Բաքուն դիմել է Ինտերպոլին․ հայերին մեղադրում է Դադիվանքից խաչքարեր ու որմնանկարներ «գողանալու մեջ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.09.2026 | 20:19
Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ը Ռուբեն Վարդանյանի ահազանգին է անդրադարձել
22.09.2026 | 20:10
Թաթայի ելույթի 1 րոպեն՝ 2 մլն 400 հազար դրամ․ որքան են գնահատվել մյուս արտիստների կատարումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 20:00
ՀՀ-ն աշխարհի թիվ 1 հակառուս երկրի անուն է հանել՝ ԵՄ-ին անդամակցելու ռեալ քայլ չանելով․ արնախումի հետ բանավիճում ենք․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:56
Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Փաշինյանից ու Ալիևից, անդրադարձել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:50
Խոստումները կուտակվում են, ջուրը՝ ոչ․ ինչու ջրամբարները չեն կառուցվում
22.09.2026 | 19:39
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սև ծովում նավերի վրա հարձակումների դադարեցման հարցը․ Կրեմլ
22.09.2026 | 19:30
Բաքուն դիմել է Ինտերպոլին․ հայերին մեղադրում է Դադիվանքից խաչքարեր ու որմնանկարներ «գողանալու մեջ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:14
Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը բաց է ՄԱԿ-ում Իրանի հետ հանդիպման համար
22.09.2026 | 19:00
Կա առաջարկ՝ եկեղեցին հարկվի, ծախսերը տեսնենք, բայց պետությունը ՀԱԵ-ին վերադարձնի հարկերը․ օրենք է մշակվում․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 18:44
Վաղարշապատի կինոթատրոնի շենքը 55 հազար դոլարով օտարելու գործարքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
22.09.2026 | 18:29
«Խաղաշապիկ ամբողջ կյանքի համար». Մեսին ցուցադրել է հրաժեշտի հանդիպման համազգեստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 18:19
Իրանը պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի շրջափակումը
22.09.2026 | 18:10
Քրիստիննե Գրիգորյանը Բաքու է մեկնել // Թրամփը՝ ԱՄՆ-ում զինամթերքի պակասի պնդումների մասին․ ԼՈՒՐԵՐ
22.09.2026 | 18:02
Թուրքիայի դպրոցում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 11-ի
22.09.2026 | 17:51
Հայաստանի ու Մեքսիկայի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստը հրավիրվել է ԱՄՆ-ի Մ-17 հավաքական
Բոլորը

Գանձասարից հետո հերթը Դադիվանքինն է․ պաշտոնական Բաքուն այժմ էլ հայկական կողմին մեղադրում է Թարթառ գետի ափին գտնվող վանական համալիրում  վերականգնման աշխատանքներ իրականացնելու և,  իբր, գողության մեջ։ Մեղադրանքները հնչեցրել է Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան։ 

«Քելբաջարի շրջանից հեռանալիս օկուպացիոն ուժերը թալանել են Խուդավենգի վանական համալիրը, Հայաստան են տեղափոխել համալիրին պատկանող խաչերը, զանգերը և այլ տարրեր, այդ թվում՝ պատերից կտրել և հափշտակել են որմնանկարները, որոնք հետագայում արտասահմանում տարբեր ցուցահանդեսների ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի արվեստի գործեր»,- հայտարարել է Հաջիևան։ 

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ հայերը Դադիվանքում ռեստավրացիոն աշխատանքներ են իրականացրել 1997-2011 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական եկեղեցու միջոցներով։ 

Արցախի նախկին գործիչները չեն հերքում՝ այո՛, վերակառուցման աշխատանքներ միշտ են կատարվել, քանի որ այդ եկեղեցիները հայկական են։

«Իրենց հերթական սուտն է, որովհետև ես չեմ պատկերացնում որմնանկարների այդ հանումը, առավել ևս՝ 2020 թվականից հետո։ Այնտեղ կար խաղաղապահ ռուսական զորախումբը, բայց մինչև Դադիվանք հասնելն իրենց պահակետերն էին։ Այսինքն՝ եթե ինչ-որ մի բան հանել են, իրենց պահակետով պիտի անցներ․ այդ ո՞նց են հանել․ սա ցույց է տալիս իրենց այդ ամբողջ քարոզչական թեզի սնանկությունը»,- Factor TV-ի հետ զրույցում ընդգծում է Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Բաքուն, սակայն, միայն հայտարարություններով չի սահմանափակվել, որմնանկարների ու խաչքարերի վերաբերյալ տեղեկությունները ներառել է Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում, ինչը նախատեսում է նշված արտեֆակտները Ադրբեջանին վերադարձնելու պարտավորություն, եթե դրանք հայտնաբերվեն Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկի տարածքում։

«Ադրբեջանի ձեռքը բռնող չկա, ինչ ուզում՝ անում է։ Ինքը բոլոր կարմիր գծերն անցել է։ Միջազգային այն կառույցները, որոնք կոչված են հակամարտության գոտիներում զբաղվելու մշակութային ժառանգության պահպանությամբ, այսինքն՝ կարող են իրենք Սոմալիում, չգիտեմ, Աֆղանստանում, Եմենում, երբ քաղաքացիական պատերազմները երբևէ չեն դադարել, այնտեղ ինչ-որ աշխատանքներ կատարել մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, իսկ Արցախի հարցում բոլորը, կարծես թե, լուռ և խուլ են»,- նշում է Հովհաննիսյանը։

Տասն օր առաջ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել էր Գանձասարի վանական համալիր․ նա օտարերկրյա դիվանագետներին ցույց էր տվել հին հայկական ձեռագրերի կրկնօրինակներ, թերթել էջերը՝ նշելով, թե դրանք դատարկ են, կասկածի տակ դնելով հայկական ձեռագրական ժառանգության իսկությունը։ Երեկ Գանձասարն էր, այսօր՝ Դադիվանքը, վաղը, գուցե, այլ պատմամշակութային ժառանգության՝ հայկական լինելու հարցը Բաքուն կասկածի տակ դնի,  ասում են ընդդիմադիր պատգամավորները՝ մեղադրելով Փաշինյանի իշխանությանը։

«Սա ուղիղ հետևանք է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության և այն արձագանքի, որ տեղի է ունեցել մինչև այսօր: Առաջին հարցը՝ ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում խեղաթյուրել իրականությունը և միջազգային հանրությանը հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնում աղվանական, ալբանական կամ այլ երկրի: Մեկ պատճառով՝ որպեսզի խուսափի էթնիկ զտման պատասխանատվությունից և այն ամեն ինչից, ինչ իրականացրել է Արցախում: Դրա համար փորձում է վերացնել հայկական հետքը և ցույց տալ, որ Արցախը երբեք հայկական չի եղել»,- նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմությունն ընդգծում է՝ եթե Բաքվի այս հոխորտանքներին պետական բարձր մակարդակով կոշտ արձագանք լիներ հենց առաջին իսկ փորձից, նրանք այսօր Դադիվանքին չէին հասնի։

«Նիկոլ Փաշինյանն անոնսել էր, որ մեկնում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի նստաշրջանին: Կարծում եմ՝ դրանից ավելի հարմար ամբիոն չկա խոսելու Ադրբեջանի քաղաքականության մասին, որը միտված չէ խաղաղությանը, ավելին՝ մշակութային ցեղասպանության դրսևորում է, հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու, այդ ժառանգության ակունքները խեղաթյուրելու քաղաքականություն է»,- ասում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Փաշինյանը, սակայն, չի պատրաստվում պաշտոնական պատասխան հղել Բաքվին, պատճառաբանելով՝ անիմաստ է․ «Եթե մենք հիմա խնդիր ենք դնելու մեր առաջ գնալ, ադրբեջանցիներին ապացուցել, որ Գանձասարը հայկական ծագում ունի, դա, կներեք, անիմաստ և անիրագործելի խնդիր է, անիրագործելի։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր պետական ինստիտուտները, ամբողջ հայ ժողովուրդը բոլոր գործերը թողնի և սկսի Ադրբեջանին ապացուցել, որ գիտեք՝ ինչ, Գանձասարն ալբանական չի, հայկական է, դա անիմաստ գործողություն է, այսինքն՝ դա ոչ մի բանի չբերող գործողություն է»։

Եվ մինչ Փաշինյանը Բաքվին հակադարձելն անիմաստ է համարում, Ալիևն այսօր նոր մեղադրանքներ է հնչեցրել․ նրա խոսքով՝ Քելբաջարի, Լաչինի և Զանգելանի շրջաններում հայկական պետության կողմից ոչնչացվել, թալանվել, հատվել և վաճառվել է անտառային ֆոնդի 60 հազար հեկտար տարածք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան