատեսված սահմանափակումներն ուժի մեջ մտան աստիճանաբար։ 2 տարվա ընթացքում արգելվեց խանութներում ծխախոտի ցուցադրությունը, հանրային, այդ թվում՝ որոշ բացօթյա վայրերում ծխելը։ Նախարարությունն այսօր էլ է պնդում՝ օրենքի հիմնական թիրախն այն սերունդն է, որը պետք է մեծանա մի միջավայրում, որտեղ ծխելը նորմալ չէ։
«Նորմալիզացիային է միտված ցուցադրությունը, որպեսզի մարդիկ, երեխաները տեսնեն և մտածեն, թե ոչ մի վտանգավոր բան չկա։ Երեխաներն արդեն իսկ չեն ենթարկվում գովազդի ազդեցության, այս պահին այդ դրույթով ամբողջությամբ աշխատում է և հետագայում սպասում ենք, որ նրանք կլինեն քիչ ծխախոտ օգտագործող»,- ասում է Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը։
Նախկինում ծխախոտի գունագեղ տուփերը ցուցադրվում էին խանութների դրամարկղի մոտ։ Ամեն ինչ արված էր, որ մարդը հանկարծ չմոռանա այն գնել, հիմա ամեն ինչ արվում է, որ մարդը մոռանա դա անելու մասին․ սա որոշման պաշտոնական բացատրություններից մեկն էր։ Բայց ահա մի փոքրիկ հակասություն․ հաճախ միայն ծխախոտ գնողները խանութներում սպասարկվում են առանց հերթի։
«Իրոք, ժամանակ առ ժամանակ նկատվում է այդպիսի բան, որ առանց հերթի են ծխախոտ գնում։ Դա ընդհանրապես Առողջապահության նախարարության դաշտում չէ։ Չեմ կարող ասել, որ օրենքով կարող է ինչ-որ ձևով կարգավորվել, բայց ինքս՝ որպես սպառող, մշտապես ուշադրություն եմ դարձնում և թույլ չեմ տալիս նմանատիպ երևույթ լինի»,– ասում է Մարիամ Մնացականյանը։
2022 թվականի մարտի 15-ին ուժի մեջ մտավ հակածխախոտային օրենքի, թերևս, ամենաաղմկահարույց դրույթը․ արգելվեց ծխելը հանրային սննդի բոլոր վայրերում՝ անկախ նրանից՝ փա՞կ է տարածքը, թե՞ բաց։ Սրճարանների ու այլ օբյեկտների տերերին էլ սկսեցին տուգանել այցելուներին մոխրաման տալու համար։ Սակայն այսօր սրճարանների բացօթյա հատվածներում ծխող մարդ գտնելու համար երկար փնտրելու կարիք չկա։
Մեր հարցմանը մասնակցած ծխողներից որևէ մեկը չասաց, թե դա անում է նաև սրճարանում։ Հստակ չէ՝ նրանց տուգանքի սպառնալիքը կամ սեփական որոշո՞ւմն է հետ պահում ծխելուց, թե՞ մեր տեսախցիկն է հետ պահում ծխելու փաստը խոստովանելուց։ Ավելի շոշափելի ասելիք ՆԳՆ Ոստիկանությունն ունի։
«Կազմած 975 արձանագրություններից 198-ը հանրային սննդի օբյեկտներում են կազմվել, 759-ն արգելված այլ վայրերում, օրինակ՝ գրասենյակ, կանգառ, հիվանդանոցային տարածքներ, կրթական հաստատություններ և այլն»,- ասում է ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ հսկողության վարչության պետի տեղակալ Յուրիկ Ղորղանյանը։
975 արձանագրություն կազմվել է այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում, 916 անձ վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Բայց հայկական միջին վիճակագրական ցանկացած խնջույքի մասնակից կասի՝ բազմաթիվ դեպքեր մնում են չարձանագրված։
«Վերահսկողություն իրականացվում է ամենօրյա շրջայցերով, հանրային սննդի օբյեկտներ այցելություններ են կատարվում իրավախախտումները հայտնաբերելու ուղղությամբ։ Որոշակի դրական դինամիկա արձանագրվել է, որը հիմնականում կապված է քաղաքացիների մտածելակերպի, սովորույթի և ուժի ձևավորմամբ, քաղաքացիները հասկացել են օրենքի խստությունը»,- ասում է Ղորղանյանը։
Ծխախոտային արտադրատեսակների, դրա փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելու համար տուգանվածների թիվը նվազում է։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ից տեղեկացնում են․ եթե 2023 թվականին արձանագրվել էր 8200 խախտում, ապա 2025-ին՝ 2300։
Արգելքը վերաբերում է նաև ոչ ավանդական ծխախոտային արտադրանքներին, օրինակ՝ էլեկտրոնային սիգարետին կամ նարգիլեին։ Բայց ի՞նչ արդյունք տվեց օրենքն այսօր՝ ընդունումից 6 և լիարժեք գործարկումից 4 տարի հետո, հնարավոր է իմանալ միայն թվային տվյալներով, որոնք նախարարությունն այս պահին չունի։
«Հիմնական հետազոտությունը ծխախոտի օգտագործման վերաբերյալ STEPS հետազոտությունն է, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությամբ է իրականացվում տարբեր երկրներում։ Մենք վերջինն իրականացրել ենք 2016-2017 թվականներին և նախատեսվում է, հույս ունենք, որ մյուս տարի, գուցե և իրականացնենք նույնպես, որ տեսնենք արդեն տարբերությունը»։
Գիտի՞ նախարարությունը, թե երկրում ծխախոտ օգտագործող քանի մարդ կա այսօր․ մեր հարցմանն ի պատասխան՝ ստացանք 2006, 2009, 2012, 2016 և 2022 թվականներին իրականացված «Առողջապահական համակարգի գործունեության հետազոտության» հետազոտությունների հղումները։ Դրանցում ներառված տվյալները իրարից տարբերվում էին։ Այսպես, օրինակ, 2012 թվականի հետազոտության մեջ կարդում ենք, որ այդ տարի տղամարդկանց 55,4 տոկոսը ծխում էր ամեն օր։ Ըստ 2014-ի հետազոտության՝ 2012-ին ամեն օր ծխում էր տղամարդկանց 58,1 տոկոսը, իսկ 2016-ի հետազոտությունը նույն տարվա ամեն օր ծխող տղամարդկանց մասին մեկ այլ՝ 48,7 տոկոս թիվն է արձանագրում։
***
Եթե որոշեք դուրս գալ ծխողների մասին՝ այս պահին դեռ ոչ միանշանակ վիճակագրությունից, ապա դա անել կարող եք Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի անվճար ու անանուն թեժ գծի օգնությամբ։ Հոգեբան-խորհրդատու Սիլվա Ալեքսանյանն օրական միջինում 3-4 զանգ է ստանում ու բնավ դեմ չէ այդ թվի ավելացմանը։
«Թեժ գծի հիմնական նպատակն է օգնել այն մարդկանց, ովքեր ուզում են դադարեցնել ծխախոտի օգտագործումը, կամ եթե գոնե չեն կարողանում դադարեցնել, ապա գալ նրան, որ ինչ-որ չափով նվազեցնեն ծխախոտի գլանակների քանակը։ Թեժ գծին կարող է զանգահարել ցանկացած անձ, ով ունի կախվածություն, կամ այն մարդը, ով, այսպես ասած, փոխկապված է։ Կարող են լինել ծնողները, ընտանիքի անդամները, կինը, որդին։ Վերջին շրջանում շատացել են անգամ դեռահասների ծնողների զանգերը։ Անհանգստացած են բավականին երեխաների շատ օգտագործումով, ինչպես նաև էլեկտրոնային ծխախոտների չարաշահմամբ»,- ասում է հոգեբանը։
Գաղտնի հոգեբանական խորհրդատվությունը երբեմն տևում է ամիսներ, մինչև ծխողը գալիս է այն մտքին, որ գլանակների քանակի կրճատումն անհնար չէ։ Բայց նախ պետք է հասկանալ՝ ի՞նչն է դրդում առաջին գլանակը վառելուն։
«Ծխախոտի օգտագործման պատճառահետևանքային կապերն ընտանիքից եկած օրինակներն են։ Եթե պապան ծխում է, երեխան նույնպես փորձում է ընդօրինակել վարքը, եթե դպրոցում դեռահասները սկսում են ծխել, ապա խմբում ինքնադրսևորվելու համար են ծխում, գրքերում կարդացել են, որ դա օգնում է հաղթահարել, օգնում է ավելի լավ մտածել, և մարդիկ սկսում են սթրեսի ժամանակ օգտագործել ծխախոտ»,- նշում է Սիլվա Ալեքսանյանը։
Հոգեբանական օգնությունը բավարար չէ, եթե մարդը տարիներ շարունակ ծխում է, ասենք, 3-4 տուփ․ այդ դեպքում արդեն նրան առաջարկվում է դեղորայքային միջամտություն։
Հոգեպես օգնելն ու տեխնիկապես խանգարելը լավ են, բայց ոչ բավարար՝ մի քանի անգամ հայտարարել է հակածխախոտային քաղաքականությունն օրակարգային դարձրած Արսեն Թորոսյանը։ Նա հուսով էր, որ եթե ծխախոտը հարվածի ոչ միայն մարդու առողջությանը, այլև գրպանին, սպառումը կնվազի։ Սրանով էր պայմանավորված նրա ընդվզումը 2023 թվականին, երբ Ֆինանսների նախարարությունը որոշեց՝ ակցիզային հարկը 15 տոկոսից կդառնա 10 տոկոս։
«Անկեղծ ասած, դա լավ սիգնալ չեմ համարում։ Ինչի՞ ենք մենք իջեցնում, ինչի՞ ենք թուլացնում այդ զսպումը, որովհետև դուք ասացիք, որ մենք արդեն բավարար ենք մյուս երկրների համեմատ։ Բայց բացարձակ թվերը խոսում են նրա մասին, որ կրկին շարունակում ենք մնալ ծխախոտային դրախտ այս տարածաշրջանում»,- հարց էր բարձրացնում Արսեն Թորոսյանը։
Ֆինանսների փոխնախարարն այդ ժամանակ ասաց՝ սա արվում է ստվերային շրջանառության ռիսկերը կանխելու և մարդկանց ավելի ցածրորակ ծխախոտից հեռու պահելու նպատակով․ «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ երբ ակցիզային դրույքաչափն ագրեսիվ բարձրացվում է, մարդիկ առաջնահերթ ոչ թե ծխելն ենք քչացնում, այլ անցնում են ավելի ցածրաժեք ծխախոտի, որովհետև կախվածության հարց կա, որովհետև մարդիկ դժվարությամբ են հրաժարվում այս վնասակար սպառումից»։
ԱԺ ոլորտային հանձնաժողովում ծխախոտային այս հարցը երկար քննարկվեց. պատգամավորներն ընթացքում դուրս եկան ծխելու:
Տեսե՞լ է, արդյոք, Ֆինանսների նախարարությունն այս որոշման արդյունքը կամ հետևանքը, ունի՞ քաղաքականությունը փոխելու կամ նույնը պահելու որոշում․ գերատեսչությունը որոշեց չպատասխանել մեր այս հարցերին։
***
Ամեն տարի այս օրը՝ մայիսի 31-ին, հակածխախոտային պայքարի առաջամարտիկները զարմանում են՝ ինչո՞ւ են մարդիկ հերթ կանգնում գնելու մի տուփ, որը պատրաստվում է սպանել իրենց։ Երկրները թվարկում են այն միջոցառումները, որոնք ձեռնարկել են ծխելը բարդ դարձնելու համար։ ԱՀԿ-ի տվյալներով՝ որոշակի տեղաշարժ կա․ 2007 թվականին ծխում էր աշխարհի բնակչության 22,3 տոկոսը, 2023-ին՝ 16,4 տոկոսը։
Այսպես փորձ է արվում քայլ առ քայլ քայքայել մարդ-ծխախոտ հարաբերությունները, բացատրել, որ հաճախ մատների արանքում ոչ թե գլանակն է այրվում, այլ կյանքը։ Որքանով են այդ քայլերը արդյունավետ՝ կարող է երևալ միայն երկարաժամկետ հեռանկարում։
Որքանով են այդ քայլերը ոչ միայն թղթի վրա, այլ նաև կյանքում՝ կարող է տեսնել յուրաքանչյուրը, օրինակ, ավտոբուսում ծխախոտի հոտ չզգալով կամ սրճարանում ախորժելի ուտելիքի հոտին զուգահեռ շերտ առ շերտ բարձրացող ծխախոտի ծուխ շնչելով։
Ի դեպ, մինչ դուք նայեցիք այս հաղորդումը, աշխարհում ծխելու պատճառով մոտ 170 մարդ մահացավ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արուսյակ Կապուկչյան