ԵՄ-ի դժվար փոխզիջումը․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ մինչև 2029 թվականը, Ուսմանովն ու Ֆրիդմանը՝ ցուցակից դուրս

Լուրեր

22.09.2026 | 22:44
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա»-ի գործընկերներն այցելել են Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան
22.09.2026 | 22:29
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերում
22.09.2026 | 22:14
Վարդանանց փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22.09.2026 | 21:59
Հայաստանն ու Իտալիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում. ՊՆ
22.09.2026 | 21:55
ԵՄ-ի դժվար փոխզիջումը․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ մինչև 2029 թվականը, Ուսմանովն ու Ֆրիդմանը՝ ցուցակից դուրս
22.09.2026 | 21:43
G7-ը հութիներից պահանջում է «անհապաղ» դադարեցնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները, իսկ Իրանից՝ դադարեցնել ապստամբներին աջակցությունը
22.09.2026 | 21:28
Air Fest Armenia VII․ ավիացիան կրկին միավորում է հազարավոր մասնակիցների
22.09.2026 | 21:14
Սուրեն Պապիկյանը և ռազմական ոստիկանության պետը քննարկել են առաջիկա անելիքները
22.09.2026 | 21:00
Ադրբեջանը սառեցնում է «Խաղաղության կամուրջը»․ պատրաստ էինք հանդիպել՝ խնդիրներից խոսել, իրենք նպատակահարմար չգտան․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 20:44
Թրամփի՝ Nvidia-ի հետ գործարքը Հայաստանը դարձնում է ամերիկյան ԱԲ ենթակառուցվածների hամաշխարհային կենտրոններից մեկը․ Bloomberg
22.09.2026 | 20:32
Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ից գրեթե 259 հազար զինծառայող․ ԶԼՄ-ներ
22.09.2026 | 20:19
Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ը Ռուբեն Վարդանյանի ահազանգին է անդրադարձել
22.09.2026 | 20:10
Թաթայի ելույթի 1 րոպեն՝ 2 մլն 400 հազար դրամ․ որքան են գնահատվել մյուս արտիստների կատարումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 20:00
ՀՀ-ն աշխարհի թիվ 1 հակառուս երկրի անուն է հանել՝ ԵՄ-ին անդամակցելու ռեալ քայլ չանելով․ արնախումի հետ բանավիճում ենք․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:56
Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Փաշինյանից ու Ալիևից, անդրադարձել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ Խորհուրդն այսօր երեք տարով՝ մինչև 2029 թվականի սեպտեմբերի 22-ը, երկարաձգեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը խաթարելու կամ դրանց սպառնացող գործողությունների համար պատասխանատու անձանց և կառույցների նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցները։

Մինչ այժմ այդ պատժամիջոցային ցուցակները վերանայվում և գնահատվում էին յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։

Սահմանափակումները ներառում են ֆիզիկական անձանց համար ճանապարհորդական սահմանափակումներ, ակտիվների սառեցում, ինչպես նաև ցուցակված անձանց և կառույցներին դրամական միջոցներ կամ այլ տնտեսական ռեսուրսներ տրամադրելու արգելք։

Պատժամիջոցների վերանայման շրջանակում Խորհուրդը նաև որոշեց չերկարաձգել երեք ֆիզիկական անձանց և մեկ իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, ինչպես նաև ցուցակից հեռացնել երեք մահացած անձանց։

Դժվար փոխզիջում

Երկարատև քննարկումներից հետո ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները՝ դեսպանների մակարդակով (COREPER II), կարողացել էին քաղաքական համաձայնություն ձեռք բերել և հարցը փոխանցել Խորհրդին՝ գրավոր ընթացակարգով հաստատելու համար։

«Ռեժիմը պահպանելու համար մենք հասել ենք դժվար փոխզիջման»,- Բրյուսելում լրագրողներին տեղեկացրեց ԵՄ Խորհրդում Իռլանդիայի նախագահության խոսնակ Օուեն Ֆլավինը։

Ըստ նրա՝ սահմանափակող միջոցները կշարունակեն գործել մոտ 3,000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, իսկ նոր անունների ընդգրկման հարցը դեռ ընթացքի մեջ է։

ԵՄ պատժամիջոցների ցուցակից որոշ անձանց դուրսբերումը եղել է փոխզիջման մաս։ Խոսնակը նրանց անունները չհայտնեց։ Սակայն Լատվիայի կառավարությունը հայտարարությամբ տեղեկացրել է, որ խոսքը նաև ռուս գործարարներ Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի մասին է։ Երկուսն էլ ընդգրկվել էին ԵՄ պատժամիջոցների ցանկում 2022 թվականին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո։

Հենց այս երկու միլիարդատերերի հարցով ԵՄ անդամ պետությունները շուրջ երկու շաբաթ չէին կարողանում համաձայնության հասնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում անհատական պատժամիջոցների ցանկի երկարաձգման շուրջ։ Լրատվամիջոցների և դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց ցուցակից հանել պահանջում էին Ֆրանսիան ու Սլովակիան։

Սկզբնական ժամկետը՝ սեպտեմբերի 15-ը, անցնելուց հետո 27 անդամ պետությունները բացառիկ կարգով սահմանափակումները երկարաձգել էին ընդամենը յոթ օրով՝ մինչև սեպտեմբերի 22-ը, որպեսզի շարունակեն բանակցությունները։

 Եթե այսօր էլ որոշում չկայացվեր, ցուցակված անձանց և կառույցների նկատմամբ անհատական սահմանափակումների իրավական հիմքը կսպառվեր։

«Լատվիան դեմ է եղել քաղաքական դրդապատճառներով անձանց անհատական պատժամիջոցների ցանկից հանելուն և մինչև վերջ միակ ԵՄ անդամ պետությունն էր, որը դա արեց։ Դա բարոյապես ճիշտ դիրքորոշում էր, և մեր դաշնակիցները Ուկրաինայում գնահատում էին դա»,- ասել է Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը։

Լատվիան Խորհրդի որոշման ընդունման գրավոր ընթացակարգում ձեռնպահ է մնացել։

Մինչ այդ Լատվիայի կառավարությունը փակ նիստում համաձայնեցրել էր իր հետագա քայլերը՝ հայտարարելով, որ նպատակն է կանխել պատժամիջոցային ռեժիմի փլուզումը և պահպանել խիստ դիրքորոշումը Ռուսաստանի պատերազմի աջակիցների նկատմամբ։

«Սա լավ և վատ լուծումների միջև ընտրություն չէր, այլ վատ և շատ ավելի վատ տարբերակների միջև»,— ասել է Կուլբերգսը՝ բացատրելով, որ ընտրությունը երկու անձի կարգավիճակի փոփոխության և ավելի քան 3000 անձի ու կազմակերպության վերաբերող պատժամիջոցային ռեժիմի ապագայի միջև էր։

Միաժամանակ պաշտոնական Ռիգան հայտարարել է, որ կօգտագործի բոլոր իրավական գործիքները՝ Լատվիայում նրանց միջոցների ու տնտեսական ռեսուրսների ապասառեցումը կանխելու համար։

Ադրբեջանն ազատ կարձակի՞ ֆրանսիացիներին

ԵՄ անհատական պատժամիջոցների ցանկի երկարաձգման համար պահանջվում է բոլոր 27 անդամ պետությունների միաձայնությունը։ Ֆրանսիան և Սլովակիան պնդում էին, որ ցուցակից հանվեն գործարարներ Ալիշեր Ուսմանովն ու Միխայիլ Ֆրիդմանը, մինչ մի շարք այլ անդամ պետություններ և Ուկրաինան դեմ էին նման քայլին։

Ֆրանսիայի նախաձեռնությունը, ըստ տարբեր աղբյուրների, կապված է Ադրբեջանում պահվող ֆրանսիացի երկու քաղաքացիների ազատման հարցի հետ։ Ադրբեջանի դատարանը գործարար Մարտին Ռայանին 2026 թվականի մարտին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ Ֆրանսիայի օգտին լրտեսության մեղադրանքով։ Մարտին Ռայանը և Ֆրանսիան չեն ընդունում այդ մեղադրանքը։ Մյուս ֆրանսիացին Saur ընկերության փոխնախագահ Անաս Դերրազն է, որը Բաքվում կալանքի տակ է մոտ երկու տարի։ Նա սկզբում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, սակայն 2026 թվականի հունիսին Բաքվի վերաքննիչ դատարանը պատժաչափը կրճատել է մինչև 9 տարի։  Ըստ մեղադրանքի՝ Դերրազը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախկին թիկնապահ Ալեքսանդր Բենալան ռուս-ադրբեջանցի միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովին առաջարկել էին միջամտել նրա կալանավորված «Luna» զբոսանավի ազատման և միջազգային պատժամիջոցներից պաշտպանվելու հարցում՝ շինծու խորհրդատվական պայմանագրի միջոցով։ Մեղադրանքի համաձայն՝ դրա դիմաց Ահմեդովը Դերրազին փոխանցել էր 200,000 դոլար, իսկ Բենալային՝ 400,000 դոլար։

Փարիզը պաշտոնապես չի հաստատել, որ Ուսմանովի հարցը եղել է նրանց ազատման դիմաց առաջ քաշված պայման, իսկ Բաքուն հերքում է նման պայմանավորվածության կամ Ֆրանսիայի վրա ճնշում գործադրելու մասին պնդումները։ Սակայն Ադրբեջանը հայտարարել է, որ աջակցում է Ուսմանովին արևմտյան պատժամիջոցների ցուցակներից հանելու գաղափարին։

Ֆրանսիա-Լատվիա պայմանավորվածությունը

Լատվիայի կառավարության հայտարարությամբ՝ պատժամիջոցների հարցով բանակցություններին զուգահեռ Ռիգան առաջընթաց է արձանագրել Ֆրանսիայի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ։

Կուլբերգսի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել է սկսել քննարկումներ Լատվիայի՝ Ֆրանսիայի «Forward Nuclear Deterrence Initiative» նախաձեռնությանը հնարավոր միանալու վերաբերյալ, և ֆրանսիական պատվիրակությունը մոտ ժամանակում պետք է այցելի Լատվիա՝ բանակցություններ սկսելու համար։

Նրա խոսքով՝ Մակրոնը նաև պատրաստակամություն է հայտնել ուժեղացնել Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Լատվիայում, հատկապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։ Լատվիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին հանձնարարվել է մշակել երկրի դիրքորոշումը, համագործակցության մոդելը և հետագա բանակցությունների ժամանակացույցը։

Կարինե Ասատրյան

Բրյուսել